Ժան-Ֆրանսուա Շարպանտիե. ՀՀ-ԵՄ նոր փաստաթուղթը ամուր հիմք կդառնա - Mediamax.am

exclusive
113296 դիտում

Ժան-Ֆրանսուա Շարպանտիե. ՀՀ-ԵՄ նոր փաստաթուղթը ամուր հիմք կդառնա

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն

Լուսանկարը` Ֆրանսիայի դեսպանություն

Լուսանկարը`


Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին   

 

- Պարոն դեսպան, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ: Ո՞րն է այդ տոնի խորհուրդը անձամբ Ձեզ համար, արդյո՞ք ունեք նրա հետ կապված հատուկ հուշեր:

 

- Ֆրանսիայի ազգային տոնը հաստատվեց 1880 թվականին՝ երկու իրադարձություն նշելու նպատակով՝ 1789-ի հուլիսի 14-ին բացարձակ մենիշխանության, հրամանների եւ արտոնությունների ավարտը խորհրդանշող Բաստիլի գրավումը եւ 1790 թվականի հուլիսի 14-ի ազգի միավորումը եւ սահմանադրությունը  խորհրդանշող Համադաշնության տոնը:

 

Ազգային տոնը կերտվել է հեղափոխական երկու իրադարձությունների հուշի եւ նշանակության վրա: Մեկն իր ազատությունը նվաճող եւ կամայականության եւ գերիշխանության դեմ պայքարող ժողովրդին տեղ է հատկացնում գործողության կենտրոնում, մյուսը՝ առաջին անգամ տոնում է բոլոր կողմերին ընդհանուր գաղափար կերտելու նպատակով նույն գաղափարի շուրջ համախմբված եւ միավորված ազգի տոնը:

 

Իմ շատ հայրենակիցների պատկերացմամբ հուլիսի 14-ը ասոցացվում է բացօթյա պարահանդեսների հետ, որին մասնակցում են ֆրանսիացիները եւ զբոսաշրջիկները: Դրանք իսկապես երջանկության եւ այն ուրիշների հետ կիսելու պահեր են: Հիշում եմ  Ելիսեյան դաշտերի վրա կազմակերպվող զորահանդեսը, որին ֆրանսիացիները մեծ հաճույքով հետեւում են հեռուստացույցով:

 

Արդիականացնել հարաբերությունները

 

- Ձեր վերջին ասուլիսներից մեկի ժամանակ Դուք ասացիք, որ անհրաժեշտ է նոր դինամիկա հաղորդել հայ-ֆրանսիական հարաբերություններին։ Ինչպե՞ս պետք է հայտնվի այդ նոր դինամիկան եւ ո՞ր ոլորտները հատկապես ունեն դրա կարիքը:

 

- Ցանկանում եմ ոչ այնքան «նոր լիցք», որքան «այլ լիցք»: Մեր երկու երկրների քաղաքական եւ մարդկային կապերի որակը եւ հագեցածությունը պայմանավորում են մեր երկկողմ հարաբերությունները, թեեւ ես իսկապես այն տպավորությունն ունեմ, որ վերջիններս երբեմն սահմանափակվում են կարծրատիպերով: Նկատել եմ, որ հայկական որոշ լրատվամիջոցներ եւս այդ կարծիքին են: Նրանց պես ես էլ կարծում եմ, որ հարկ է արդիականացնել մեր երկկողմ հարաբերությունները, ավելի շատ նյութականացնել դրանք:

 

Երեք տարի աշխատում եմ առեւտրատնտեսական մեր հարաբերություններն ուժեղացնելու ուղղությամբ: Առաջին պլանի ներդրող լինելով հանդերձ՝ Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանի համեստ առեւտրային գործընկերը: Այսօր փաստում եմ, որ առկա է Հայաստանի համար խոստումնալից ճյուղերի՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, զբոսաշրջություն, թվային տեխնոլոգիաներ, առողջապահություն, նկատմամբ տնտեսական եւ ինստիտուցիոնալ ավելի հավակնոտ գործակցություն զարգացնելու երկու երկրների կամքը:

 

Հուլիսի 6-7-ը Հայաստանում անցկացված Առողջապահության ֆրանսիական օրերն այդ մասին են վկայում :

 

- Իմ կարծիքով, հայ-ֆրանսիական հարաբերություններին իսկապես որոշակի նոր շունչ է անհրաժեշտ: Միգուցե՞ կողմերը կարող են մտածել երկու երկրների երիտասարդների միջեւ շփումներ հաստատելու ձեւաչափերի վրա:

 

- Զարգանում են շփումները հայ եւ ֆրանսիացի երիտասարդների միջեւ: Ուսումը շարունակելու կամ ստաժավորում անցնելու նպատակով Հայաստանում ֆրանսիական համալսարանն ամեն տարի ուսանողների է ուղարկում Ֆրանսիա: Կայուն գործակցության այլ ձեւեր էլ արտահայտվում են տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով: Օրինակ, Ֆրանսիա-Աշտարակ-Արմենի ասոցիացիան այս տարվա հուլիսի սկզբին ամառային ակադեմիա կազմակերպեց  Ֆրանսիայի Ռոման քաղաքում:

 

Այդուհանդերձ, դադարեցվեցին նաեւ հաստատված շատ նախաձեռնություններ: Ֆրանսիայի դեսպանությունը խրախուսում է հայկական դպրոցներին վերսկսել համագործակցային ծրագրերը: Հատկապես, նկատի ունենալով հաղորդակցության ժամանակակից միջոցները, ցավալի կլինի զրկվել հայ եւ ֆրանսիացի երիտասարդների միջեւ շփումներից:

 

Վերջապես, 2018-ին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հեռանկարում, ուրախ եմ, որ ՖՄԿ-ն (Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն) եւ Հայաստանի կառավարությունը պայմանավորվել են համատեղ կազմակերպել միջազգային միջոցառումներ, որոնք իրենց  շուրջը կհամախմբեն երիտասարդությանը: Սա միայն կնպաստի հայ եւ ֆրանսիացի երիտասարդների եւ առհասարակ ողջ աշխարհի երիտասարդ ֆրանկոֆոնների մերձեցմանը:

 

- Ֆրանսիայում նոր նախագահ է ընտրվել, որի կուսակցությունը նաեւ հաղթել է ավանդական կուսակցություններին եւ մեծամասնություն ստացել: Ի՞նչ եք կարծում, այս փաստնը եւս կարո՞ղ է թարմություն հաղորդել հայ-ֆրանսիական կապերին:

 

- Էմանուել Մակրոնին նախագահ ընտրելով եւ Ազգային ժողովում նրան գերակշիռ մեծամասնություն ապահովելով՝ ֆրանսիացիները նախապատվություն տվեցին ժամանակակից,  շարժունակ եւ բաց մոտեցմանը Եվրոպայի հանդեպ: Ինչ վերաբերում է առանձնապես հայ-ֆրանսիական հարաբերություններին, դուք ինքներդ տեսաք, որ Էմանուել Մակրոնը խորհրդանշական իմաստով ապրիլի 24-ին, Փարիզում, Կոմիտասի արձանի մոտ հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս քայլը մարմնավորում էր նրան նախորդած նախագահների՝սկսած նախագահ Շիրակից, քաղաքականության շարունակականությունը:

 

Սակայն Հայաստանում Ֆրանսիայի քաղաքականությունը չի սահմանափակվում միայն ցեղասպանության ճանաչման համար պայքարով: Հայաստանը եւ Ֆրանսիան կշարունակեն սերտացնել քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերը: Ավանդական քաղաքական երկխոսությունից զատ, մենք ցանկանում ենք կառուցել գործընկերություն համագործակցության հնարավոր բոլոր ոլորտներում: Մեր  փորձը եւ իմացութունը կարող ենք ձեզ հետ կիսել առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կայուն քաղաքի, քաղավիացիայի ոլորտներում:

 

Ֆրանսերենը Ֆրանսիայի մենաշնորհը չէ

 

- Դուք վերջերս ասել էիք, որ անհրաժեշտ է բարձրացնել Հայաստանում ֆրանսերեն լեզվի իմացության մակարդակը, քանի որ վերջին շրջանում այն սկսել է ցածր արդյունքներ գրանցել։ Ի՞նչ մեխանիզմներ եք տեսնում այս խնդրի լուծման համար: Ակնկալո՞ւմ եք, որ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը, թե Ֆրանսիան պատրաստ է հանդես գալ որոշակի նախաձեռնություններով:

 

- Նախ ասեմ, որ ֆրանսերենը Ֆրանսիայի մենաշնորհը չէ: Այն պաշտոնական լեզու է շուրջ քառասուն երկրներում եւ, ինչպես ասել է Հայիթիի նախկին վարչապետներից մեկը, Ֆրանսիան ընդամենը ֆրանսերենի համասեփականատերերից մեկն է: Ուստի, անկեղծորեն ցավում եմ, որ զգալիորեն նվազել է ֆրանսերեն սովորողների թիվը: Սա միայն մեզ, ֆրանսիացիներիս չէ, որ վնասում է, այլ նաեւ, գուցե  եւ ավելի շատ, հայերին, որովհետեւ նշանակում է ինքդ քեզ զրկել աշխարհի առաջ բացվելու լրացուցիչ հնարավորությունից:

 

Անկախությունից ի վեր ֆրանկոֆոնների թիվը նվազել է երկու երրորդով: Սա ոչ միայն դասավանդման որակի, այլ օտար լեզուների դասավանդման պետական քաղաքականության խնդիր է:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն

Լուսանկարը` PAN Photo

2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպումը մեզ հնարավորություն է ընձեռում խթանելու ֆրանսերենի գործածումը բոլոր ոլորտներում: Ֆրանկոֆոնիա չի նշանակում միայն արժեհամակարգ կիսել, այն նաեւ ենթադրում է  կիսել ընհանուր լեզու, որի կիրառումը պետք է մշակել Հայաստանում:

 

Իր կողմից, Ֆրանսիան գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը: Հիշեցնենք՝ այս տարի  իր 15-ամյակը տոնած Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հաջողությունները, տասնամյակը տոնած Հայաստանի միջազգային ֆրանսիական դպրոցը եւ Ալիանս Ֆրանսեզը, որը տասնհինգամյակը կտոնի շուտով: Այս երեք հաստատությունները նպաստում են ֆրանսերենի ուսուցման տարածմանը, բայց սա բավական չէ:

 

Ինձ թվում է, անհրաժեշտ է հարցով զբաղվել ինստիտուցիոնալ մակարդակով: Ես ուրախ եմ օտար լեզուների ուսուցման աճին միտված ՀՀ Կրթության նախարարության հանձնառությունից: Գոհացուցիչ է նաեւ նախարարության կողմից ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրի վերամեկնարկը եւ այն, որ նախարարությունը հանձնառել է այդ մոտեցումը կիրառել նաեւ հանրակրթական այլ դպրոցներում: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի դեսպանությանը, ապա այն կշարունակի դիդակտիկ նյութեր նվիրել ծրագրում արդեն իսկ ներգրավված դպրոցներին: Վերջապես, ես մեծ ուշադրություն եմ դարձնում կենդանի լեզուն սովորելու համար անհրաժեշտ ֆրանսերեն լեզվով լրատվամիջոցների մատչելիությունն ընդլայնելու հեռանկարներին (TV5 Monde, France 24, RFI, Euronews):

 

Նոր հնարավորություն Հայաստան-ԵՄ հարաբերություններում

 

- Հայաստանը եւ Եվրոպական միությունը նախաստորագրել են նոր շրջանակային համաձայնագիրը, որը նախատեսվում է ստորագրել աշնանը կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում: Ի՞նչ եք կարծում, կա որեւէ գործոն, որը կարող է խանգարել այդ համաձայնագրի ստորագրմանը:

 

- Որեւէ պատճառ չեմ տեսնում, որ այդ համաձայնագիրը, որ կարող է միայն շահեկան լինել բոլորի համար, չստորագրվի այս աշնանը: Այն բխում է ինտենսիվ բանակցությունների արդյունքում փոխշահավետ հանձնառությունների հանգած երկու կողմերի շահերից: Փաստաթղթի ստորագրումը ցույց կտար, որ Արեւելյան գործընկերության մի երկիր ստիպված չէ ընտրություն կատարել տարածաշրջանային ինտեգրացիոն տարբեր ձեւաչափերի միջեւ: Ուզում եմ հիշեցնել, որ Ֆրանսիան առաջինն էր, որ հանդես եկավ Հայաստան-ԵՄ բանակցությունները վերսկսելու օգտին, այն բանից հետո, երբ ձեր երկիրը որոշեց անդամակցել ԵԱՏՄ-ին: Մեզ հաջողվեց հաղթահարել մեր շատ գործընկերների թերահավատությունը:

 

- Շատերը Հայաստանում հետաքրքրված են՝ ի՞նչ կարող է փոխել այս համաձայնագիրը իրենց կյանքում: Կարո՞ղ եք որոշակի օրինակներ բերել, թե ի՞նչ է տալու համաձայնագիրը սովորական մարդկանց:

 

- Համաձայնագիրը հնարավորություն կտա խորացնել ԵՄ-Հայաստան քաղաքական երկխոսությունը եւ ամուր հիմք հաստատել սոցիալ-տնտեսական բարեփոխումների համար: Այն կուժեղացնի մեր ընդհանուր նվիրվածությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, իրավական պետությանը: Համաձայնագիրը նաեւ կհեշտացնի համագործակցությունն այնպիսի ասպարեզներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը եւ բնապահպանությունը:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն

Լուսանկարը` Ֆոտոլուր

Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի ավելի սերտացնել համագործակցությունը՝ բարելավելով գործարար միջավայրը, եւ կվերացնի ԵՄ-Հայաստան ծառայությունների առեւտրի խոչընդոտները, նպաստավոր պայմաններ կստեղծի ընկերությունների կողմից ներդրումների եւ աշխատատեղերի ստեղծման համար:

 

- Հայկական կողմն արդեն մի քանի տարի է, ինչ առաջարկում է սկսել վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունները, սակայն եվրոպական կողմը, կարծես, զուսպ դիրքորոշում ունի: Ո՞րն է դրա պատճառը եւ ինչպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումը:

 

- ԵՄ հետ վիզաների ռեժիմի ազատականացման երկխոսությունը կմեկնարկի պահը հասունանալուն պես: Դեռեւս չեմ կարող այդ հարցի առնչությամբ Ֆրանսիայի նոր իշխանությունների դիրքորոշման մասին ավելին ասել: Մենք արդեն իսկ այնպես պիտի անենք, որ 2014-ից ուժի մեջ մտած վիզաների տրամադրման հեշտացման եւ ետընդունման/ռեադմիսիայի/ պայմանագրերը ճիշտ կենսագործվեն: Դեսպանության վիզաների ծառայության տրամադրած վիզաների մոտ 25% տոկոսը բաժին է հասնում  մուտքի-ելքի բազմակի վիզաներին, իսկ տրամադրվող վիզաների մեծ մասը տրամադրվում է 48 ժամվա ընթացքում: Նվազել է մերժված հայտերի տոկոսը: Այն ամենացածրն է Շենգեն գոտու մեր գործընկերների համեմատ: Աշնանը Ֆրանսիան Հայաստանի հետ ստորագրեց միգրացիոն գործընկերության պայմանագիր, որն ուժի մեջ մտնելով՝ կդյուրացնի որոշակի կատեգորիայի ուսանողների եւ որակավորում ունեցող երիտասարդների կացությունը Ֆրանսիայում:

 

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին