Հենրիեթ Վամբերգ. Հասկանում եմ կրքոտ վերաբերմունքը Երեւանին - Mediamax.am

exclusive
25585 դիտում

Հենրիեթ Վամբերգ. Հասկանում եմ կրքոտ վերաբերմունքը Երեւանին

Հենրիեթ Վամբերգը
Հենրիեթ Վամբերգը

Լուսանկարը` Gehl Architects

Լուսանկարը`


Վերջերս Երեւան էին այցելել դանիական Gehl Architects ընկերության ներկայացուցիչները։ Gehl Architects-ը քաղաքային ուսումնասիրություն եւ դիզայն խորհրդատվություն իրականացնող ընկերություն է։ Նրանց հրավիրել էր Երեւանի քաղաքապետարանը՝ մայրաքաղաքի զարգացման հնարավորությունները քննարկելու համար։ Ընկերությունն աշխատում է ավելի քան 250 քաղաքներում, իրականացրել է քաղաքային պլանավորման ծրագրեր Կոպենհագենում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սան Ֆրանցիսկոյում եւ այլ մեծ քաղաքներում։ Արդյո՞ք Երեւանը նույնպես կլինի դրանց շարքում։

 

Մեդիամաքս-ը զրուցել է Gehl Architects ընկերության գործադիր տնօրեն Հենրիեթ Վամբերգի հետ՝ հնարավոր համագործակցության եւ Հայաստանի մայրաքաղաքից իր տպավորությունների մասին։

 

- Դուք ծրագրեր եք առաջարկել այնպիսի քաղաքների համար, ինչպիսիք են Լոնդոնը, Մոսկվան, Ստամբուլը եւ Սիդնեյը։ Ինչպիսի՞նն է Երեւանի Ձեր  առաջին տպավորությունը։

 

- Շատ հաճելի էր հայաստանյան այցը։ Կարծում եմ՝ մենք հատկապես տարվել էինք քաղաքի մշակույթով ու մարդկանցով, քանի որ մարդիկ այնքան ընկերասեր էին ու բաց։ Երեւանն ունի շատ ուժեղ քաղաքային գծագիր եւ կառուցվածք։ Չնայած մեր այցելության ժամանակ ծառերին տերեւներ չկային, քաղաքը շատ կանաչ էր։ Փողոցում շատ ծառեր կային, այգիներն էլ էին շատ, եւ, իհարկե, շրջապատող լեռները հիասքանչ էին։ Ըստ իս, Երեւանում շատ հնարավորություններ կան եւ փողոցների շատ հաստատուն ցանց։

 

- Ստեղծել քաղաքներ մարդկանց համար՝ սա Գեհլի նպատակն է։ Իսկ, ըստ Ձեզ, ինչքանո՞վ է այսօրվա Երեւանը հարմարավետ բնակիչների համար։ Հնարավո՞ր է Երեւանը դարձնել քաղաք բոլորի համար։

 

- Վստահաբար Երեւանում բարելավումներ կարելի է իրականացնել։ Բոլոր քաղաքներն ունեն տարբեր խնդիրներ։ Երեւանի խնդիրը տրանսպորտն ավելի ճիշտ ձեւով կարգավորելն է։ Հատկապես հետիոտները պետք է իրենց ապահով զգան ու քայլելն ավելի հարմար լինի։

 

Սա հենց այն խնդիրներից է, որով կցանկանայինք ապագայում զբաղվել։ Կայանատեղերի եւ դրանց տեղակայման վայրերի հետ եւս հարցեր կան։ Հնարավորություններից մեկը երեւանյան փողոցների հաստատուն ցանցն է, եւ եթե հնարավոր լինի փողոցներն օգտագործել որպես համակարգ, ավելի հեշտ կլինի լուծել տրանսպորտի հետ կապված տարբեր խնդիրներ։

 

- Քանի որ Դուք «հեծանվային քաղաքից» եք՝ Կոպենհագենն աշխարհում համարվում է հեծանվորդների համար ամենահարմարավետ քաղաքը, ենթադրում եմ, որ Ձեզ համար Երեւանում ամենաակնհայտ տարբերությունը եղել է հեծանիվների պակասը, փոխարենը՝ մեքենաներով ողողված փողոցներ եք միայն տեսել։

 

- Երբեմն տարբեր քաղաքներում, թերահավատություն ենք զգում հեծանվության հանդեպ։ Ասում են՝ շատ լեռնոտ է, չափազանց քամոտ, կամ շատ ցուրտ է հեծանիվ վարելու համար, կամ էլ՝ դա մեր մշակույթը չէ։ Այս ամենին հանդիպել ենք մի շարք քաղաքներում։

Հենրիեթ Վամբերգը Հենրիեթ Վամբերգը

Լուսանկարը` Adam McLean

Եթե նայենք Կոպենհագենին, այն շատ հարթ է, բայց չափազանց քամոտ է, ու ձմռանն անչափ ցուրտ է: Բայց միեւնույն է՝ մեզ մոտ հեծանիվները շատ են։ Եվ այնպես է արված, որ ստիպողաբար չլինի. հեծանվորդները Կոպենհագենում ունեն նաեւ այլընտրանք։ Հանրային տրանսպորտի համակարգը լավ կարգավորված է, մեծամասնությունն ավտոմեքենա ունի, կարող ես շատ հանգիստ քայլել կամ տաքսի վերցնել, լուծումները շատ տարբեր են: Բայց մարդիկ ընտրում են հեծանիվը, քանի որ հարմար է։

 

- Կարծո՞ւմ եք՝ Երեւանը նույնպես կարելի է հեծանիվ սիրողների քաղաքի վերածել, եւ հեծանվային ճանապարհներ կառուցելով, նվազեցնել մեքենաների թիվը քաղաքում։

 

- Կարճ պատասխանն է՝ այո։ Վստահ եմ՝ Երեւանը կարող է ստեղծել այնպիսի հեծանվային համակարգ, որ կհամապատասխանի քաղաքին։

 

Հեծանվությունը կարող է Երեւանում տրանսպորտի խնդրի լուծում հանդիսանալ, չնայած, պետք է ուշադիր ուսումնասիրել, թե ինչպես է համակարգն իրականացվում, որպեսզի մարդկանց շարունակական կապակցված ցանցով ապահովենք։ Վերջում այնպես չլինի, որ հեծանիվ վարելը վտանգավոր կամ անհարմար լինի։  

 

- Ի՞նչը հատկապես կուզենայիք փոխել Երեւանում։

 

- Երեւանում մեծ ներուժ կա։ Կարծում եմ՝ իրական անելիքն այն բացելու ձեւը գտնելն է, եւ հասկանալ՝ ինչպես հնարավորություններն օգտագործել առավելագույն կերպով, որպեսզի ստեղծենք ավելի լավ քաղաք, որը կարող է ավելի հարմարավետ լինել։ Ինչպես այն գրավիչ դարձնել տեղի մարդկանց համար, որ ցանկանան Երեւանում ապրել երեխա հասակում, երիտասարդությունն անցկացնել այստեղ, ինչպես նաեւ՝ ծերությունը։

 

- Երեւանը կարողացա՞վ Ձեզ զարմացնել։ Ի՞նչն էր տարօրինակ Ձեզ համար, կամ ի՞նչը հատկապես հավանեցիք, մի՞գուցե՝ նաեւ չհավանեցիք։

 

- Ուտելիքը չափազանց լավն էր։ Եղանակն ավելի լավն է, քան Կոպենհագենում է, եւ ուտեստներն են ավելի լավը, իսկ մարդիկ շատ ընկերական են ու բաց։ Սրանք այն երեք ուժեղ կետերն են, որոնք հուշում են, որ սա այն վայրն է, որտեղ կցանկանայիր աշխատել։ Քաղաքի կառուցվածքը, այգիները, փողոցային ծառերը, մեծ հնարավորություններով լայն փողոցները՝ այս բոլորը մենք համարում ենք մի միասնական սանդղակ։ Չնայած, ինչպես արդեն ասացի, տրանսպորտի ու կայանատեղերի հետ կապված խնդիրներ կան, որոնք անդրադառնում են քաղաքի հարմարավետության ու գրավչության վրա։

 

- Երեւանի քաղաքապետարանի հետ ձեր համագործակցությունն ինչպե՞ս եք տեսնում։

 

- Մեզ Երեւան էին հրավիրել, որպեսզի քննարկենք հնարավոր համագործակցությունը։ Հիմա կապի մեջ ենք եւ քննարկման փուլում ենք։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք առաջարկել ծրագրեր, որոնք խելամիտ կլինեն Երեւանի համար:

 

- Արտասահմանցիներից շատերն ասում են, որ չնայած սիրում են Երեւանը, քաղաքում հին շենքեր չեն կարողանում գտնել, եւ որ մենք շարունակում ենք դրանք քանդել։

 

- Մենք մի քանի հին շենքեր գտանք։ Կարծում եմ՝ սա լուրջ քննարկում է, թե ինչպես ապրել մի քաղաքում, որը փոխվում է ու կարող է աճել, զարգանալ, եւ ինչպես կարող ես իրականացնել այն՝ հարգելով անցյալը, առանց արժեքները եւ ժառանգությունը ոչնչացնելու։ Սա իսկապես խնդիր է, եւ եթե հաջողվի լուծել, այն քաղաքի նոր հատվածներին նոր արժեքներ կավելացնի։

 

Քաղաքը տարբեր բաների միասնություն է: Ինձ համար՝ այն այգիների, բաց տարածքների, փողոցների, շենքերի, մարդկանց, եղանակի ամբողջությունն է։ Ես իսկապես հավանում եմ Երեւանն ու հասկանում եմ մարդկանց կիրքը այս քաղաքի հանդեպ։

 

Հենրիեթ Վամբերգի հետ զրուցել է Ամալի Խաչատրյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին