«Արցախում անելու ենք անհամեմատ ավելին»,- ասել է նախագահը - Mediamax.am

9540 դիտում

«Արցախում անելու ենք անհամեմատ ավելին»,- ասել է նախագահը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ պետականության հռչակմամբ Ղարաբաղյան շարժումը ոչ թե մարեց, այլ դարձավ պետական քաղաքականություն:

«Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձը մենք տոնում ենք՝ լսելով նույն հոխորտանքները, նույն սպառնալիքները, ինչ 30 տարի առաջ: 30 տարի շարունակվում է հայատյացության քարոզչությունը: Թվում է, թե ոչինչ չի փոխվել: Սակայն մենք ենք փոխվել: Արդեն 30 տարի ադրբեջանական լուծը թոթափած ազատ Արցախը զարգանում է առաջանցիկ տեմպերով՝ թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես, թե՛ մշակութապես»,- ասված է Արցախի վերածննդի օրվա եւ Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ Սերժ Սարգսյանի հղած ուղերձում:

 

Երկրի ղեկավարի խոսքով՝ հասարակական գիտակցության մեջ գուցե եւ արդարացված ընկալում կա, որ արվածը բավարար չէ:

 

«Ուստի, մենք անընդհատ պետք է բարձրացնենք մեր պահանջների եւ ակնկալիքների նշաձողը,- ասել է երկրի ղեկավարը: -Որպես ժողովուրդ եւ պետություն՝ մենք դեռ շատ գործ ունենք անելու: Հսկայական անելիք կա բոլոր ասպարեզներում, բայց այն, ինչ միասին արել ենք անցած 30 տարիների ընթացքում, երբեմն՝ ծանրագույն պայմաններում, իսկապես քիչ չէ: Մենք անելու ենք անհամեմատ ավելին եւ կրկին համարելու ենք, որ քիչ է»:

 

«Անազատությունը չունի արդարացում, եւ ազատությունը չունի այլընտրանք: Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում մենք կառուցում ենք ժամանակակից եւ ժողովրդավարական պետություններ»,- հավելել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին