Խաչատուր Խաչատրյան. Մաթեմատիկան գիտության թագուհին եւ ծառան է - Mediamax.am

exclusive
16783 դիտում

Խաչատուր Խաչատրյան. Մաթեմատիկան գիտության թագուհին եւ ծառան է


Խաչատուր Խաչատրյանը
Խաչատուր Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաչատուր Խաչատրյանը
Խաչատուր Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաչատուր Խաչատրյանը
Խաչատուր Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաչատուր Խաչատրյանը
Խաչատուր Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մաթեմատիկա` սիրո, արդարության եւ զարգացման շարժիչ: Այսպես են կառուցվածքների, հաջորդականությունների և հարաբերությունների մասին գիտությունն ընտրած մարդիկ բնութագրում այն:

 

Մեդիամաքսը եւ VOLO ընկերությունը համատեղ ներկայացնում են նոր խորագիր` Մաթարվեստ: Այն պատմում է Մաթեմատիկայի երկիր Հայաստանում այդ գիտությունը զարգացնող տաղանդավոր մարդկանց ու նրանց աշխատանքի մասին: Այսօր աշխարհում մաթեմատիկան առանցքային նշանակություն ունի, եւ մենք հույս ունենք, որ Մաթարվեստը կնպաստի նրան, որպեսզի հայ երիտասարդները ընտրեն այս մասնագիտությունը:

 

ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Խաչատուր Խաչատրյանն իր եւ մարդկության կյանքը բնութագրում է Պյութագորասի թեորեմով:

 

«Դա գիտության ամենակայուն փաստերից է: Իհարկե, այսօր համարվում է հասարակ ստացվող մի բան, բայց դա ամենափայլուն արդյունքներից մեկն է մարդկության պատմության մեջ: Մարդկությունը, եթե նույնիսկ վերանա, Պյութագորասի թեորեմը մնալու է»,- ասում է նա:

 

Մաթեմատիկա՝ անսահման օվկիանոսը

 

Խաչատուրի ծնողները մաթեմատիկոսներ են: Սերն առաջացել է տանը, իսկ ավելի խորությամբ մաթեմատիկա սկսել է ուսումնասիրել, երբ 6-րդ դասարանից տեղափոխվել է Ֆիզմաթ դպրոց:

 

«Ծնողներիցս բացի, ինձ ոգեշնչել են հայկական մաթեմատիկայի կայսր Սերգեյ Մերգելյանը, իմ դասախոսները, գիտական ղեկավարը, ակադեմիկոս Վլադիմիրովը, արտասահմանցի այլ գիտնականներ: Հիմա ես եւ մաթեմատիկան անընդհատ իրար հետ ենք: Լինում են իրավիճակներ, որ նույնիսկ քնից վեր եմ թռնում՝ ինչ-որ խնդրի վրա մտածելով: Իմ կյանքն առանց մաթեմատիկայի չեմ կարող պատկերացնել»,- ասում է 35-ամյա գիտնականը:

 

Գերազանցությամբ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է համալսարան: Այդ ժամանակ՝ ԵՊՀ Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետում ուսանելու տարիներին, ձեռք բերել ներքին համոզումը, որ հենց սա է իր ուղին:

Խաչատուր Խաչատրյանը Խաչատուր Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գիտությունների մեջ ամենաճշգրիտը մաթեմատիկան է: Մաթեմատիկան գիտության եւ թագուհին է, եւ ծառան: Թագուհին է, որովհետեւ ամենաճշգրիտն է, եւ ծառան է, որովհետեւ ծառայում է մյուս ուղղություններին: Մաթեմատիկան աստվածային գիտություն է եւ ինչ-որ առումով անհասանելի է: Երբ զարգանում ես ու նոր արդյունքներ ունենում, զուգահեռ հասկանում ես, թե ինչքան քիչ բան դու գիտես: Անսահման օվկիանոս է, որի մեջ դու ընդամենը մի դույլ ջուր ես: Այստեղ է ամբողջ գայթակղությունը»: 

 

Մաթեմատիկական հետաքրքրությունների շղթան

 

Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտում Խաչատուրն աշխատում է 2005թ.-ից: Մերգելյանի անվան առաջին կարգի մրցանակի դափնեկիր գիտնականն այժմ զբաղվում է մի քանի թեմաներով՝ Բոլցմանի ոչ գծային հավասարումների տեսություն, երկրում հարստության բաշխման տեսություն, որը տնտեսագիտության մեջ է կիրառվում ու նպատակ ունի միջին եկամուտը գտնելու, եւ ֆիզիկայում բավական շատ կիրառություններ ունեցող p adic մաթեմատիկական ֆիզիկա, որը նոր ուղղություն է:

 

p adic մաթեմատիկական ֆիզիկայում առաջացող հավասարումները ըստ ժամանակի ազատ խնդիրներ են, որոնց լուծման գոյության, միակության, ողորկության հարցերի ուսումնասիրության ոլորտներում Խաչատուրն արդեն արդյունքներ գրանցել է:

Խաչատուր Խաչատրյանը Խաչատուր Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բոլցմանի ոչ գծային հավասարումների տեսության կիրառությունների մասին Խաչատուր Խաչատրյանը խոսում է թռչող սարքերի օրինակով. «Թռչող սարքի՝ (օդանավ, տիեզերական սարք) բավական մեծ արագությամբ թռնելուց եւ որոշակի բարձրություն հավաքելուց հետո, շփման հետեւանքով, առաջանում է այսպես կոչված պատ, որից դուրս ջերմաստիճանն այլ է: Հարց է առաջանում՝ որքա՞ն կլինի սարքի վրա եղած ջերմաստիճանի եւ դրսի ջերմաստիճանի տարբերությունը: Տիեզերական սարքերի համար ջերմաստիճանի տարբերությունը շատ կարեւոր նշանակություն ունի, եւ այն նկարագրվում է շատ բարդ ոչ գծային ինտեգրոդիֆերենցիալ հավասարումով, որն առ այսօր գիտության մեջ լուծված չէ: Նման դեպքերում գիտնականները մոդելներ են ստեղծում, եւ այդ մոդելների շրջանակներում ինձ մոտ կան բավական կարեւոր արդյունքներ»:

 

Խաչատուրը զբաղվում է նաեւ կոնկրետ խնդիրներով, որոնք միայն մաթեմատիկական հետաքրքրություններ ունեն:

 

Ինչպե՞ս սովորել սիրել մաթեմատիկան

 

Մաթեմատիկական տրամաբանությունը, ինչպես ասում է Խաչատուրը, ամեն մարդու կյանքում անհրաժեշտ է, թեկուզ ճիշտ կողմնորոշվելու համար: Նա կարեւորում է, որ մարդիկ որոշակի մակարդակով տիրապետեն այս գիտությանը:

 

Գիտնականը ցավով նշում է, որ այսօր դպրոցականներն ամենատարրական բաները չգիտեն: Ասում է՝ բանալին ուսուցչի եւ դասագրքի մեջ է.

 

«Սկզբում ունեինք փայլուն դասագրքեր: Այնուհետեւ ինչ-որ խմբեր սկսեցին գրքեր գրել: Հիմա էլ կան լավ դասագրքեր, բայց վատերի առկայության պայմաններում դասարանից դասարան անցնումը ողորկ չի ստացվում: Դա երեխաների մոտ որոշակի վատ նստվածք թողեց: Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ես հիշում եմ՝ մայրս պատմում էր, որ երբ իրենք ավարտում էին բուհը, թեկուզ գերազանցիկ սովորելով, պարտավոր էին գյուղական որեւէ համայնքում մեկ-երկու տարի դասավանդել: Այսօր գերազանց սովորողները միանգամից ընտրում են ասպիրանտուրայի ճանապարհը, միջին սովորողները գնում են բանկեր եւ այլ կազմակերպություններ, իսկ միջինից ցածր եւ թույլերը՝ դպրոց: Ստացվում է, որ այսօրվա ուսուցիչները նախկին վատ ուսանողներն են: Ինչ վերաբերում է ավագ սերնդի ուսուցիչներին, կրթական համակարգը փոխվում է, զարգանում, նրանք էլ տարիքով մեծ են, չեն հասցնում իրենց վրա աշխատել եւ համընթաց քայլել: Պետք է նշեմ, որ նաեւ լավ ուսուցիչներ ունենք, որոնք հիմնականում թեքումով դպրոցներում են դասավանդում»:  

 

Երիտասարդներին գիտության մեջ պահելու գաղտնիքը

 

Հայաստանում գիտության ապագայի առումով Խաչատուրը պոտենցիալ տեսնում է երիտասարդների շրջանում: Նա ունի չորս պաշտպանած թեկնածու եւ երեք ասպիրանտ, որոնց, ինչպես ասում է, ամեն օր համոզում է, որ պետք է զբաղվել գիտությամբ, չնայած գիտաշխատողի ցածր աշխատավարձին: Նրա կարծիքով, երիտասարդներն այդ հարցը կարող են լուծել գրանտների օգնությամբ եւ արտասահմանի հետ ակտիվ համագործակցությամբ:

Խաչատուր Խաչատրյանը Խաչատուր Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գիտական ղեկավարների դերը շատ մեծ է ուսանողների՝ հետագայում գիտության մեջ մնալու հարցում: Բոլոր աշակերտներիս սկզբում բավական շատ օգնում եմ, առաջին ուղին բացում եմ: Հետագայում, եթե մարդն ուզում է աճել, մնում է գիտության մեջ:   

 

Ինչ վերաբերում է ղեկավարիներին, որոնք մի քիչ ավելի «ժլատ» են իրենց ուսանողներին ուղի բացելու եւ հետագայում նաեւ դիրքերը նրանց զիջելու հարցում, ապա դա ավելի շատ ավագ սերնդի մոտ է: Իմ սերնդի գիտնականների մոտ այդպիսի հատկություն չեմ նկատել: Ավագ սերնդի մոտ գուցե դա պայմանավորված է նրանով, որ այդ ամենն իրենց ավելի դժվար է տրվել: Թեեւ ինձ էլ հեշտ չի տրվել, ես բավական բարդ ճանապարհ եմ անցել, բայց, երևի դրա բացատրությունն իմ երիտասարդ լինելու մեջ է, որ այդպես չեմ նայում հարցին»:

 

Միջառարկայական գիտական կապը

 

Ինչ վերաբերում է մաթեմատիկական աշխարհում Հայաստանի դիրքերին, ապա, ըստ գիտնականի, դիֆերենցիալ հավասարումների տեսության առումով դրանք բավական լավն են, եւ կան լուրջ մաթեմատիկոսներ, որոնք համաշխարհային մակարդակի արդյունքներ են գրանցել:

 

«Այսօր մաթեմատիկայի ակտիվ զարգացող ճյուղերից են p adic մաթեմատիկական ֆիզիկան, նանոտեխնոլոգիաները, տնտեսագիտական մոդելների շրջանակներում սառաջացող խնդիրները, բիոինֆորմատիկան, կոդավորման տեսությունը: Դրանք գերակա ուղղություններ են մաթեմատիկայում, եւ պետք է զարգացնել: Մաթեմատիկական շուկայում զուտ թեորեմը, որը կիրառություն չունի, մեծ արժեք չի ներկայացնում: Տեսաբանը կարող է ստանալ թեորեմը, դրա որոշակի կիրառություններ անել, բայց հետագա կիրառությունները պետք է անեն հարակից գիտական ուղղություններով զբաղվողները: Միջառարկայական գիտական կապը, համագործակցությունը շատ կարեւոր է, որը դպրոցից պետք է դրվի»:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

Նախագծի գլխավոր գործընկերը VOLO ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին