BBC-ի գիտական լրագրող Պալլաբ Գոշը հրապարակել է 2017թ.-ի հոկտեմբերին բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգի հետ արած հարցազրույցը: Այն ժամանակ լրագրողը Հոքինգին խնդրել էր մեկնաբանել երկու նեյտրոնային աստղերի բախումից առաջացած եւ առաջին անգամ գրանցված գրավիտացիոն ալիքների մասին փաստը եւ հրապարակել նրա պատասխանի մի հատվածը միայն: Աստղագիտության համար դարակազմիկ նշանակությամբ այդ իրադարձության վերաբերյալ գիտնականի մեկնաբանությունը, ըստ էության, նրա տված վերջին հարցազրույցն է:
Մեդիամաքսը թարգմանաբար ներկայացնում է Սթիվեն Հոքինգի վերջին հարցազրույցը՝ նեյտրոնային աստղերի բախման, գրավիտացիոն ալիքների եւ սեւ խոռոչների մասին:
-Գիտության համար որքանո՞վ է կարեւոր բախվող երկու նեյտրոնային աստղերի հայտնաբերումը:
-Դա իսկապես նշանակալի իրադարձություն է: Խոսքը պատմության ընթացքում առաջին անգամ էլեկտրամագնիսական բաղադրիչով գրավիտացիոն ալիքների աղբյուրի հայտնաբերման մասին է: Այդ դիտումները փաստում են, որ նեյտրոնային աստղերի այդպիսի բախման դեպքում գամմա ճառագայթների հզոր արտանետումներ են առաջանում: Դա մեզ տիեզերական տարածությունների որոշման նոր մեթոդ է տալիս:
-Ի՞նչ են ցույց տալիս այդ բախման արդյունքում առաջացող էլեկտրամագնիսական ալիքները:
- Էլեկտրամագնիսական պայթյունը մեզ ցույց է տալիս Տիեզերքում այս օբյեկտների ճշգրիտ տեղանքը: Այն նաեւ տվյալներ է հաղորդում այդ իրադարձության «կարմիր հերթափոխի» մասին: Գրավիտացիոն ալիքները վկայում են իրադարձության ինտեսիվության մասին: Այդ տվյալների համադրումը մեզ տիեզերական տարածությունների չափման նոր միջոց է տալիս: Սա նոր տիեզերական սանդուղքի առաջին աստիճանավանդակն է:
- Արդյո՞ք, դա կօգնի հասկանալ սեւ խոռոչների առաջացման գործընթացը:
- Տեսականորեն, վաղուց պարզ էր, որ սեւ խոռոչները կարող են լինել երկու նեյտրոնային աստղերի բախումների եւ միաձուլման արդյունք: Սա առաջին դիտարկումն է, որն ապացուցում է տեսությունը: Այդպիսի բախումից, հավանաբար, արագ պտտվող գերզանգվածային նեյտրոնային աստղ է ծնվում, որը հետագայում փլուզվում է եւ առաջացնում սեւ խոռոչ:
Այս գործընթացը խիստ տարբերվում է սեւ խոռոչների ձեւավորման այլ ուղիներից (օրինակ՝ գերնոր աստղի պայթյունից կամ նեյտրոնային աստղի կողմից նորմալ աստղի էներգիան կլանելու միջոցով առաջանալու տարբերակներից): Ստացված տվյալների մանրակրկիտ վերլուծությունը եւ սուպերհամակարգիչների վրա աստղային գործընթացների մոդելավորումը մեզ բազմաթիվ նոր պատկերացումներ կտա սեւ խոռոչների ձեւավորման դինամիկայի եւ գամմա ճառագայթների արտանետումների մասին:
- Գրավիտացիոն ալիքների հայտնաբերումը կարո՞ղ է նպաստել տարածության- ժամանակի եւ ձգողականության փոխազդեցությունները հասկանալուն եւ փոխակերպել մեր պատկերացումները Տիեզերքի էվոլյուցիայի մասին:
- Այո՛, առանց որեւէ կասկածի: Տիեզերական հեռավորությունների անկախ մասշտաբը կարող է կամ հաստատել տիեզերական դիտարկումները, կամ հանգեցնել անհավատալի հայտնագործությունների: Գրավիտացիոն ալիքների դիտարկումը մեզ թույլ է տալիս ստուգել Հարաբերականության ընդհանուր տեսության դրույթների վավերականությունը գրավիտացիոն դաշտի հզորության եւ դինամիկության իրավիճակներում:
Որոշ ֆիզիկոսներ կարծում են, որ Հարաբերականության ընդհանուր տեսությունը վերանայման կարիք ունի, որպեսզի խոսափենք այնպիսի հասկացությունների օգտագործումից, ինչպիսիք են սեւ էներգիան եւ սեւ մատերիան: Գրավիտացիոն ալիքները մեզ Հարաբերականության ընդհանուր տեսության մեջ չտեղավորվող երեւույթների որոնման նոր մեթոդ են տալիս: Մենք առաջին անգամ լսեցինք գրավիտացիոն ալիքների ձայնը եւ դեռ նոր ենք սկսում գիտակցել՝ ինչ է կատարվել:
- Կարո՞ղ ենք ասել, որ նեյտրոնային աստղերի բախումը այն քիչ, գուցե եւ միակ գործընթացն է, որի հետեւանքով տիեզերքում ոսկի է առաջանում: Կարո՞ղ է այն բացատրել, թե ինչու է Երկրի վրա ոսկին այդքան հազվադեպ հանդիպում:
- Այո, նեյտրոնային աստղերի բախումները ոսկու ձեւավորման հնարավոր ուղիներից մեկն են: Այն կարող է նաեւ ձեւավորվել գերնոր աստղերի պայթյունի ժամանակ՝ արագ նեյտրոնների յուրացման ընթացքում: Ոսկին ոչ միայն Երկրի վրա, այլեւ ամենուր հազվադեպ հանդիպող տարր է: Միջուկային ուժերը պետք է հաղթահարեն ավելի ուժեղ էլեկտրամագնիսական ճնշում, որպեսզի ձեւավորեն այնպիսի կայուն ծանր միջուկներ, ինչպիսին ոսկին է:
Պատրաստեց Մարի Թարյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: