Երեւանը Բաքվին հիշեցրել է բռնատիրական ռեժիմների վախճանի մասին - Mediamax.am

6456 դիտում

Երեւանը Բաքվին հիշեցրել է բռնատիրական ռեժիմների վախճանի մասին


Էդվարդ Նալբանդյանը
Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ «Հայաստանը եւ Ադրբեջանը չեն կարող մրցակիցներ լինել ժողովրդավարության, հանդուրժողականության, մարդու իրավունքների, տնտեսական ազատությունների, մամուլի, խոսքի եւ այլ հիմնարար ազատությունների առումներով»։

Նախարարն այդ մասին ասել է՝ Արմինֆոյի համար մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, թե ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթաց չկա, քանի որ «Հայաստանը խաղաղություն չի ուզում»։

 

«Խաղաղության ձգտելը առաջին հերթին նշանակում է խաղաղություն քարոզել, ոչ թե պատերազմ։ Խաղաղության ջատագով կողմը չի դիմում դիվերսիոն հարձակումների, կոպտորեն չի ոտնահարում միջազգային մարդասիրական իրավունքը, մշտապես չի խախտում զինադադարի ռեժիմը եւ հրաժարվում ստեղծել զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ։

 

Իսկ համեմատությունների առումով. առաջին անգամ չէ, որ Բաքվում փայփայում են այն միտքը, թե իբր Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող մրցակից լինել, հետեւաբար Հայաստանը պետք է միակողմանի զիջումների գնա։ Ադրբեջանում կարծում են, թե փողով կարող են հեղինակություն ձեռք բերել, բարեկամներ գնել, ինչ-ինչ կասկածելի բանաձեւեր անցկացնել եւ դա ներքին լսարանին ներկայացնել որպես ձեռքբերում, հեղինակության ապացույց։

 

Իհարկե, Հայաստանը եւ Ադրբեջանը չեն կարող մրցակիցներ լինել ժողովրդավարության, հանդուրժողականության, մարդու իրավունքների, տնտեսական ազատությունների, մամուլի, խոսքի եւ այլ հիմնարար ազատությունների առումներով։ Վերջին տարիներին մենք ականատես եղանք, թե ինչ պատահեց ոչ պակաս հարուստ եւ ինքնագոհ բռնատիրական ռեժիմների հետ։ Մեր պետությունների եւ հասարակությունների զարգացման տրամաբանությունը եւ ուղղվածությունը հակադարձ համեմատական են», - ասել է Նալբանդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին