Շառլ Ազնավուր. «Մոտեցեք ճիշտ դռներին եւ բացեք դրանք» - Mediamax.am

exclusive
127830 դիտում

Շառլ Ազնավուր. «Մոտեցեք ճիշտ դռներին եւ բացեք դրանք»

Շառլ Ազնավուրը
Շառլ Ազնավուրը

Լուսանկարը` Nicolas Aznavour

Լուսանկարը`


Շառլ Ազնավուր` անուն-ազգանուն, որ կարելի է հնչեցնել աշխարհի ցանկացած անկյունում եւ ածականներ չփնտրել նրան ներկայացնելու համար։ Տաղանդ, որ տարիներ շարունակ գրավում է իր հանդիսատեսին, կենդանի լեգենդ, որով տարվում եւ փորձում են բացահայտել բոլորը։

 

2017 թվականի ապրիլի 5-ին Մոսկվայի Կրեմլյան պալատի բեմում հանդես գալու նախօրեին մաէստրոն Մեդիամաքսի փարիզյան թղթակցին պատմել է իր արմատների, համաշխարհային ճանաչման գաղտնիքների եւ հայ արտիստների մասին։

 

- Մաեստրո, արտիստները հաճախ ճանաչված են լինում միայն իրենց երկրում։ Սա, իհարկե, Ձեր տարբերակը չէ։ Ո՞ րն է բոլոր ազգերի կողմից սիրված լինելու Ձեր գաղտնիքը։

 

- Ես միշտ ձգտել եւ ձգտում եմ դեպի իմ հանդիսատեսը, լեզուներ եմ սովորում, փնտրում եմ թարգմանիչներ։ Ես կարծում եմ, որ արտիստն իր հանդիսատեսի հետ պետք է իր լեզվով խոսի։ Սա է պատճառը, որ ես 7 լեզվով եմ երգում եւ փորձում եմ բեմից հանդիսատեսի լեզվով խոսել։ Այս տարի ես սկսել եմ ճապոներեն սովորել։

 

Բացի այդ, ես շատ հետաքրքրասեր եմ եւ ինձ համար երբեք սահմաններ չեմ դրել, ինձ հետաքրքիր է եղել այլ մշակույթներ բացահայտել, գրավել աշխարհի տարբեր մասերում գտնվող մարդկանց սրտերը եւ ես ամեն ինչ եմ արել դրա համար։ Սա նաեւ ֆիզիկական մեծ աշխատանք է։ Երբ երիտասարդ էի, մեկ օրվա մեջ երեք համերգ էի ունենում` ցերեկը, երեկոյան եւ գիշերը։ Վերջին չվերթով թռչում էի մեկ այլ քաղաք եւ հաջորդ օրը շարունակում նույն ոգով։ Քչերը կարող են նման ռիթմի դիմանալ, երեւի դա է պատճառը, որ 92 տարեկանում դեռ շարունակում եմ ելույթներ ունենալ ամբողջ աշխարհում։

 

-Դուք անչափ սիրված եք Հայաստանում, Ձեր յուրաքանչյուր խոսք կարեւոր է մեր հայրենակիցների համար, կուզենայի՞ք ինչ-որ բան ասել նրանց այսօր։

 

-Ամենակարեւոր խոսքերը ես արդեն ասել եմ իմ երգերում։

 

- Ի՞նչ կասեք Հայաստանի ճակատագրի վերաբերյալ։ Արդյոք կարծո՞ւմ եք, որ բանալին մեր ձեռքում է։

 

-Ես կարծում եմ, որ ամեն ինչ մեր ձեռքերում է։ Յուրաքանչյուրի կյանքն իր ձեռքերում է, իմ ճակատագիրն այդ ամենի ապացույցն է։ Բայց հարկավոր է առաջին հերթին ճիշտ դռների մոտենալ եւ կարողանալ բացել դրանք։

 

- Ձեր արմատները դեր ունեցե՞լ են Ձեր կարիերայում։

 

-Իհարկե, ես ընդհանրապես կարծում եմ, որ մարդ կարող է ուժեղ լինել միայն եթե իր արմատները ճանաչում եւ մեծարում է։

 

- Դուք Ձեր ձեռքը պահում եք ֆրանսիական երգի «զարկերակի» վրա, իսկ հետեւո՞ւմ եք Հայաստանի արդի երաժշտական կյանքին։

 

-Ես լավ ծանոթ եմ եւ սիրում եմ հայ կոմպոզիտորներին, օրինակ՝ Առնո Բաբաջանյանին։ Ինչ վերաբերում է երիտասարդ արտիստներին, ապա ավելի շատ անուններ գիտեմ սփյուռքից, բայց ես համոզված եմ, որ Հայաստանում կան բազում տաղանդավոր արտիստներ։ Նրանք տարբերվում են իրենց կատարման ձեւով եւ զգացմունքայնությամբ։

Շառլ Ազնավուրը Շառլ Ազնավուրը

Լուսանկարը` Nicolas Aznavour

Որպես օրինակ, կարող եմ նշել Ինգա եւ Անուշ Արշակյանների տաղանդը, որոնց կատարումը ես լսել եմ։ Վստահ եմ, որ շատ տաղանդավոր երգիչներ ունենք, որոնց անունները ես դեռ պետք է բացահայտեմ ինձ համար։ Նրանց համար կարեւոր մարտահրավերն իրենց արվեստը միջազգային հարթակ հասցնելն է, հայրենիքից դուրս այն ճանաչելի դարձնելը։

 

- Դուք շատ եք կարդում, ո՞ րն է, Ձեր կարծիքով, այն գիրքը, որ յուրաքանչյուր մարդ պետք է կարդա։

 

-Ես շատ գրքեր եմ կարդացել իմ կյանքում եւ դրանցից յուրաքանչյուրն ինչ-որ ազդեցություն ունեցել է ինձ վրա, այդ պատճառով դժվար է մեկն առանձնացնել։ Բայց ես կարող եմ նշել մի գիրք, որ հետպատերազմյան շրջանում առաջիններից էր եւ գրված էր բոլորովին նոր ոճով։ Այդ ժամանակ դա հեղափոխություն էր, եւ այդ գիրքը մնացել է իմ հիշողության մեջ, ի դեպ, այն մինչեւ հիմա իմ գրապահարանում դրված է։ Գրքի անունն է «Ուղեւորություն դեպի գիշերվա ավարտ»  (Voyage au bout de la nuit, Louis-Ferdinand Céline)։

 

- Բոլորն են ցանկանում Ձեր խորհուրդները լսել, իսկ ո՞վ կարող է լինել Ձեր խորհրդատուն։

 

-Իմ ընտանիքը, բժիշկս, բայց իրականում ես միշտ անում եմ այն, ինչ անհրաժեշտ եմ համարում (ծիծաղում է):

 

- Մի քանի օրից ելույթ եք ունենալու Մոսկվայում, որո՞նք են Ձեր ամենավառ հիշողություններն այդ քաղաքի հետ կապված։

 

- Առաջին անգամ այնտեղ եղել եմ 60-ականներին, այն ժամանակ դեռ Սովետական միությունն էր։ Այդ ուղեւորությունն ինձ համար հատկանշական էր բազում պատճառներով, բայց ամենակարեւորը` ես առաջին անգամ հանդիպեցի տատիկիս եւ ինձ համար բացահայտեցի ոչ միայն Մոսկվան, այլեւ` Հայաստանը։ Լսեցի լեզուներ, որոնք ինձ այնքան հարազատ էին մանկուց։

 

- Դուք ռուսական մշակույթի գիտակ եք, այս հանգամանքը դեր խաղացե՞լ է Ձեր արվեստում։

 

-Ես եւ իմ քույր Աիդան մեծացել ենք ռուսական եւ հայկական մշակույթը կլանելով։ Հայրս մաքուր խոսում էր ռուսերեն, իսկ մայրս շատ արագ սովորեց այդ լեզուն։ Նրանք ռուսերեն էին խոսում, երբ ուզում էին մեզանից ինչ-որ բան գաղտնի պահել։ Մեր տան դռները միշտ բաց էին եւ հայրիկս սիրում էր ռուսական եւ հայկական երգեր երգել` հավաքելով ընկերներին։ Ես մինչև հիմա հիշում եմ հատվածներ այդ երգերից։ Իմ դերասանական հմտությունները ես մշակել եմ Ստանիսլավսկու մեթոդով, որն ինձ հայրս է սովորեցրել։

 

Ռուսական մշակույթը, ֆրանսիականի եւ հայկականի հետ հավասարապես, մեծ դերակատարություն է ունեցել իմ` որպես արտիստ կայացման գործում։

 

Շարլ Ազնավուրի հետ զրուցել է Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը

Փարիզ-Երեւան

Լուսանկարները՝ Nicolas Aznavour

 

Ազնավուրի մոսկովյան համերգի եւ երկրպագուների հետ հանդիպման վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ՝ այցելելով www.kassir.ru կայք կամ նամակ գրելով events@charlesaznavour.com էլեկտրոնային հասցեին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին