Վիտալի Բալասանյան. Աղդամի ուղղությամբ սարսափելի տեսարան էր - Mediamax.am

exclusive
109001 դիտում

Վիտալի Բալասանյան. Աղդամի ուղղությամբ սարսափելի տեսարան էր

Վիտալի Բալասանյանը
Վիտալի Բալասանյանը

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը`


ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ Մեդիամաքսի թղթակիցը զրուցել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության ներկա վիճակի, հնարավոր լուծումերի, 2016-ի ապրիլյան պատերազմի ու քաղած դասերի մասին:

 

Չավարտված պատերազմն ու մարտավարության փոփոխությունը

 

1994-ի մայիսի 12-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրն այդպես էլ ուժ չունեցավ: Այն ժամանակ նման փաստաթղթի առկայությունը մեզ այնքան էլ ձեռք չէր տալիս, քանի որ մենք պաշտպանողական մարտերից անցել էինք հարձակողականի, ունեինք մարտունակ ու շարժունակ զորք եւ կարող էինք շատ առաջ գնալ` հարցին վերջնական լուծում տալով:

 

Սկզբնական փուլում հրադադարը ժամանակավորապես պահպանվեց, չկային դիվերսիոն ներթափանցման փորձեր, հրետանու կրակ: Հակառակորդը հիմնականում կրակում էր հրաձգային զինատեսակներից:

 

2014-ից ակտիվացում դիտվեց, դիվերսիաներ սկսվեցին, դրանց թիվը գնալով աճում էր: Սկսեցին նաեւ ծանր տեխնիկա կիրառել, իսկ 2016-ի ապրիլին Ադրբեջանը դիրքային պատերազմից անցավ հարձակողական մարտի:

 

Չգիտեմ, թե ով գործածության մեջ դրեց «քառօրյա պատերազմ» եզրույթը, որի օգտագործումը շատ վտանգավոր եմ համարում: Շփման գծի ողջ երկայնքով լարում ու կորուստներ ենք ունեցել նաեւ նախորդ տարվա ապրիլի 26-27-ին, այս տարվա փետրվարի 25-26-ին…

 

Ի՞նչը ստիպեց հակառակորդին փոխել մարտավարությունն ու անցնել հարձակողական մարտի

 

Բազմիցս ասել եմ, հիմա էլ ցավով, պետք է կրկնեմ ՝ այնպես չէ, թե Ադրբեջանն ուժեղացել էր, դրա համար դիմեց այդ քայլին: Մենք էինք թուլացել, որ հույսներս դրել էինք միջազգային հանրության, այս կամ այն կառույցի վրա: Հավատացել էինք, թե Մինսկի խումբը վերահսկում է իրավիճակը, չեն թողնի, որ լարում լինի: Բայց ադրբեջանական կողմն օգտվեց մեր թուլությունից ու միամտությունից, ինչի հետեւանքով ունեցանք թե մարդկային, թե տարածքի կորուստներ: Սա է եղել ապրիլյան մեր բացթողումը` միամտությունը:

 

Հակառակորդի օգուտն ու խուճապը

 

Ապրիլյան նախահարձակումից հետո Ադրբեջանի համար ոչինչ չի փոխվել, նա ընդամենը ներքին խնդիր փորձեց լուծել, այն էլ ոչ հաջող: Այն տարածքը, որին Ադրբեջանին հաջողվեց տիրանալ, ռազմավարական նշանակություն չունի: Բայց ամեն մի սանիտիմետր հողը, ամեն մի զոհված ու վիրավորված զինվոր մեզ համար սարսափելի ու ծանր ցավ է:

 

Հակառակորդի պլանը հետեւյալն էրˋ հարձակման չորրորդ կամ հինգերորդ օրը կենտրոնական` Աղդամի ուղղությամբ ճեղքում անել ու հասնել Ստեփանակերտ: Ըստ իրենց հաշվարկի, ունեցած արսենալի ճիշտ օգտագործման դեպքում Ադրբեջանը կարող էր իրագործել այդ պլանը: Մենք էլ վստահ ենք, որ չի կարող. մեր դիրքերը, զորքի մարտունակությունը, հրետանին եւ հակաօդային պաշտպանությունն ու անհրաժեշտ այլ ուժեր բավարար են, որպեսզի կարողանանք պաշտպանություն կազմակերպել եւ, ինչու չէ, մարտի ընթացքում նաեւ հակահարձակման անցնել:

 

Այդ օրերին, լինելով առաջնագծում, ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ շարունակության դեպքում մենք առաջ էինք գնալու: Դրանում համոզվեց նաեւ Ադրբեջանը եւ, վայնասուն բարձրացնելով, դիմեց մարտը կանգնացնելու խնդրանքով:

 

2016թ. ապրիլի 3-ին Աղդամի ուղղությամբ սարսափելի տեսարանի ականատեսը դարձանք. մարդիկ փախչում իրենց տներից: Կապ չունի, թե ով է փախչողը՝ մենք դրա միջով անցել ենք, գիտենք, թե ինչ է երեխայի ձեռքը բռնած տունը լքելն ու կրակի տակով փախուստը: Երբ զինված մարդ է զոհվում, իմ համար ինչ-որ տեղ դա բնական է. նա զինվել է խնդիր կատարելու համար եւ գիտի, որ կարող է նաեւ ինքը զոհվել, բայց խաղաղ բնակչության ու երեխաների զոհվելն անթույլատրելի է…

 

Հակագրոհի հնարավոր հետեւանքները

 

Եթե անգամ 2016-ի ապրիլին մենք հակահարձակման անցնեինք ու հասնեինք մինչեւ Քուր-Արաքս, միեւնույն է, մի օր հետ էինք գալու ու նստեինք բանակցության սեղանի շուրջ: Այնպես չէ, որ հարցը ռազմական ճանապարհով պետք է լուծվի. ժամանակին դա արվել է: Հիմա, մեր տարածաշրջանում հարցի ռազմական ճանապարհով լուծումը բացառվում է:

 

Մեզ համար թանկ է մեր զինվորի կյանքն ու ամեն մի կաթիլ արյունը: Ուզում եմ գլուխ խոնարհել մեր բոլոր տղաների առջեւ: Բոլորը կռվել են մինչեւ վերջ: Անցել եմ առաջնագծի թեժ կետերով ու խոսել բոլորի հետ, օրագիր ունեմ, որտեղ անուն ազգանուններով գրել եմ նրանց արած գործի մասին:

 

Քաղված դասերն ու ներկա վիճակը

 

Ինժեներական բոլոր անհրաժեշտ աշխատանքներն առաջին պաշտպանական գծում ավարտվել են, երկրորդ եւ երրորդում շատ քիչ մասն է մնացել, որն ակտիվ ընթացքի մեջ է, զորքի հագուստն ու սնունդը լավ վիճակում էˋբավարար ապահովվածությամբ:  

 

Սպառազինությունը հագեցած ու կարգի բերված է, ավտոմոբիլային տեխնիկան գրեթե ամբողջությամբ նորացված է: Բոլոր տեղերում առկա անսարքությունները վերացվել են, ռադիո եւ հեռախոսային կապն անխափան աշխատում են, անհրաժեշտ քանակի ու որակի անօդաչու թռչող սարքերն ունենք, ՀՕՊ-ն ու հրետանին պատրաստ վիճակում ենˋ անհրաժեշտ ռազմամթերքով համալրված:

 

Բանակում հիմա զգոնությունը շատ բարձր է: Ամեն բան իր տեղում է, բայց կամ մի «բայց». ամեն ինչ պետք է անենք պատերազմը հեռու պահելու համար: Դա մեզ համար չէ, որ ասում եմ. դատելով Հայաստանի եւ Արցախի նախագահների ելույթներից եւ փոխգործակցության պլանի առկայությունիցˋ նոր հարձակման դեպքում Հայաստանը ձեռնպահ չի մնալու:  Տա Աստված, որ չգա այդ օրը, այլապես, վստահ եմ, Ադրբեջանը լուրջ խնդիրներ է ունենալու:

 

Վիտալի Բալասանյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին