Հելի Բուտվին. Ուզում ենք, որ Ամերիկայում զգան հայերի ջերմությունը - Mediamax.am

exclusive
29818 դիտում

Հելի Բուտվին. Ուզում ենք, որ Ամերիկայում զգան հայերի ջերմությունը

Հելի Բուտվինը
Հելի Բուտվինը

Լուսանկարը` Հ. Բուտվինի արխիվից

Լուսանկարը`


Հայաստանն առաջին անգամ լայնորեն ներկայացված կլինի ամենամյա Smithsonian Folklife Festival-ում, որը կանցկացվի Վաշինգտոնում 2018թ. հունիսի 27-ից հուլիսի 1-ը եւ հուլիսի 4-8-ը:

 

Փառատոնը կազմակերպում է Smithsonian հաստատության մշակութային կենտրոններից մեկը՝ Center for Folklife and Cultural Heritage-ը: 50 տարիների ընթացքում միջոցառմանը մասնակցել են 30 000-ից ավելի երաժիշտներ, արվեստագետներ, խոհարարներ, արհեստավորներ եւ ուրիշներ՝ ավելի քան 100 երկրից: Միջոցառումները կանցկացվեն Վաշինգտոնի Ազգային կենտրոնում (National Mall)՝ նպատակ ունենալով ամրապնդել եւ պահպանել աշխարհի մշակույթները:

 

Տասնօրյա միջոցառումն անվճար է բոլորի համար: Այցելուները կիմանան Հայաստանի մասին, կծանոթանան հայկական ավանդույթներին, մշակութային ինքնությանը՝ ճաշակելով հայկական գինիները եւ ուտեստները: Հայ խոհարարները կներկայացնեն լավաշի պատրաստումը թոնիրում, կսովորեցնեն սարքել ավանդական խորոված եւ պանիր: Մասնակիցները կկարողանան նաեւ շփվել հայ դիզայներների եւ արհեստավորների հետ, վերջիններս էլ կփորձեն սովորեցնել՝ ինչպես գործել, ասեղնագործել ու քանդակագործել: Փառատոնային տրամադրությունը երեկոյան կշարունակվի համերգներով՝ ներկայացնելով հայկական ազգային եւ ջազ երաժշտությունը:

 

Մեդիամաքս-ը զրուցել է ծրագրի համակարգողներից Հելի Բուտվինի հետ:

 

- 2018-ին փառատոնը միջազգային է լինելու, եւ ներկայացվելու են Հայաստանի, Աֆրիկայի եւ Կատալոնիայի մշակութային ժառանգությունները: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս են ընտրվել հենց այս մշակույթները:

 

- Փառատոնի այս տարվա թեման համայնքային մշակութային ժառանգության նախաձեռնությունն է: Մենք փնտրում էինք ծրագրեր, որոնք որոշակի տեղերի եւ մարդկանց մասին կպատմեն: Հայաստանի համար մենք ավելի շատ փնտրում էինք բիզնես նախաձեռնություններ, որոնք կապված կլինեին ուտեստների, գինու, արհեստի հետ, ինչպես նաեւ ցույց կտային, թե ինչպես են ակտիվ պահում հայկական մշակույթը:

 

- Հայաստանն առաջին անգամ է մասնակցում փառատոնին եւ առաջինն է նաեւ տարածաշրջանից:

 

- Փառատոնը հիմնված է ուսումնասիրությունների վրա: Folklife and Cultural Heritage կենտրոնն ունի նաեւ համակարգողների թիմ, որն ամեն տարի որոշում է ծրագիրը՝ հիմնվելով թեմայի, նաեւ ուսումնասիրությունների եւ այն կապերի վրա, որն ունենք համակարգողներս: Հայաստանն ընտրվել է, քանի որ մենք Հայաստանի հետ մեկ այլ ծրագիր ենք իրականացնում՝ My Armenia Cultural Heritage Tourism-ը, որը վերջին 3 տարիների ընթացքում մեր ուսումնասիրող կենտրոնին Հայաստանում աշխատելու հնարավորություն է տվել: Հենց այդտեղից էլ որոշեցինք Հայաստանն ընդգրկել փառատոնում:

 

Քանի որ շատ էինք ուսումնասիրել Հայաստանը, եւ արդյունքները շատ ոգեւորիչ էին, մտածեցինք, որ իրականում ճիշտ ժամանակն է փառատոնին ներկայացնելու հայկական մշակութային ժառանգությունը:

 

- Վերջերս Հայաստան էիք այցելել: Այցը փառատոնի՞ հետ էր կապված: 

 

- Ներկայում մի քանի ծրագիր ունեմ, իսկ առաջին անգամ Հայաստանում սկսել եմ աշխատել 2014-ից՝ Smithsonian եւ USAID հաստատությունների հետ իրականացվող My Armenia Cultural Heritage Tourism ծրագրի թիմի անդամներից էի: Արհեստների հետ կապված նախաձեռնություն եմ վարում My Armenian ծրագրի համար, աշխատել եմ նաեւ տեղի փառատոնի կազմակերպիչների հետ: Անցած տարի էր, որ որոշեցի համակարգել փառատոնի ծրագիրը:

Հելի Բուտվինը Հայաստանում Հելի Բուտվինը Հայաստանում

Լուսանկարը` Հ. Բուտվինի արխիվից

- Ովքե՞ր են մասնակցելու ծրագրին եւ ինչպե՞ս է ընթանալու ընտրության գործընթացը:

 

- Ծրագրում ենք ունենալ 75 մասնակից եւ 15 ներկայացուցիչ: Կլինեն երկու տիպի մասնակիցներ. առաջին խումբն ավանդույթը կրողներն են, երկրորդը ներկայացուցչներն են, որոնք պետք է կարողանան հանրության առջեւ ազատ խոսել ու շփվել մարդկանց հետ: Նրանք պետք է տիրապետեն հայերենին եւ անգլերենին, ու ոչ թե պարզապես թարգմանեն խոսքը, այլեւ բացատրեն:

 

Մասնակիցներից շատերն անգլերեն չեն խոսում, ու այդպիսի պահանջ չկա էլ: Օրինակ, խաչքար քանդակող մասնակիցը կենտրոնանում է աշխատանքի վրա ու պատմում իր արած գործը, իսկ ներկայացուցիչն օգնում է հանդիսատեսին հարցերի օգնությամբ հասկանալու՝ ինչ է տեղի ունենում:

Լուսանկարը` Smithsonian Institution

Մեծամասնությունը Հայաստանից է լինելու, չնայած Սփյուռքից էլ մասնակիցներ ունենք: Համակարգողների թիմն է իրականացնում որոշումները, ու մենք ենք որոշում՝ ով կարող է ամենալավը ներկայացնել ավանդույթը, բայց մենք նաեւ հաշվի ենք առնում շատ մարդկանց հետ ունեցած մեր զրույցները: Մի շարք խորհրդատուներ ունենք՝ Institute for Archaeology and Ethnography ծրագրի թիմի համակարգողները, My Armenia ծրագիրը, որն ազգագրական թեմայով նույնպես ուսումնասիրություններ է արել՝ պարզելու, թե ինչ է կատարվում Հայաստանի՝ հատկապես մարզերի մշակութային ավանդությունների հետ:

 

- Արդեն գիտե՞ք մասնակիցներին, հայտնիներ լինելո՞ւ են:

 

- Վստահ եմ՝ հայերը կճանաչեն երաժիշտներից մի քանիսին, սակայն ոչ բոլորին: Չնայած հիմա դեռ չեմ կարող ասել, թե ովքեր են: Փառատոնի գաղափարն է ստեղծել հարթակ ժողովրդական ու ավանդական արվեստների համար: Մենք մի շարք մասնակիցներ ունենք հատկապես մարզերից, ու հիանալի կլինի շատերի համար տեսնել, որ այդքան շատ տաղանդներ կան ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում: Մենք հոգում ենք բոլոր ծախսերը:

 

- Ի՞նչը հատկապես պետք է ընդգծեն հայ մասնակիցները: Ո՞րն է հայկական մշակույթը ներկայացնելու նախընտրելի տարբերակը: 

 

- Պարզապես կարեւոր է, որ մասնակիցները պատմեն իրենց պատմությունները: Համակարգողների տեսանկյունից մենք ցանկանում ենք, որ առաջին հերթին ԱՄՆ-ում զգան հայ ժողովրդի ջերմությունն ու մեծահոգությունը: Մենք մտածում էինք ուտեստների եւ խմիչքի, ինչպես նաեւ հյուրընկալության մասին, որը մարդիկ միշտ զգում են Հայաստան այցելելիս:

Լուսանկարը` Sossi Madzounian/ Smithsonian Institution

Դուք ձեր տուն եք հրավիրում մարդկանց եւ ճաշ եք հյուրասիրում, այդ առումով մարդիկ այնքան բաց են: Մենք միանշանակ հենց սա ենք ցանկանում փոխանցել եւ մասնակիցներին ընտրում ենք՝ մտապահելով այդ ամենը: Սա պարզապես ցուցադրություն չէ, այն մարդկանց անձնական պատմություններով կիսվելու մասին է: Մենք փնտրում ենք մարդկանց, որոնք կիսելու յուրահատուկ պատմություններ ունեն: Ընտրում ենք նրանց, որոնք իսկապես սրտանց են անում իրենց գործը ու կարող են հայկական մշակույթն այնպես ներկայացնել, որ այդ ուղերձը հասցնեն հասարակությանը: 

 

- Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է փառատոնը կարեւոր հայերի համար: Ի՞նչ են հայաստանցիները շահելու այդ միջոցառումից: 

 

- Փառատոնը մեծ նշանակություն ունի հայաստանցիների ու սփյուռքահայերի համար: Միացյալ Նահանգների ամենամեծ հարթակն է, գրեթե մեկ միլիոն մարդ է հավաքվում փառատոնին մասնակցելու համար, ավելի քան մեկ միլիոնն էլ համացանցով են հետեւում: Մենք ավելի քան 100 երկրների մշակույթներ ենք ներկայացրել, ու ամենակարեւոր բաներից մեկը, որ ես կարեւորում եմ, մեծ հետաքրքրությունն է, որն ունի ԱՄՆ հասարակությունը հայկական մշակույթի հանդեպ, ինչը մոտիվացնում է մասնակիցներին: Նրանք միասին են մնալու, այդ մեծ պատվիրակությունը նաեւ կատալոնացիների հետ է մնալու նույն վայրում:

 

Մարդիկ կսկսեն նոր կազմակերպություններ բացել կամ նոր վայրերում աշխատել, եւ դուք պարզապես կսկսեք ավելի շատ ակտիվություն տեսնել: Տեսնում ես, որ մյուսներն իսկապես գնահատում են քո արածը, ու այդ վստահությունն իսկապես մոտիվացնում է քեզ: Սա մշակութային մասն է, կա նաեւ տնտեսական կողմ: Մասնակիցների պատրաստած բոլոր ապրանքները մենք վաճառում ենք շուկայի մասում: Սա շատ լավ սկիզբ կարող է լինել, մասնակիցները գումար կվաստակեն՝ փառատոնին գալով ու վաճառելով ապրանքը, իհարկե կհանդիպեն նաեւ իրենց նոր հաճախորդներին: Այս ամենը կիրականացվի արհեստի դեպքում, կգործի նաեւ ուտելիքների եւ գինու համար: Մի շարք մարդկանց առաջին անգամ կներկայացնենք հայկական հիասքանչ գինիները: Կարծում եմ՝ դա իսկապես հետաքրքիր կլինի:

 

- Իսկ որքանո՞վ է կարեւոր փառատոնը Սփյուռքի համար:

 

- Ցանկանում եմ, որ ԱՄՆ հասարակությունն իմանա, թե որքան հիասքանչ ամերիկահայեր են բնակվում Միացյալ Նահանգներում եւ ինչ հիանալի գործունեություն են իրականացնում նրանք՝ ապրելով այստեղ:

 

Ավելին, հույս ունենք նաեւ զարմացնել սփյուռքահայերի մի մասին, որոնք ներկա են լինելու փառատոնին, քանի որ կարծում եմ՝ շատերը նրանցից չեն այցելում Հայաստան, բայց տեղյակ են ամեն ինչից: Մենք ներկայացնում ենք ավանդույթների պատմությունները, նաեւ փորձարկում ենք իրականությունն ու ասես ցույց տալիս նոր տեխնոլոգիայի մի մասը, որն այսօր գործում է Հայաստանում:

Լուսանկարը` Narek Harutyunyan/Smithsonian Institution

Եթե ամերիկացիները հայերի մասին ինչ-որ մի բան էլ գիտեն, ապա հավանաբար գիտեն ամերիկահայ համայնքների միջոցով, իսկ ԱՄՆ հայերի մեծ մասը Արեւմտյան Հայաստանից է: Ավանդույթները տարբերվում են Արեւելյան Հայաստանում շարունակվող ավանդույթներից: Շատ ամերիկահայեր չգիտեն՝ ինչ է կատարվում Հայաստանում եւ ինչու, կարծում եմ՝ նրանց համար չափազանց հետաքրքիր կլինի ինչ-որ նոր բան բացահայտել այն վայրի հետ կապված, որը շատերը հայրենիք են համարում:

 

Հելի Բուտվինի հետ զրուցել է Ամալի Խաչատրյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին