«ՄԿՌ մեդիա-Արմենիա» խումբն ամրապնդել է դիրքերը - Mediamax.am

136670 դիտում

«ՄԿՌ մեդիա-Արմենիա» խումբն ամրապնդել է դիրքերը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Նոր բաժնետերերի խոշոր ներդրումները հնարավորություն են տվել «ՄԿՌ մեդիա-Արմենիա»-ին դուրս գալ զարգացման նոր փուլ:

Այդ մասին Մեդիամաքսի հետ զրույցում ասել է «ՄԿՌ մեդիա-Արմենիա» ընկերության տնօրեն Տիգրան Հակոբյանը:

 

Խմբի մաս են կազմում «21tv» հեռուստաընկերությունը, ինչպես նաեւ «Արձագանք FM 103.5»  ռադիոկայանը, «Դոմինանտ Փրոդաքշն» արտադրական ընկերությունը, «Մեդիա Ֆոկուս» գովազդային գործակալությունը: Վերոնշյալ մեդիահարթակների խոշոր բաժնետերերն են «ՄԿՌ մեդիա» հոլդինգը (Ռուսաստանի Դաշնություն) եւ հոլդինգի բաժնետերերը:

 

Տիգրան Հակոբյանի խոսքով՝ հեռուստառադիոընկերությունների լսարանների մասնագիտացված չափման տվյալների համաձայն` 2015թ. եւ՛ «21tv»-ն, եւ՛ «Արձագանք» ռադիոկայանը վարկանիշային աղյուսակում շոշափելի առաջխաղացում են ունեցել:

 

«Բացի այդ, «21tv»-ն եւ «Դոմինանտ Փրոդաքշն»-ը  ընդհանուր $ 191 հազ-ի ծառայություններ են մատուցել ռուսաստանյան մեր գործընկերներին (հեռուստահաղորդումներ, գրաֆիկական դիզայն, կայքերի պատրաստում եւ այլն): Այսինքն` խումբը իր հիմնադրման առաջին օրերից սկսած նաեւ ապրանքներ եւ ծառայություններ արտահանող կազմակերպություն է դարձել, ինչն արտարժույթի մուտքեր է ապահովում դեպի Հայաստան, վճարվում են համապատասխան հարկեր, նոր աշխատատեղեր են բացվում եւ այլն»,- նշել է Տիգրան Հակոբյանը:

 

Նա հայտնել է նաեւ, որ «ՄԿՌ մեդիա-Արմենիա» ընկերությունների խումբը ներգրավված է Ղրղըզստանում մի քանի մեդիանախագծերի իրականացման գործընթացում, ինչը ենթադրում է ոչ միայն ֆինանսական հոսքեր դեպի Հայաստան, այլեւ վերջինիս անհրաժեշտ ինֆորմացիոն համագործակցություն ԵԱՏՄ անդամ պետության հետ:

 

Տիգրան Հակոբյանը հիշեցրել է, որ 2015թ. «ՄԿՌ մեդիա»-ի ֆինանսավորմամբ կազմակերպվել է Չայկովսկու անվան միջազգային պատանեկան 9-րդ մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը եւ հաղթողների մասնակցությունը եզրափակչին, որը կայացել է Նովոսիբիրսկում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին