Անուշ Հարությունյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը - Mediamax.am

3650 դիտում

Անուշ Հարությունյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը


Անուշ Հարությունյանը
Անուշ Հարությունյանը

Մարդասիրությունը արվեստների արվեստն է: Ինչպես լավ երաժիշտը կամ նկարիչն է իր ստեղծագործությամբ լույս սփռում հնչյուններով և կտավից, այնպես էլ լավ մարդ լինելով յուրաքնաչյուրն իր հոգու լույսն ու ջերմությունը բաժանում է իր նմաններին: Մենք լուսավորվում ու թևեր ենք առնում արվեստից, որի հիմքում սերն է, մենք ապրում և արարում ենք մարդասիրության կենարար լույսով:  

 

Մարդասիրությունն է այն բարձրագույն գաղափարը, որին հանգել է ինքը` գիտակից մարդն իր գոյության հազարամյակներ ընթացքում: Ավաղ այն այսօր այն ավելի շատ մեծ իդեալ և փոքր իրականություն է:

 

Ասում են` լավ գործերը շղթայական փոխանցվելու հատկություն ունեն: Այսօր, աշխարհում տիրող այս քաոսային պայմաններում, ավելի, քան երբևէ այս խոսքերին հավատալու և հետևելու պահանջմունք, վստահ եմ, զգում են շատերը: Բարեբախտաբար կան բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց գործունեությամբ մեզ սովորեցնում են մարդասիրության արվեստը: Մարդիկ, ովքեր այս մեծ աշխարհի մի մասնիկը զգալով իրենց, անմնացորդ նվիրվում են այլ մարդկանց օգնելուն և պաշտպանելուն:

 

Մարդասիրությունը սկսվում է անհատից ու տարածվում աշխարհում, արձագանք գտնում այլոց սրտերում: Ես խորապես հավատացած եմ, որ գալու է մի օր, երբ գնահատվելու է մարդկային կյանքը` որպես բարձրագույն արժեք:

 

Շատ քիչ ժամանակ է անցել աշխարհի մեծագույն արհավիրքից` Երկրորդ Համաշխարհային պատերազմից, որից հետո, թվում էր, եկել է Մարդուն արժևորելու, նրա կյանքի, արժանապատվության, երջանիկ լինելու իրավունքները հարգելու և պաշտպանելու դարաշրջանը: Սակայն նայենք այսօրվա աշխարհին` պատերազմներ, ահաբեկչություններ, փախստականների անվերջանալի թվացող հոսք, մահ…, Ատելությունը, խտրականությունը, հզորության ու փառքի ետևից մրցավազքը, քսենոֆոբիան անվերջանալի տենդի նման ցնցում են Երկիր մոլորակը, ու այս հախուռն թոհուբոհի մեջ կորչում է ամենակարևորը` Մարդը:

 

Ամեն օր մենք լսում ենք աշխարհի տարբեր անկյուններում զոհերի մասին. վիճակագրության վերածվող կյանքեր, ոչինչ չասող թվեր: Մինչդեռ յուրաքանչյուր մարդ մի տիեզերք է, մի աշխարհ` իր երազանքներով, ձգտումներ, հուզումներով, անհագստություններով, լավատեսությամբ, ուրախություններով, թախիծով ու արցունքներով, ծիծաղով ու լացով:

 

Մարդու հանդեպ սիրո ու կարեկցանքի պակասն է բոլոր չարիքների հիմքը: Ու՞մ չհուզեց  ծովափին ընկած սիրիացի խեղդված 3-ամյա երեխայի մահը: Բոլորս սիրով, ցավով ու կարեկցանքով լցվեցինք այդ մանկան նկատմամբ, ավաղ` հետմահու: Մինչդեռ սերը, հարգանքը, ըմբռնումն ու կարեկցանքը մեր նմանների նկատմամբ պետք է այսօր ունենանք մեր սրտերում, այլապես վաղը կարող է ուշ լինել: Մարդասիրություն է երբ նայում ես ուրիշին ու քեզ ես տեսնում, քանզի և ոչ մեկն ապահովագրված չէ այն ճակատագրից, որին այսօր արժանացել է թշվառ վիճակում հայտնված մարդը: Նայել օգնության կարիք ունեցող երեխաներին և տեսել սեփական երեխաներին, նայել ջերմության  և հոգատարության կարիք ունեցող ծերերին և տեսնել քո ծնողներին, նայել անհույս մնացած ու կյանքի հատակը նետված երիտասարդին ու ինքդ քեզ տեսնել: Մեծ պոետն ասում էր. «Լինես, մնաս ամենքի հետ, Նրանց կամքին հպատակվես, «Ես»-դ խառնես մեծ «Մենք»-ի հետ, Նրանց ցավով լուռ տապակվես»: Մարդասիրությունը նաև զգալու արվեստ է, որը մի անգամ սովորելով այլևս դառնում է կենսակերպ:

 

Որպեսզի մարդասիրությունը գործնականում դառնա բարձրագույն արժեք, հարկավոր է, որ այն առաջ մղվի ոչ միայն անհատների, այլև պետությունների կողմից, որոնք օժտված են իշխանությամբ և մեծ ազդեցությամբ: Գերմանիայի կողմից վերջերս Հայոց Ցեղասպանության ճանաչումը վառ և անհերքելի օրինակ է այն բանի, որ մարդկային կյանքի դեմ ձեռնարկված հանցագործությունները չունեն ժամկետ և թեկուզ հարյուրամյակներ անց ենթակա են դատապարտման: Հայոց Ցեղասպանության ճանաչումը դուրս է ազգային շրջանակներից, այն համամարդկային ողբերգության փաստի ընդունման և այլևս նման հանցագործությունը բացառելու ակտ է:

 

Եվ այսպես` քայլ առ քայլ, թե' մարդիկ` անհատական մակարդակում և թե' պետությունները բարձրագույն հարթություններում յուրացնելու և տարածելու են մարդասիրությունը` մարդ լինելու արվեստը, որը թեկուզև հեռավոր ապագայում կայանալու է որպես գերագույն արժեք: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին