Տիգրան Պետրոսյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

5620 դիտում

Տիգրան Պետրոսյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Գյումրվա արևը թամբալորեն սկսեց սահել իր նոյեմբերյան ցածր ուղեծրով, կարծես ուզում էր տաքանալ մեր մոլորակից արտացոլվող իր իսկ ջերմությանից, նոյեմբերյան ցուրտ գիշերվանից հետո: Դրսում ցուրտ էր. պարզկա ցուրտ: Քաղաքիս քսանութամյա փոշու վրա ղռավ* էր դրել: Բայց այս ամենն այդ առավոտ իմ հետ քիչ կապ ուներ:

 

Կիսատ քնից նոր էի արթնացել. հիշելով որ շաբաթ առավոտյան կարիք չունեմ որևէ տեղ շտապելու, սկսեցի հանգիստ վայելել մահճակալիս պարունակությունը: Ես և Արևս միասին զբաղեցրել էինք մեր մահճակալի մոտ քառասուն տոկոսը, իսկ մնացած վաթսունում իր մանր թևիկները փռած քնի մեջ ճառագայթում էր մեր սեպտեմբերյան հրաշքը: Գիտակցաբար ու ենթագիտակցաբար, երկուսով, միմյանցից անկախ, առավելագույնս սեղմվել էինք, գիշերվա ընթացքում մեզ հյուրընկալված այդ փոքր խատուտիկի համար հնարավորինս շատ տեղ բացելով:  Վերմակի տակից դուրս մնացած մեջքիս սառնությունը ստիպեց ուղեղիս ավելի լավ ֆիքսել այդ պահը և վայելել աչքիս տեսարանի քաղցրությունը:

 

Արևիկս խորը քնած էր: Վաղ առավոտվա այս մի քանի ժամերն օրվա այն փոքր միջակայքն է, երբ նա կարողանում է փակել իր հոգնած, երջանիկ աչքերը վերջին երկու ամիսների ընթացքում: Այո, մեր փոքրիկը հիմիկվանից ակտիվ գիշերային կյանքի սիրահար է: Մի պահ հայացքս սևեռվեց կնոջս հարազատ դեմքի վրա և հիշեցի, որ դրան նախորդող օրն աչքովս անցել էր մի մրցույթի հայտարարություն, որով առաջարկվում էր տղամարդկանց շարադրել իրենց մտքերը «Իմ կինն իմ ընկերն է» թեմայով.

 

«Իմ կնիգս, իմ ընկերս է. կնիգս, ընկերս է...» - միտքը պտտվեց մի քանի անգամ գլխումս, իսկ այդ ընթացքում հայացքս մանրակրկիտ զննում էին այդքան ծանոթ դիմագծերը:

 

«Բայց կնիգս միայն ընկե՞րս է» - հարց տվեցի ինքս ինձ. - «տեսնիս ո՞ւմ մտքով է անցել նման հարցադրում անել.»

 

Ինքս ինձ համոզեցի, որ հավանաբար մարդիկ են սահմանել այս թեման, ովքեր նոր են անցնում կնոջ և տղամարդու միասնականության երկնային և երկրային ճանապարհների հատումների առաջին խաչմերուկները (մրցույթի հարգելի կազմակերպիչներ կներեք կարծրատիպային մոտեցմանս համար): Այո, մի քանի մեծ Մարդ իրենց ընտանեկան կյանքի ճանապարհների եզրագծերում խոսել են կնոջ ու տղամարդու հարաբերություններում ընկերության բաղադրիչի կարևորության մասին, բայց հիմա երբ այդ ճանապարհի վրա ես, երբ գրկումդ ունես երկու հրաշք բալիկ, իսկ հետևումդ անցած մեծաքանակ ուրախ ու տխուր պահեր, բաժանումներ և դրանցով քաղցրացող միացումներ, միասին շնչած ու արտաշնչած հազարավոր խորանարդ մետրեր, շատ դժվար է ֆիքսվել միայն ընկերական զգացողությունների վրա:

 

Ասել որ իմ կինն իմ ընկերն է, դա նշանակում է շատ քիչ բան ասել իր, իմ և մեր մասին:

 

Իմ կինը նաև իմ ընկերն է. սա կհաստատեն բոլոր երջանիկ զույգերը:

 

Կեսօրին մոտ ղրավը հալեց, և ինչպես սիրում է ասել ռոքնռոլշիկ վարպետ Մհերը՝ թոզի** վրա թոզ դրեց:

 

*- եղյամ (գյումրվա բարբառ)

**- փոշի (գյումրվա բարբառ)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին