Հայկ Ալոյան. Ապօրինությանը պետք է անհապաղ վերջ տրվի - Mediamax.am

exclusive
6944 դիտում

Հայկ Ալոյան. Ապօրինությանը պետք է անհապաղ վերջ տրվի

Հայկ Ալոյանը
Հայկ Ալոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ

 

- Պարոն Ալոյան, Լիդիանի ներկայացուցիչները միջազգային արբիտրաժային դատարան գնալու մասին հայտարարությունից հետո որեւէ կերպ չեն մեկնաբանել այդ գործընթացը: Արդյո՞ք ակնկալում եք խնդրի լուծում, եւ ի՞նչ փուլում է այսօր գործընթացը:

 

- Արբիտրաժային գործընթացի մասին մեկնաբանություն չեմ ուզում անել: Նշեմ միայն, որ Հայաստանում ավելի քան 400 միլիոն դոլար ներդրած մեր ընկերությունը արդեն գրեթե մեկ տարի տեւող ապօրինության զոհ է: Ընկերությունը ակնկալում է խնդրի շուտափույթ լուծում: Լուծում չլինելու դեպքում ընկերությունը իրավունք ունի դիմել միջազգային դատարան:

 

- Մարտին արված հայտարարությունը արբիտրաժի մասին մեկնաբանվեց որպես «սպառնալիք»: Իրականում ի՞նչ նպատակով էր արվել այդ հայտարարությունը, եթե դեռեւս դատարան չեք դիմել:

 

- Հայտարարությունը իրավական գործընթացի պարտադիր մաս է: Նման մտադրության դեպքում Ընկերությունը պարտավոր է հայտարարություն անել, եւ ըստ Հայաստան-Բրիտանիա միջկառավարական համաձայնագրի, հայտարարություն անելուց առնվազն երեք ամիսը լրանալուց հետո միայն կարող է ներկայացնել հայցը: Այնպես որ, սա «սպառնալիք» չէ, այլ իրավական գործընթաց, ընդ որում, գրեթե մեկ տարի ապօրինի շրջափակումից հետո՝ կարծում եմ, առնվազն սպասելի:

 

- Այս ընթացքում Հայաստանի դատարանները հօգուտ Լիդիանի որոշումներ կայացրեցին: Մասնավորապես, դատարանը որոշեց ոստիկանությանը պարտավորեցնել վերացնել ընկերության ճանապարհների խոչընդոտները: Արդյոք դա դրական զարգացում չէ՞ր:

 

- Այդ տարածաշրջանում արդեն մեկ տարի ամենաթողություն է: Մի խումբ մարդիկ, գուցե իրենց հովանավորների երաշխավորությամբ, իրենց իրավունք են վերապահում իրականացնել անպատիժ ապօրինություն: Ի դեպ, խոսքը բառացիորեն մի քանի տասնյակ մարդու մասին է, ու ոչ թե «համայնքի», ինչպես փորձ է արվում ներկայացնել: Ինչ վերաբերվում է դատարանների որոշումներին, ընկերությունը իրականացրել եւ իրականացնում է իր գործունեությունը բացառապես օրենքի շրջանակներում եւ մեր տարածքում տեղի ունեցողը ապօրինություն է:

 

Դատարանները հաստատել են, որ ընկերությունը միանգամայն ճիշտ է այս վեճերում: Մենք ակնկալում ենք ոստիկանությունից եւ պատկան մարմիններից ապահովել դատարանի որոշման իրագործումը եւ օրենքի վերականգնումը, ինչպես նաեւ հստակ երաշխիքներ, որ օրենքը գործելու է նաեւ ապագայում: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, երկրի խոշորագույն ներդրողի իրավունքները շարունակում են ոտնահարված լինել թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային իրավունքի տեսանկյունից: Ու դա անխուսափելորեն ազդում է եւ ազդելու է երկրի վարկանիշի ու որպես հետեւանք՝ տնտեսության վրա:

 

- Կառավարությունը մշտապես ասել է, որ միջազգային փորձաքննության արդյունքներից հետո որոշում կկայացնի, քանի որ բնապահպանական մտահոգություններ կան: Լիդիանը իր պաշտոնական հաղորդագրություններում հայտարարել է, որ այս գործընթացը իրավական հիմք չունի: Դուք դե՞մ եք այդ փորձաքննությանը:

 

- Իրավական տեսանկյունից մեր ընկերության չգործելը եւ ճանապարհների վերաբացումը որեւէ փորձաքննությամբ պայմանավորելը որեւէ իրավական հիմք չունի:

 

Լիդիանը ունի Հայաստանի Հանրապետությունից ստացված բոլոր օրինական թույլտվությունները շինարարությունը եւ հետագա շահագործումը իրականացնելու համար: Ընկերությունը համարում է, որ այս փորձաքննության համար որեւէ իրավական հիմք չկա, քանի որ բոլոր թույլտվությունները օրինական են: Մեզ տված թույլտվությունը նույնքան օրինական է, որքան այլ ընկերություններինը եւ այս փորձաքննությունը ոչ այլ ինչ է, քան խտրական թիրախավորում:

 

- Կառավարությունն ասում է, որ Ամուլսարի դեպքում կան մտահոգություններ, եւ իրարամերժ գնահատականներ, եւ դա է փորձաքննության պատճառը:

 

- Դուք իրավաբան չեք, ես՝ նույնպես, բայց փորձենք տրամաբանական իրավական գնահատական տալ հետեւյալ պատկերին: Պատկերացրեք, որ X կամ Y ձեռնարկությունը ունի օրենքով թույլատրված որեւէ գործունեություն իրականացնելու համար բոլոր օրինական թույլտվությունները: Մի խումբ մարդիկ դեմ են այդ ձեռնարկության գոյությանը եւ փակում են այդ ձեռնարկության մուտքը: Նման դեպքում արդյո՞ք պետք է կամայական անտեսվի ընկերության օրինական թույլտվությունը եւ հայտարարվի նոր փորձաքննության մասին: Փորձաքննություն իրականացնել-չիրականացնելն, անշուշտ, պետության գործն է: Բայց իրավական տեսանկյունից ոչ մի փորձաքննություն չի կարող արդարացում լինել ապօրինի փակ ճանապարհների եւ ընկերության գործունեության խոչընդոտման համար:

 

- Իսկ բնապահպանական մտահոգությունների տեսանկյունի՞ց:

 

- Առանց վարանելու կարող եմ ասել, որ Ամուլսարը Հայաստանում ամենաստուգված հանքն է: Մեր միջազգային ներդրողների պահանջով մենք արդեն մի քանի տարի անցնում ենք միջազգային լրջագույն բնապահպանական աուդիտորական կազմակերպությունների աուդիտ: Բոլոր միջազգային աուդիտները հաստատել են, որ հանքը նախագծված է եւ կառուցվում է ամենաբարձր միջազգային չափանիշներով: Սա կարող է դառնալ նախադեպ՝ Հայաստանում նոր չափանիշներ ներմուծելու առումով, մինչդեռ հենց Ամուլսարի ճանապարհներն են փակ, երբ հանքը դեռ չի էլ գործում, ու այնտեղ ընդամենը շինարարություն էր ընթանում: Այս տարվա ընթացքում այս ամենաստուգված ընկերությունը անցնում է երրորդ փորձաքննությունը: Մեկնաբանությունները, կարծում եմ, ավելորդ են:

 

- Արդյո՞ք սա նշանակում է, որ եթե փորձաքննության արդյունքները Լիդիանի համար բարենպաստ չլինեն, դատարան կգնաք:

 

- Չեմ ուզում մեկնաբանել հետագա զարգացումերը: Մենք վստահ ենք մեր բնապահպանական չափանիշների վրա եւ վստահ ենք, որ կարող ենք պաշտպանել մեր փաստաթղթերի վավերականությունը համապատասխան հարթակներում: Առայժմ՝ այսքանը:

 

Ի դեպ, ուզում եմ արձանագրել, որ Ընկերությունը միշտ բաց ու թափանցիկ է եղել եւ վստահ եմ, որ պետական համապատասխան կառույցները կհաստատեն, որ նույնիսկ այս պայմաններում էլ երբեւէ չենք հրաժարվել համագործակցությունից որեւէ փորձաքննության հետ, տրամադրելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները: Ընկերությունը փորձաքննության ձգձգման հետ որեւէ առնչություն չունի:

 

- Ինչպե՞ս եք գնահատում փորձաքննող լիբանանյան ընկերության փորձառությունը:

 

- Կարծում եմ, տեղին չէ, որ մենք մեկնաբանենք այդ կազմակերպության որակավորումը: Կարող եմ ասել, որ Ամուլսարը նախագծել եւ աուդիտի են ենթարկել արեւմտյան ամենաառաջատար ընկերությունները:

 

- Ճանապարհների վերաբացման դեպքում որքա՞ն ժամանակ կպահանջվի աշխատանքները վերսկսելու համար, եւ ինչ վնասների մասին կարող է լինել խոսքը: Արդյո՞ք ազատված աշխատուժը վերադառնալու է աշխատանքի:

 

- Ֆինանսական վնասներն, անշուշտ, ահռելի են, բայց հիմա այդ հարցին անդրադառնալու ժամանակը չէ: Այս պահին մեզ համար առաջնահերթությունը օրենքի վերականգնումն է: Անխափան մուտքի վերականգնման դեպքում անհրաժեշտ կլինի գնահատել իրավիճակը տեղում, այն աշխատանքները, որոնք անհրաժեշտ է իրականացնել տեղանքը վերականգնելու համար: Այնուհետեւ նոր պարզ կլինի վերսկսելու եւ շինարարությունն ավարտելու ժամկետները:

 

Հայկ Ալոյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին