Ռալֆ Հաքերտ. Հայաստանում ծնելիության անկման հիմնական պատճառը գործազրկության բարձր ցուցանիշն է - Mediamax.am

exclusive
5051 դիտում

Ռալֆ Հաքերտ. Հայաստանում ծնելիության անկման հիմնական պատճառը գործազրկության բարձր ցուցանիշն է

Ռալֆ Հաքերտը
Ռալֆ Հաքերտը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանում ծնելիության գումարային գործակցի ցուցանիշը մեկ կնոջ հաշվով կազմում է 1.5 երեխա: Մինչդեռ մեր երկրի բնակչության պարզ վերարտադրության ապահովման համար անհրաժեշտ է, որպեսզի այդ գործակիցը լինի 2.1:  Ծնելիության անկման ֆոնին (2012 թ. արձանագրվել է 2.3%- անկում) Հայաստանում նկատվում է բնակչության ծերացման միտում:

 

Հայաստանի ներկայիս ժողովրդագրական խնդիրներին ծանոթանալու նպատակով Հայաստան է այցելել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Բնակչության եւ զարգացման մասնաճյուղի տվյալների եւ հետազոտությունների գծով ավագ փորձագետ Ռալֆ Հաքերտը: Այցի ընթացքում փորձագետը հանդիպումներ է ունեցել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության ներկայացուցիչների հետ:

 

Մեդիամաքս-ի թղթակիցը զրուցել է Ռալֆ Հաքերտի հետ` փորձելով պարզել Հայաստանում վերարտադրողականության անկման պատճառները, ծնելիության խթանման ուղիները:

 

-Պարոն Հաքերտ, որո՞նք են Հայաստանում ծնելիության անկման հիմնական պատճառները:

 

- Հայաստանի նման երկրների համար, որոնք ունեն փոքրաթիվ բնակչություն, ցածր վերարտադրողականությունն իսկապես մտահոգիչ խնդիր է, որն ուղղակիորեն առնչվում է ձեր երկրի ազգային անվտանգության հետ: Այս խնդիրը պետք է ուսումնասիրել լայն համատեքստում: 

 

Իմ դիտարկմամբ, Հայաստանում ծնելիության անկման հիմնական պատճառները երկուսն են ՝ գործազրկության բարձր ցուցանիշը եւ արտագաղթը: Կհամաձայնեք, որ երիտասարդ ամուսնական զույգերին շատ դժվար կլինի համոզել կամ խրախուսել, որպեսզի նրանք շատ երեխաներ ունենան, երբ անգամ իրենք վստահ չեն, թե ինչպիսի՞ն է լինելու իրենց սոցիալ-տնտեսական վիճակը կարճաժամկետ եւ միջնաժամկետ ապագայում, կամ արդյո՞ք իրենք կայուն աշխատանք եւ վարձատրություն կունենան բազմանդամ ընտանիքի կարիքներն ապահովելու  համար: Սա առավել բարդ է թվում, երբ պետությունը պարզապես ի վիճակի չէ առաջարկել այդ ընտանիքներին երկարատեւ օժանդակության եւ խրախուսման ծրագրեր:  

 

Այսինքն, ծնելիության աճ ապահովելու համար կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի առնվազն այս երկու խնդրին՝ գործազրկության վերացմանը եւ արտագաղթի կասեցմանը:

 

- Հայաստանի կառավարությունը վերջին տարիներին իրականացնում է մի շարք ծրագրեր՝ օժանդակելու երիտասարդ ընտանիքներին եւ խրախուսելու ծնելիությունը: Մի՞թե դրանք արդյունավետ չեն բարձր վերարտադրողականություն ապահովելու համար : 

 

-Այն երկրները, որտեղ դիտվում է ցածր վերարտադրողականություն, հիմնականում միտված են ձեռնարկել այնպիսի միջոցառումներ, որոնք թույլ կտան արագ հասնել ծնելիության բարձր մակարդակին: Դա արդարացված քայլ է կառավարությունների կողմից, սակայն, միշտ չէ, որ այդ միջոցառումները արագ եւ կայուն արդյունք են տալիս:

 

Խոստովանեմ՝ ես միանվագ նպաստների տրամադրման կողմնակից չեմ: Եթե կառավարությունը ցանկանում է արդյունքի հասնել, ապա պետք է տանի իր քաղաքականությունն այն ուղղությամբ, որպեսզի երիտասարդները կայուն աշխատանք ունենան եւ ապրեն Հայաստանում: Ծնելիությունը խթանելու համար պետք է պետության մշտական ուշադրությունը, այլ ոչ թե միանվագ նպաստները, օգնությունը:

 

Պարզ լեզվով ասած, այդ միանվագ ծրագրերն այնպիսի դրամատիկ ազդեցություն չեն թողնի Հայաստանի ժողովրդագրական պատկերի վրա, ինչպես օրինակ, գործազրկության մակարդակի կտրուկ նվազեցումը:

 

Միանվագ ընտանեկան նպաստներն ու կարճաժամկետ օժանդակության ծրագրերը խնդրի լուծման դեղատոմս չեն: Անհրաժեշտ է լուրջ ֆինանսական ներդրումներ  ուղղել երեխայի խնամքի, ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման ուղղությամբ: Օրինակ,  Ֆրանսիան իր ՀՆԱ 3-3.5% ուղղում է ծնելիության խրախուսման, երեխաների խնամքի բարելավման ուղղությամբ:  Դա հսկայական գումար է, եւ հասկանալի պատճառներով, Հայաստանը չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ:

 

- Այս հարցում Հայաստանը, անշուշտ, չի կարող համեմատվել Ֆրանսիայի հետ: Ի՞նչ կարող են անել Հայաստանի նման փոքր բյուջեով երկրներն այս ուղղությամբ:  

 

- Ես աշխատանքի փորձ ունեմ Բուլղարիայում, Բոսնիա եւ Հերցոգովինայում, Մակեդոնիայում: Մակեդոնիայի օրինակով կարող եմ ասել, որ այդ երկրի կառավարությունն իրականացնում է երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի սուբսիդավորում: Ի տարբերություն Հայաստանում իրականացվող միանվագ միջոցառումների, Մակեդոնիայի կառավարությունը աջակցում է երեք եւ ավելի երեխաների ունեցող ընտանիքներին 10 տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր երրորդ եւ հաջորդ երեխայի համար ամսական տրամադրելով $ 150: 

 

Այս քաղաքականությունը որոշակի հաջողություն արձանագրել է:  2009 թ-ից Մակեդոնիայում երրորդ եւ չորրորդ երեխաների ծնելիության աճ է նկատվել: Բայց մենք պարզեցինք նաեւ, որ այս քաղաքականությունը շատ թանկ հաճույք է այդ երկրի համար: Ստացվում է, որ կառավարությունը 55-60 հազար եվրո պետք է հատկացնի՝ յուրաքանչյուր երեխային 10 տարի սուբսիդավորելու համար:

 

Իհարկե, ծնելիության բարձրացման տեսանկյունից սա կունենա շատ տպավորիչ արդյունք, սակայն այն նաեւ շատ մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում եւ պետությունը պետք է պատրաստ լինի դրան:

 

Կարծում եմ, որ Հայաստանի պարագայում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ թե ծնելիության աճի ապահովման, այլ, նախևառաջ, բնակչության կենսամակարդակի բարձրացման վրա, որն էլ իր հետ կբերի բարձր վերարտադրողականության:  

 

-Ինչպիսի՞ն է իրավիճակը մեր հարեւան երկրներում ՝ Վրաստանում եւ Ադրբեջանում:

 

-Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի, մի փոքր այլ ժողովրդագրական իրավիճակում է գտնվում: Ադրբեջանում ծնելիության մակադրակը բավականին բարձր է, քան սովորական վերարտադրությունը: Այնպես որ, Ադրբեջանն այս պահին ծնելիության մակարդակը բարձրացնելու համար որեւէ հատուկ քաղաքականություն մշակելու կարիք չունի: Վրաստանում տիրող իրավիճակին ծանոթ չեմ:

 

- ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանը արագ ծերացող երկրների շարքում է: Հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, 65-ից բարձր անձանց մասնաբաժինը կազմում է ընդհանուր բնակչության 11 %-ը եւ մինչեւ 2030 թ.-ը այն կհասնի 18 %-ի: Արդարացվա՞ծ են արդյոք այս մտավախությունները եւ ծնելիության այս ցածր մակարդակի դեպքում ի՞նչ պատկեր կունենանք:

 

- Հայաստանը միակ ծերացող երկիրը չէ: Եվրոպական մի շարք երկրներ արդեն կանգնել են այս խնդրի  առաջ: Եվրոպական երկրները, օրինակ, բարձրացնել են կենսաթոշակի անցնելու տարիքային շեմը, տարեց մարդկանց համար փորձում են ապահովել ակտիվ զբաղվածություն: 

 

Հայաստանում անցկացրած իմ հանդիպումների ընթացքում նկատեցի, որ ձեր իշխանություններն անկեղծորեն մտահոգված են այս խնդրով: Կարծում եմ, սա նաեւ քաղաքական հարց է ձեր երկրի համար եւ այն դեռ երկար կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում:

 

-Ձեր վերլուծությունների արդյունքում պատրաստվու՞մ եք արդյոք խորհրդատվություն ներկայացնել հայկական կողմին:

 

-Իհարկե, ես չեմ ներկայացնելու այնպիսի առաջարկություններ, ինչպես, օրինակ, ավելացնել յուրաքանչյուր երեխային հատկացվող միանվագ գումարը: Պարզապես փորձելու եմ ներկայացնել, թե ինչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել եւ դրանց իրականացման դեպքում ինչ հավանական արդյունավետության կարելի է հասնել: Որոշակի այլընտրանքային քաղաքականության տարբերակներ կներկայացնեմ, որոնք ձեր կառավարության համար կարող են օգտակար լինել: Օրինակ, Հայաստանում իմ հանդիպումների արդյունքում պարզվեց, որ ձեր երկրում չեն դիտարկել երեխաներ ունեցող կանանց համար աշխատանքային ճկուն ժամեր սահմանելու, հայրական դեկրետի ներդնելու անհրաժեշտությունը: Մինչդեռ այս բոլոր քայլերի ապահովումը լրջորեն ազդել է Եվրոպայում ծնելիության բարձրացման վրա:

 

Ռալֆ Հաքերտի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին