Վարուժան Ղուշչյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

5286 դիտում

Վարուժան Ղուշչյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Ես ապրում եմ հայ-ադրբեջանական սահմանին… Դատավճռի պես է հնչում, չէ՞… Կարծես դատապարտված լինեմ վաղ թե ուշ, ինչպես ինձ նման շատ շատերը, թողնել ծննդավայրս ու գնալ ավելի ապահով տեղ փնտրելու: Բայց ես չգնացի… Ավելին, հանդգնեցի սիրահարվել… Ես՝ հայ-ադրբեջանական սահմանին ապրողս, համարձակվեցի սիրահարվել մեկին, ով ուներ բարձրագույն կրթություն՝ գերազանցության դիպլոմով, հեռանկարային աշխատանք, ուրիշ ապագայի հույսեր… Բայց նա թողեց ամեն ինչ ու եկավ սահման՝ հանուն ինձ: Դեմ գնաց բոլորին, հաշվի չառավ նույնիսկ ամենամտերիմ մարդկանց խոսքը՝ միայն ինձ հետ լինելու համար:

 

Ասում են՝ հարուստ է այն մարդը, ով լավ ընկերներ ունի: Իսկ պատկերացրեք, մի մարդու հարստության չափը, ով ունի այնպիսի ընկեր, ում կարող է անվերապահորեն վստահել, պատմել իր վախերի ու թերությունների մասին՝ չամաչելով դրանցից, ում հետ կարող է հանգիստ սրտով հաց, ճակատագիր, նույնիսկ անկողին կիսել: Ես այդչափ հարուստ ու բախտավոր մարդ եմ, քանի որ գտել եմ նրան՝ իմ լավագույն ընկերոջը, ի՛մ Մարիամին:

 

«Ի՞նչ,Որտե՞ղ,Ե՞րբ»-ը ստեղծելիս Վորոշիլովն ու Ստեցենկոն երևի չէին էլ կարող պատկերացնել, որ մի օր  իրենց շնորհիվ մեր ընտանիքն է լույս աշխարհ գալու: Մի ամսից մի քիչ ավելի է, ինչ «ընկերացել» եմ այս խենթի հետ, բայց արդեն կյանքս առանց նրա դատարկ ու անիմաստ եմ համարում: Իսկ երբ պատկերացնում եմ, որ ընդամենը մեկ տարի է, ինչ նա կա իմ կյանքում, դժվարանում եմ հավատալ: Ախր նա հաստատվել է իմ ամեն բջջի,  կյանքիս դրամայի յուրաքանչյուր արարի մեջ և, բախտի բերմամբ, թե պատահմամբ, չի էլ պատրաստվում հեռանալ: Չնայած, եթե նույնիսկ այդպիսի ցանկություն էլ ունենար, վստահ եմ՝ անմիջապես կփոխեր միտքը, քանի որ չափազանց բարի է՝ միանգամից երկու մարդու դժբախտացնելու համար:

 

Ճիշտ է, նա երբեմն ուտում է կյանքս իր կամակորություններով, իմ կամքին հակառակ կտրել է մազերը, դեմքին տարատեսակ հոտերով տարօրինակ բաներ է քսում, գիշերվա կեսին ինձ արթնացնում է, որպեսզի սիրո խոստովանություն անի, բայց դե էլ ո՞ր օրվա ընկերն եմ, որ այս ամենի պատճառով երես թեքեմ նրանից:

 

Ես վստահ եմ, որ մեր «ընկերությունն» ամբողջ կյանքի համար է, որ տարիների ընթացքում մեր սերը չի ծերանալու, փոշուց չի խամրելու, չի հնանալու, տարիները միայն ավելի ու ավելի են քաղցրացնելու այն:

 

Իմ կինն իմ ընկերն է՝ ուրախ, թե տխուր, հարուստ, թե աղքատ, հիվանդ թե առողջ պահերին: Մենք որոշել ենք՝ մնալու ենք այստեղ՝ սահմանին, իսկ պարբերաբար հնչող կրակոցները, եթե այդպիսիք լինեն, ընդունելու ենք միայն որպես հրավառություն՝ մեր հերթական երեխայի ծնունդին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին