Նրանք նկարում էին պատերազմը - Mediamax.am

exclusive
110574 դիտում

Նրանք նկարում էին պատերազմը


Լուսանկարը` Կարեն Գեւորգյանի

Լուսանկարը` Կարեն Գեւորգյանի

Լուսանկարը` Կարեն Գեւորգյանի

Լուսանկարը` Կարեն Գեւորգյանի

Լուսանկարը` Կարեն Գեւորգյանի

Լուսանկարը` Կարեն Գեւորգյանի

Լուսանկարը` Կարեն Գեւորգյանի

Լուսանկարը` Կարեն Գեւորգյանի

Լուսանկարը` Կարեն Գեւորգյանի

Լուսանկարը` Կարեն Գեւորգյանի


Լույս է տեսել «Նրանք նկարում էին պատերազմը» երկլեզու (հայերեն եւ անգլերեն) գիրքը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության եւ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին:

 

Գրքում տեղ են գտել Արցախյան պատերազմի 1991-1994 թթ կինովավերագրողների հետ արված հարցազրույցները, որոնք պարբերաբար հրատարակվել են «Կինոաշխարհ» (kinoashkharh.am) մասնագիտացված կայքի «Պատերազմի վավերագրողները» շարքում:

 

Պատերազմի վավերագրողներին «Կինոաշխարհում» ներկայացնելու առաջարկը չորս տարի առաջ արել է լրագրող Ալիսա Գեւորգյանը, ինչը սիրով ընդունվել է: Սակայն ընթերցողների արձագանքները եւ նրանց շրջանում կատարած թռուցիկ հարցումները «Կինոաշխարհի»  խմբագրակազմին հանգեցրել են այն համոզման, որ ժամանակ առ ժամանակ այս կամ կինոգործչին ներկայացնելը բավական չէ, հարկ է ընդհանրացված ու ամբողջական տեղեկություն տալ, մեկտեղել բոլորին` ամփոփելով մի գրքի մեջ: Անահիտ Հարությունյանը եւ Ռուզան Բագրատունյանը ձեռնամուխ են եղել ժողովածուն կազմելու գործին:

 

Դժվար է եղել ընտրության սկզբունքը սահմանելը: Հարկ էր որոշել՝ ընդգրկե՞լ լրագրողներին կամ այն ռեժիսորներին, որոնք պատերազմի մասին վավերագրական կինոնկարներ են նկարահանել, սակայն ճակատում չեն եղել, ինչպե՞ս տեղեկացնել այն օպերատորների մասին, որոնք զոհվել են ճակատում: Ի վերջո, որոշվել է սույն ժողովածով ներկայացնել կինոգործիչներին, որոնք նկարահանումներ են իրականացրել առաջնագծում: Հարցազրույցներին կից ներկայացված են նաեւ կինոգործիչների կենսագրությունն ու ֆիլմագրությունը:

 

Գիրքն ամբողջացնում են պատերազմական կադրերը, որոնք ամփոփվել են երկու խտասկավառակում: Գրքի պատասխանատուներին հաջողվել է 19 նյութ ձեռքբերել: Պարզվել է` 34 վավերագիրներից քչերն իրենց արխիվում տեսագրություն ունեն: Մի քանիսը պատրաստի ֆիլմեր են տրամադրել, որոնցից հարկ է եղել պատերազմական կադրերը մոնտաժել, առանձնացնել: Որոշ տեսանյութեր տրամադրել է Պաշտպանության նախարարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը, «Զինուժ» ստուդիան եւ ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը:

Լուսանկարը` Կարեն Գեւորգյանի

«Նրանք նկարում էին պատերազմը» հրատարակության են պատրաստել Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ «Հոգեւոր Հայաստան» մշակութային հասարակական կազմակերպությունը` ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

 

Անահիտ Հարությունյանի հետ մեր զրույցը գրքի կարեւորության, վավերագիրների անցած ճանապարհի եւ մերժամանակյա խնդիրների շուրջ է:

 

- Գրքի առաջաբանում նշել եք, որ տեսախցիկը գործածողը, անշուշտ, կարող էր ընտրողաբար նկարահանել դեպքերն ու դեմքերը եւ ընտրողաբար էլ ցուցադրել նկարահանածը, բայց այն, ինչ ցուցադրվում էր, միեւնույն է, իրական էր: Բոլոր դեպքերում շատ դժվար է խոսել, նկարել, կարծիք հայտնել քո ժամանակի մասին: Հետադարձ հայացքը վավերագիրների ինչպիսի՞ն է: Ինչպե՞ս են դատում-գնահատում իրենց աշխատանքը:

 

- Այս ամբողջ աշխատանքի ընթացքում մեզ ապշեցնում էր այդ մարդկանց համեստությունը: Ո´չ պարծանք կա նրանց մեջ, ո´չ հպարտություն,  խոսում էին այնպես, կարծես շատ սովորական բան են արել, եւ հիմնականում ասում էին, որ գնում էին ճակատ, որովհետեւ ուղղակի չէին կարող չգնալ: Դժվարությունների մասին էլ ժպիտով էին խոսում: Մեր տպավորությամբ՝ ոմանց  դեպքում գերակշռել է մասնագիտական պատասխանատվությունը, ոմանց դեպքում ավելի շատ՝ կռվին մասնակցելու մղումը: Հիմա նրանց միայն բան է հետաքրքրում՝ պահպանել այն, ինչ մնացել է:

 

-Ի՞նչ գնահատականների , մրցանակների են արժանացել պատերազմի վավերագիրները մեր երկրում:

 

- Եթե նայեք կենսագրությունները, կտեսնեք, որ  մի քանիսը մեդալներ կամ պարգեւներ են ստացել, հիմնականում՝ Արցախի կառավարության կամ Պաշտպանության բանակի կողմից, հատկապես մեդալներ են ստացել նրանք, ովքեր բացի վավերագրող լինելուց, ազատամարտիկ են եղել, նաեւ նրանք, ովքեր պատերազմի ավարտից հետո իրենց գործունեությունը շարունակել են զինված ուժերի հասարակայնության հետ կապերի վարչությունում, «Զինուժ» ստուդիայում եւ այլն (Տիգրան Գեւորգյանը, Սենոր Հասրաթյանը,  Ռուբեն Հովհաննիսյանը,  Շավարշ Վարդանյանը...): Որոշ վավերագրողներ մրցանակներ են ստացել  հետագայում նկարահանած ֆիլմերի համար: Որպես պատերազմի դաշտում նկարահանումներ կատարած կինոգործիչներ, ըստ էության, հատուկենտ մարդիկ են պարգեւատրվել եւ գնահատվել:

Լուսանկարը` Կարեն Գեւորգյանի

Այս գրքի նպատակն էլ հենց այդ խնդրի վրա ուշադրություն հրավիրելն է: Կինոգործիչների շրջանում նրանք առանձին տեսակ են եւ արժանի թե´ մասնագիտական, թե´ բարոյական գնահատականի: Բորիս Հովսեփյանը, որ ռազմաճակատ մեկնածների մեջ առաջիններից էր, իմիջիայլոց ասում է. «Խորհրդային տարիներից պահպանված մեդալներ ու շքանշաններ ունեմ, որոնք կինոյում իմ անցած ճանապարհի յուրօրինակ պատմությունն են կարծես: Վատ չէր լինի, եթե  փոքրիկ մի հուշամեդալ էլ հիշեցներ Արցախյան պատերազմի ժամանակ կատարած աշխատանքի մասին: Ինձ համար դա կարեւոր չէ, բայց  թոռնիկներիս համար գուցե ինչ-որ բան կնշանակի»:

 

- Դուք նշել եք, որ  կյանքի գնով պատրաստված տեղեկատվությունը էլեկտրականության հովհարային անջատումների պայմաններում մեր հանրությանը գրեթե չի հասել: Պատերազմի վավերագրողներն էլ խոստովանել են, որ իրենց աշխատանքն ավելի շատ ծառայել է օտարերկրյա լրատվամիջոցներին, իրենց մխիթարել են այն մտքով, որ գոնե միջազգային հանրությունը կտեսնի ճշմարտությունը: Մեր օրերում այդ ֆիլմերը որքանո՞վ են ծառայում նոր սերնդին դաստիարակելու, իրազեկելու, առավել ավագներին իրենց ապրածն ու տեսածը վերաարժեւորելու գործում: Որքա՞ն հաճախ են դրանք հայտնվում էկրաններին: Ինչպե՞ս են հասնում հանրությանը:

 

- Պատերազմի վավերագրողների գնահատման դրսեւորումներից մեկն էլ նրանց արած գործերը ցուցադրելն է, որ մեր հանրապետությունում գրեթե չի արվում, մինչդեռ Արցախում ճիշտ հակառակ պատկերն է, այնտեղ պարբերաբար տարբեր հաղորդաշարերով ցուցադրում են պատերազմում կատարված նկարահանումները:

Լուսանկարը` Կարեն Գեւորգյանի

Գիրքը նախաձեռնելուց առաջ մենք թռուցիկ հարցում արեցինք: Հարցնում էինք, թե պատերազմի ինչ վավերագրողների են ճանաչում: 99 տոկոսը Պասկալեւայի անունն էր տալիս, հատուկենտ մարդիկ՝ Շավարշ Վարդանյանի, Վարդան Հովհաննիսյանի… Լայն հասարակայնությունը ընդհանրապես չգիտի եւ չի ճանաչում նրանց: Մենք հուսով ենք, որ այս գրքի միջոցով գոնե կճանաչեն նրանց, գոնե հետաքրքրություն կշարժենք: Մենք որոշել ենք գիրքը բաժանել ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում եւ բուհերում, մնացածն արդեն մանկավարժների գործն է, նայած, թե ինչպես կօգտագործեն:

 

- Ռազմի դաշտում արված կադրերը կարող էին նյութ դառնալ հենց կինոյի համար, օգտագործվել վավերագրական, խաղարկային ֆիլմերում:

 

-Իհարկե, օգտագործվել են եւ կարծում ենք՝ դեռ շատ կօգտագործվեն, բայց դրանք հիմնականում եղել են այն ռեժիսորների ձեռքի տակ, որոնք աշխատել են պաշտպանության նախարարությունում: Կարծում ենք, որ նախ հայեցակարգ պետք է մշակվի, թե ինչպես կազմակերպել եղած նյութերի պահպանումը, փոխադրումը ժամանակակից կրիչների վրա, դասակարգումը, կրկնօրինակումը եւ այլն: Որ մասը թողնել ի պահ ՊՆ արխիվում, որ մասը  տրամադրել մասնագիտական բուհերին եւ որ մասը դարձնել լայն հասարակայնության սեփականությունը: Այս ամենը պետք է խիստ մտածված արվի, գիտականորեն: Եվ դրա համար պետք է պետական պատվեր լինի:

 

-Կա՞ն արգելված կադրեր կամ ֆիլմեր, որոնք գուցե արխիվներում են պահվում բայց դրանք հանրայնացնելը ճիշտ չէ:

 

- Իրենք՝ վավերագրողները, ասում էին, որ գրեթե չկան, քանի որ նկարահանելիս արդեն իրենք շատ լավ գիտեին, թե ինչը նկարել, ինչը՝ ոչ: Բայց այդ հարցին ավելի ճշգրիտ մասնագետները կարող են պատասխանել:

Լուսանկարը` Կարեն Գեւորգյանի

-Առաջաբանում կարդում ենք. «Անշուշտ, մեր տեսագրողների աշխատանքը տարերային էր, չհամակարգված, անշուշտ, նրանց զգալի մասը ճակատ է մեկնել կամավոր՝ գուցեեւ  չգրանցվելով որեւէ տեղ, բայց Արցախյան պատերազմից հետո՝ ավելի քան 20 տարի անց էլ նրանց ստույգ թիվը հայտնի չէ: Այս իրավիճակում ավելորդ է անգամ խոսել նրանց աշխատանքների գիտական գնահատականի մասին»: Մեծ հաշվով` սա ո՞ւմ բացթողումն է, եւ ի՞նչ դեր կարող է ունենալ «Նրանք նկարում էին պատերազմը» գիրքն այս առումով:

 

- Սա մեր բոլորիս բացթողումն է՝ սկսած ամենավերին պաշտոնյաներից մինչեւ սովորական քաղաքացին: Այսօր շատ է քննարկվում «ազգ-բանակ» հասկացությունը: Եթե իրոք ուզում ենք ազգ-բանակ դառնալ, ապա պետք է հասկանանք, որ մեր երկրի պաշտպանությունը մի գերատեսչության խնդիր չէ, բոլորիս խնդիրն է: Ամեն մեկը՝ իր լիազորությունների, իր հնարավորությունների չափով: Օրինակ՝ ավելի քան 20 տարի է անցել. կրթության նախարարությունը մտածե՞լ է արդյոք Կինոյի եւ թատրոնի ինստիտուտում նաեւ պատերազմի վավերագրողներ պատրաստելու մասին, գոնե մի հատուկ դասընթաց կազմակերպե՞լ են: Կարծում ենք՝ յուրաքանչյուր ոք պետք է մտածի: Մենք էլ, օրինակ, մտածեցինք, որ մեր գործը լրատվությունն է կամ տպագիր արտադրանքը, մենք էլ գոնե կարող ենք այս գիրքը հրատարակել եւ այս կերպ մի չնչին նպաստ բերել:

Լուսանկարը` Կարեն Գեւորգյանի

- Գիրքն ավելի շատ մասնագիտական շրջանակների՞ն կհետաքրքրի, թե՞ հանրության լայն շրջանակներին:

 

- Գիրքն ուղղված է եւ´ մասնագետներին, եւ´ լայն հասարակայնությանը: Եթե որոշ կինոգետներ այս թեմայի մասնավոր հետաքրքրություն ունեն, արդեն կարող են մեր գրքի հերոսների հետքերով գնալ, ձեռք բերել նրանց նյութերը եւ վերլուծություններ անել: Բայց դուք մեզնից երեւի ավելի լավ գիտեք, որ այսօրվա կինոգիտության հետ առանձնապես հնարավոր չէ մեծ հույսեր կապել: Չգիտեմ՝ մեկ-երկու մասնագետի գոյությունն իրավունք տալի՞ս է խոսելու ժամանակակից հայ կինոգիտության գոյության մասին: Այնպես որ մեր թիրախը հիմնականում լայն հասարակայնությունն է: Կարդալով այս գիրքը՝ ընթերցողն արդեն կիմանա, որ առնվազն այսքան կինոգործիչ եղել է ռազմաճակատում, կիմանա՝ ինչպես են գնացել, ինչ պայմաններում են նկարահանումներ արել, ինչպես են վիրավորվել ու մահից փրկվել, ինչպես են նկարահանումները ստուդիա հասցրել ու ցուցադրել եւ այլն: Սա արդեն նոր գիտելիք է, հետեւաբար գիրքը չի կարող ճանաչողական դեր չխաղալ:  Կասկած չունենք նաեւ, որ սա կոգեւորի այսօրվա այն երիտասարդներին, որոնք պատրաստվում են իրենց կյանքը նվիրել կինոյին…

Լուսանկարը` Կարեն Գեւորգյանի

Բայց մենք կարեւորում ենք նաեւ այս գրքի տեղեկատվական ու քարոզչական կողմը՝ նկատի ունենալով օտարազգի ընթերցողին: Մի բան հստակ է՝ այն օտարազգի ընթերցողը, որ շատ քիչ բան գիտի Արցախյան պատերազմի մասին կամ կասկածում է՝ սա անջատողակա՞ն պատերազմ է, թե՞ ազատագրական, այս գիրքը կարդալով՝ պարզ կտեսնի, որ սա ազատագրական պայքար է, հայրենիքը պաշտպանելու եւ պահպանելու պայքար: Սա էլ քիչ բան չէ:

 

- Ինչպե՞ս է գիրքը հասնելու ընթերցողին:

 

- Հիմա մի քիչ դժվարանում եմ պատասխանել, քանի որ տրամադրված գումարը չի բավարարել ամբողջ տպաքանակը, գրքի հրատարակման հետ կապված որոշ խնդիրներ են առաջացել: Գրքի տպագրության մի մասը ֆինանսավորել է մշակույթի նախարարությունը։

Լուսանկարը` Կարեն Գեւորգյանի

Ի դեպ, պետք է նշեմ, որ գրքի բովանդակության հետ կապված բոլոր աշխատանքներն անվճար են արվել, ընդհուպ անգլերեն թարգմանությունը, ինչի համար շնորհակալ ենք Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամին։ Եվ գրքի ձեւավորման ամբողջ աշխատանքների համար նույնպես երախտապարտ ենք «Ստորակետ» ճարտարապետական ստուդիային։ Թեման էր, հավանաբար, պատճառը, որ բոլորն առաջարկում էին ինչ-որ կերպ օգտակար լինել, երախտագիտության խոսքում այս ամենի մասին ասված է:

 

Նախատեսում ենք տպաքանակի մի մասն առաջարկել պաշտպանության եւ կրթության նախարարություններին, որ տարածեն իրենց ոլորտում: Եթե ոչ, ինքներս կբաժանենք հանրապետության գրադարաններում, դպրոցներում, բուհերում, ուրիշ հաստատություններում, մի մասն էլ , հավանաբար, վաճառքի կհանենք գրախանութներում, քանի որ  յուրաքանչյուր հրատարակություն ճիշտ հասցեատեր ընթերցողին հասցնելու լավագույն միջոցը գրախանութն է:

 

Այսպես թե այնպես արդեն պայմանավորվածություն ունենք, որ այս ամսվա ընթացքում գիրքը հասցնենք Արցախ եւ մի  փոքրիկ շնորհանդես կազմակերպենք:

 

Արմինե Սարգսյան

Կարեն Գեւորգյանի լուսանկարները պահվում են Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում (ՀԱՊԹ)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին