Վահե Բաղինյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

6316 դիտում

Վահե Բաղինյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Ասում են, երբ Ադամը, մենակության անտանելի թեթևությունը գրկած, տխրությունն էր խեղդում  հարբեցողությամբ ու Աստված գիտի (չնայած այդ ժամանակ էլ ո՞վ կարող էր իմանալ) է՛լ ինչեր էր անելու, հրեշտակները խղճացել են նրան ու լուրը հասցրել Աստծուն: Ծերուկը սկզբում դժկամությամբ շարժել է ալեհեր գլուխն ու ջղայնացած հայհոյել կողքին նստած Լյուցիֆերին: Բայց հետո հանդարտվել է, ժպտացել ու մորուքը շոյելով՝ փնթփնթացել. «Անխե՛լք մարդ, հետո ինձ չմեղադրե՛ս»: Որովհետև Ծերուկը շատ վաղուց գիտեր, որ երկուսով երբեմն շատ ավելի միայնակ ես, քան երբ մենակ ես ինքդ քեզ հետ: Օրեր են անցել: Պատկերացնում եմ՝ որքան է զարմացել Արարիչը, երբ մի օր հրեշտակները նրան են հասցրել Եվայի խնդրանքը: Այդ խնդրանքի մասին ոչ ոք չի խոսում: Նույնիսկ Աստծո զայրույթից թաքնվող Լյուցիֆերը: Բայց դժվար չէ գուշակել: Կարծում եմ՝ Եվան Աստծուց երջանկություն է խնդրել, մի բուռ երջանկություն՝ երկուսի համար: Զարմանալի չէ, Եվան կին էր ու դա բավական էր, որ նա  ճիշտ լիներ:

 

Այն գիտակցումը, որ կյանքդ ոչ միայն ավարտվելու է, այլև ավարտվելու է շատ կարճ ժամանակում, ստիպում է իմաստավորել ապրածդ ամեն վայրկյանը ամենահարազատ մարդու՝ կնոջդ հետ: Մեզ շրջապատող իրականությունը ընդամենը մեր ընկալումների, ընտրությունների արդյունքն է: Ամեն մի ընտրություն մի նոր իրականություն է ստեղծում: Իրականություն, որի անգույն պատճենը գունավորվում է կնոջ ընկերակցությամբ: Ընկեր, որն ամեն ինչ գիտի քո մասին, բայց, ի զարմանս քեզ, շարունակում է սիրել քեզ:

 

Փոքր տարիքում ծաղրում էի Ադամին, մինչև հայտնվեց իմ «Եվան»: Զարմացա, որովհետև հրեշտակների հետ մենակության դառնությունը անխոս էի խմում: Առանց բողոքելու: Երևի ինչ-որ մեկը Ծերունուց նորից երջանկություն էր խնդրել իմ փոխարեն: Սերն առանց հարցնելու բռնեց երկուսիս ձեռքից, մայրական քնքշությամբ շոյեց, հետո հոգատար հոր պես առաջնորդեց մեզ դեպի խորան: Որտեղ իմաստուն լռությամբ հասկացրեց, որ սերը բնության այն խորհրդավոր երևույթներից մեկն է, որը հեշտությամբ ստիպում է քեզ անել այն, ինչ պարտավոր ես, բայց չես անում: Այսինքն՝ սիրո դեմ կա միայն մեկ միջոց՝ ավելի շատ սիրել: Հատկապես, երբ գիշերները արթնանում ես՝ ձեռքիդ մեջ զգալով նրա ջերմ ու պաշտպանություն ակնկալող նուրբ մատները, երբ առավոտյան արևի շողերի հետ զգում ես դեմքիդ վրա հալվող համբույրները, երբ անելանելի իրավիճակներում լսում ես ականջիդ շշնջացող. «Ամեն ինչ լավ կլինի» մոգական բառերն ու զգում փրկարար օղակի պես քեզ փաթաթվող ձեռքերը, երբ գլուխդ դնում ես նրա որովայնին ու զգում այդ սիրուց առաջացած հրաշքի փոքրիկ ոտքերի հարվածները: Ահա՛ թե ով  է կինը: Կինը հրազենից արձակված գնդակ է՝ խախտված ծանրության կենտրոնով, որը մտնում է սիրտդ, հարվածում բանականությանդ, պտտվում, խառնում ներսումդ ամեն ինչ ու մնում այնտեղ: Ընդմի՛շտ: Ի սկզբանե քեզ օտար, բայց անհրաժեշտ: Նա միշտ քո ներսում հանգրվանելու կարիք ունի. քեզանից դուրս նա գոյություն չունի:

 

Հոգեբանները միշտ զարմացրել են ինձ, երբ փորձել են հասկանալ կնոջը: Հիմա եմ հասկանում, թե ինչու են նրանցից շատերը հայտնվել հոգեբուժարաններում: Պե՛տք չէ հասկանալ կնոջը: Ինչո՞ւ: Որովհետև  երջանկություն ցանկացող կինն ընդամենը պետք է լավ հասկանա տղամարդուն ու մի փոքր էլ սիրի, իսկ երջանկություն ցանկացող տղամարդը պետք է անսահման սիրի կնոջը և ընդհանրապես չփորձի հասկանալ նրան: Քանի որ կնոջը հասկանալու մի քանի միջոց կա, որոնցից ոչ մեկը առ այսօր չի աշխատել: Այո՛, հարգելի՛ տղամարդիկ, կին լինելը շատ դժվար է, որովհետև հիմնականում գործ են ունենալու տղամարդկանց հետ: Իսկ ընդհանրապես, կին չեն ծնվում, կին դառնում են տղամարդու կողքին: Կնոջ ընկերակցությունը Աստծո և տղամարդու մտադրությունն է եղել, իսկ այդ ընկերակցությունը սիրով երջանկացնելը եղել է կնոջ ցանկությունը: Սերն Աստծո ձայնն է, որը հնչում է մեր հոգիներում: Հոգին մեզ պետք է սիրուն հանգրվան տալու համար: Իսկ սերը ինքդ քեզ կնոջդ մեջ կորցնելու ու այնտեղ հավերժ հանգրվանելու ճանապարհ է: Ընդամենը ասել, որ իմ կինն իմ ընկերն է՝ նշանակում է չասել ոչինչ: Կնոջն անհրաժեշտ է միայն սիրել, անկեղծ ասած՝ այլ բան չի էլ ստացվում: Գրո՛ղը տանի, չէ՞ որ կնոջ նկատմամբ սերն աշխարհը լցնում է գեղեցկությամբ: Աշխարհը առանց կնոջ, իհարկե չէր քանդվի, բայց իմաստ էլ չէր ունենա չքանդվելու: Ոմանք ասում են՝ կյանքի առաջացումը  պատահականություն է, ոմանք  էլ՝ հրաշք: Չեմ հասկանում. կա՛մ գիտնականներն են ցնդել, կա՛մ հոգևորականները: Ես անձամբ գերադասում եմ հրաշքի հավանականությունը: Որովհետև բնությունից հետո երկրորդ հրաշքը կինն է: Կյանք պարգևելը հրաշք չէ՝ ի՞նչ է: Ուրիշ որտե՞ղ, ո՞ր կրծքի տակ կարող ես լսել երկու սրտի բաբախոց:

 

Իմ կինն իմ ընկերն է: Այս արտահայտությունն արդեն ճակատագիր է դարձել: Իսկ ի՞նչ է ճակատագիրը: Հավանականությունների հանրագումար: Կյանքը հետաքրքիր է, երբ խաբում ես ճակատագրին: Այո՛, մենք միասին խաբում ենք ճակատագրին, քանի որ հավանականությունները փոխարինում ենք հրաշքներով:

 

Անցած օրն իմ բաժակակից հրեշտակներն էին այցի եկել: Պատմում էին, որ Ծերուկն ինքն էլ արդեն ձանձրանում է մենությունից: Հետաքրքիր է, եթե Նրա համար երջանկություն խնդրենք, կկատարի՞ մեր խնդրանքը…

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին