Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը մտահոգություններ ունի - Mediamax.am

exclusive
21898 դիտում

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը մտահոգություններ ունի


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանն այսօր Մեդիամաքսի հետ զրույցում ասել է, որ Երուսաղեմի հոգեւոր բոլոր պետերը միասնական նամակ են հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ մտահոգություն հայտնելով Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ նրա հայտարարության առնչությամբ։

 

«Կարծում ենք, որ այդ հայտարարությանը կարող են հետեւել բախումներ, նոր բռնություններ, եւ եղած տառապանքը կավելանա։ ԱՄՆ նախագահին կոչ ենք արել վերանայել իր հայտարարությունը»,- ասել է Հայոց պատրիարքարանի  դիվանապետը։

 

Նրա խոսքով՝ հայտարարությունից հետո հնարավոր ամեն տեսակի լարվածություն անմիջական ազդեցություն կարող է ունենալ տեղի հայերի եւ Հայոց պատրիարքարանի վրա։

 

«Մամուլից տեղեկացանք, որ Պաղեստինում արդեն իսկ բողոքի ակցիաներ են իրականացվում։ Մենք ցանկանում ենք, որ կողմերը կարողանան բանակցությունների միջոցով խնդիրը լուծել»,- ասել է նա։

 

Երուսաղեմի Հայ դատի ատենապետ Հակոբ Սեւանն էլ Մեդիամաքսին փոխանցել է, որ տեղի հայերի մոտ «սպասողական վիճակ» է։

 

Նրա խոսքով, Թրամփի հայտարարությանը Իսրայելը երկար էր սպասել, բայց այն չի կարող օգնել կողմերի միջեւ խաղաղության հասնելուն։

 

«Պետք է սպասել եւ տեսնել՝ ի՞նչ կլինի։ Նման հայտարարություններ շատ կարող են լինեն, բայց երկու ժողովուրդները պետք է կողք կողքի խաղաղ ապրեն», - ասել է Հակոբ Սեւանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին