Սեւակ Գեւորգյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

7332 դիտում

Սեւակ Գեւորգյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Շատ շատերը կարող են գտնել միլիոնավոր բառեր ու պատմել, թե ինչ լավն է իրենց կինը, բայց քչերն են, որ ապրում են զգալով դա…

 

Ես ամուսնացա, երբ արդեն երեսուն էի: Աշխատում էի ատենախոսությանս վրա, խոշոր ընկերություններից մեկի գլխավոր տնօրենն էի, ֆինանսապես ապահովված էի: Մենք ճանաչում էինք իրար, գրեթե, հինգ տարի, ապրում էինք միասին և երբ պետք է ծնվեր մեր առաջնեկը, որոշեցինք ամուսնանալ…

 

Ամեն ինչ ընթանում էր հոյակապ, ինչպես լինում է ֆիլմերում: Նա կտավին էր հանձնում իր աշխարհի գույները, ցուցահանդեսի մասին էր մտածում, ես՝ ամբողջ աշխատանքային շաբաթը լարված աշխատում էի, անգամ լինում էր, որ գործուղման էի մեկնում և տուն չէի գալիս, թեկուզ՝ հանգստյան օրերին: Լրիվ «հոլիվուդ»…

 

Անցած տարվա գարնանը հերթական գործուղումս էր Սյունիքի մարզ: Վերադառնալիս մերկասառույցի կամ գուցե գերհոգնած լինելու պատճառով վթարի ենթարկվեցի…  Ինձ մոտ այդպես էր: Միշտ ապավինում էի երիտասարդ, ուժեղ լինելուս և հոգնածությունը մի կողմ դրած, ձգտում էի րոպե առաջ տուն հասնել: Այնքան ափսոս էին աշխատանքային կորցրած ժամերս: Ժամերս՝ առանց նրա:

 

Ծառայողական մեքենաս տեսնողները չէին հավատում, որ վարորդը ողջ է մնացել, իսկ ես՝ երկու ոտքերս և աջ ձեռքս փշրված, պառկած էի հիվանդանոցում…

 

Ինձ անընդհատ այցի էին գալիս ընկերներս, բարեկամներս, աշխատակիցներս, անգամ՝ մեր ընկերության սեփականատերը: Կինս երեխայի օրորոցը դրել էր հիվանդասենյակում և ամբողջ ժամանակ ինձ մոտ էր…

 

Մոտ երեք ամիս անց կրկին տեսակցելու եկավ սեփականատերը, ներողություն խնդրեց և ասաց, որ ցավում է, բայց բոլոր գործերը խառնվել են իրար և ստիպված է նոր մարդու նշանակել իմ փոխարեն: Գուցե ժպտացի, չեմ հիշում…

 

Տղաս և ես միաժամանակ սկսեցինք քայլել: Արդեն վեց ամիս է: Մի քանի անգամ կարողացել ենք իջնել բակ: Դեռ մեկ շաբաթ էլ չկար, ինչ սկսել էի քայլել, երբ կինս ասաց, որ աշխատանք է գտել, խնդրեց, որ ցերեկները երեխային ես պահեմ: Մեր բոլոր խնայողություններն արդեն վերջացել էին և աշխատանքն անհրաժեշտ էր: Ինձ պատմեց, որ արվեստի դպրոցում նկարչության ուսուցչուհի պիտի աշխատի…

 

Արդեն վեց ամիս է, որ ամեն օր աշխատանքից վերադառնում է տուն, ես գրկում եմ նրան, բայց չեմ ասում, որ գիտեմ, որ ոչ մի արվեստի դպրոց էլ չկա, որ շաբաթ կիրակի բոլոր տեսակի դպրոցները փակ են լինում, որ թեև երբեք դրանց հետ չեմ առնչվել, բայց գիտեմ, որ մինչև 21:00 ոչ մի ուսուցչուհի չի աշխատում, որ ոչ մի ուսուցչուհու այնքան չեն վարձատրում, որ կարողանա տան բոլոր ծախսերը հոգա, երեխայի համար կեր և տակդիր առնի: Չեմ ասում, որ գիտեմ, որ ինչ – որ տեղ վաճառողուհի է աշխատում, չեմ ասում, որ գիշերներն այնքան խորը չեմ քնում և լսում եմ, թե ինչպես է մինչև լուսադեմ ինչ – որ բաներ թխում խոհանոցում և իր հետ տանում ու հետևից ամեն ինչ մաքրում, հավաքում, օդափոխում, որ ես չիմանամ: Այս ընթացքում ես երբեք չեմ հարցրել, թե ու՞ր են իր նկարած հարյուրավոր կտավները, որոնք, երբ մի անգամ կատակով առաջարկեցի վաճառել, զգացի, թե ինչպես են արցունքոտվում աչքերը… Ամեն օր նա գալիս է տուն հոգնած, ես գրկում եմ նրան ամուր` ամուր, և ոչինչ չեմ ասում… Նա ինքն էլ երբեք բառի կարիք չի ունեցել… Մենք ուղղակի սիրում ենք իրար: Եվ վերջ…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին