Միկոյանի անսպասելի ամանորյա այցը ԱՄՆ - Mediamax.am

exclusive
12219 դիտում

Միկոյանի անսպասելի ամանորյա այցը ԱՄՆ


Լուսանկարը` ԱՄՆ ԿՀՎ արխիվ

Անաստաս Միկոյանը Time ամսագրի շապիկին 1957 թվականին
Անաստաս Միկոյանը Time ամսագրի շապիկին 1957 թվականին

Լուսանկարը` Time

Միկոյանը,  Խրուշչովը, Բրեժնեւը խորհրդային տիեզերագնացների հետ
Միկոյանը, Խրուշչովը, Բրեժնեւը խորհրդային տիեզերագնացների հետ

Լուսանկարը` «Российская газета»


2017 թ. հունվարին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) գաղտնազերծեց մոտ 12 միլիոն էջ փաստաթղթեր, որոնք վերաբերվում են ԿՀՎ-ի գործունեությանը 1940-1990 թթ: Գաղտնազերծված փաստաթղթերը որոշ չափով լույս են սփռում Սառը պատերազմի տարիներին ԿՀՎ-ի գործունեության վրա: Նյութերն ուսումնասիրելիս՝ Մեդիամաքսը գտավ Անաստաս Միկոյանի գործունեությանը վերաբերող մի շարք հետաքրքիր փաստաթղթեր եւ որոշեց «Միկոյանը ԿՀՎ աչքերով» հատուկ նախագիծ պատրաստել: Մեդիամաքսը նախագիծը ներկայացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ:

 

***

 

1958 թվականի դեկտեմբերի 18-ին Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը  Պետդեպարտամենտին «Միկոյանի այցը ԱՄՆ» վերնագրված հաղորդագրություն է ուղարկում: Ներկայացնում ենք որոշ  հատվածներ այդ փաստաթղթից:

 

«Երեկ Խորհրդային Միությունը վիզա է հայցել Ա.Ի.Միկոյանի (Գերագույն Խորհրդի անդամ եւ ԽՍՀՄ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ) համար: Միկոյանը ԱՄՆ կժամանի Վաշինգթոնում ԽՍՀՄ դեսպան Մենշիկովի  «հյուրի» կարգավիճակով: Նախատեսում է ժամանել հունվարի սկզբին ՝ երկու շաբաթով:

 

Այս քայլը հանդիսանում է ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակով կապ հաստատելու Խորհրդային Միության եւս մեկ  փորձ:

 

Ա. Հաշվի առնելով, որ այս տարի ավելի վաղ գագաթաժողով հրավիրելու շուրջ բանակցությունները տապալվել էին, կարելի է ակնկալել ինչ-որ հնարք: 

 

Բ. Այնուամենայնիվ, ժամանակի ընտրությունը եւ մոտեցման մեթոդը ենթադրում են որոշակի հրատապություն սովետական կողմի համար, հաշվի առնելով, որ Միկոյանը բացակայելու է Մոսկվայից  կարեւորագույն ժամանակահատվածում ՝ հունվարի 27-ին մեկնարկող ԽՄԿԿ 23-րդ համագումարի կազմակերպման ընթացքում:

Միկոյանն, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի հետ աճող առեւտրի վերաբերյալ ամերիկյան պաշտոնյաների հետ բանակցությունների առիթներ կփնտրի, բայց մենք կասկածում ենք, որ դա է նրա այցի իրական նպատակը:

Սակայն վերջինի շուրջ կարելի է սոսկ ենթադրություններ անել: Իրականությանն առավել մոտ բացատրությունը կայանում է նրանում, որ Խրուշչովը գործուղել է Միկոյանին, որպեսզի պարզի Բեռլինի եւ հարցերի ավելի լայն շրջանակի վերաբերյալ ԱՄՆ-ի մտադրությունները:

 

Սա նաեւ կարող է Արեւմտյան Եվրոպայում կասկածներ հարուցելու փորձ հանդիսանալ այն առումով, որ ԱՄՆ-ի եւ Խորհրդային Միության միջեւ իբր ընթանում են գաղտնի բանակցություններ: Խորհրդային գործակալները կարող են այս պատմությունը տարածել Եվրոպայում, իսկ որպես օբյեկտ կարող է ծառայել եվրատլանտյան համերաշխության թուլացումը Բեռլինի իրավիճակի կոնտեքստում, եւ կարող է մյուս արեւմտաեվրոպական երկրներին դրդել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններ վարել»:

 

Հետաքրքիր է ամերիկյան դիվանագետների կողմից Միկոյանին տրված գնահատականը, որը կցված է նամակի կենսագրական բնութագրում:

 

«Տնտեսագիտության մասնագետ Անաստաս Միկոյանը ԽՍՀՄ կառավարության ղեկավար Խրուշչովի երկու առաջին տեղակալներից մեկն է: Ըստ աշխատանքային ստաժի ՝ նա Կոմունիստական կուսակցության կենտկոմի ավագ անդամն է եւ 1934 թվականից հանդիսանում է Քաղբյուրոյի (Նախագահություն) լիիրավ անդամ: 1937 թվականից ի վեր, լինելով տեղակալ, իսկ 1955 թվականից ՝ ԽՍՀՄ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ, նա արտաքին առեւտրի առաջատար խորհրդային մասնագետն է եւ, ամենայն հավանականությամբ, հանդիսանում է Արեւմուտքի դեմ խորհրդային տնտեսական հարձակման եւ Խորհրդային Միությունում ժողովրդական սպառման ապրանքների արտադրանքի ավելացմանը միտված ջանքերի «ուղեղը»:

Անաստաս Միկոյանը Time ամսագրի շապիկին 1957 թվականին Անաստաս Միկոյանը Time ամսագրի շապիկին 1957 թվականին

Լուսանկարը` Time

Իր հայրենի Հայաստանում ՝ հոգեւոր ճեմարանում սովորելու ժամանակ, Միկոյանը 1915 թ. միացել է կուսակցությանը եւ 1923 թ.-ին արդեն Կենտկոմի անդամ էր: 1926 թ.-ից զբաղեցրել է մի շարք նախարարական պաշտոններ, այդ թվում՝ եղել է արտաքին եւ ներքին առեւտրի, ներկրումների եւ սննդային արդյունաբերության պատասխանատուն:1930-ական թթ. սննդամթերքի արտադրության մեթոդներն ուսումնասիրելու նպատակով այցելել է ԱՄՆ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Միկոյանը հանդիսանում էր զինվորականների համար սննդամթերքի եւ վառելիքի գնման պատասխանատուն, Կարմիր բանակի սննդի մատակարարման համար սկսեց կիրառել զանգվածային պահածոյացման եւ փաթեթավորման մեթոդները, որոնց  ծանոթացել էր ԱՄՆ-ում:

Միկոյանը,  Խրուշչովը, Բրեժնեւը խորհրդային տիեզերագնացների հետ Միկոյանը, Խրուշչովը, Բրեժնեւը խորհրդային տիեզերագնացների հետ

Լուսանկարը` «Российская газета»

Պատերազմից հետո Միկոյանը կարեւոր դեր է խաղացել Գերմանիայում վաղ  (1945-1946 թթ.) խորհրդային ռազմատուգանքային ծրագրերի սահմանման գործում: Այդ պահից սկսած նա դարձավ առանցքային անձնավորություն այն երկրների հետ բանակցություններում, որոնց հետ ԽՍՀՄ-ը փորձում էր հաստատել լավ առեւտրային հարաբերություններ, եւ, հավանաբար, ներկայիս ղեկավարության ամենաակտիվ գործիչը:

 

63 տարեկան հասակում Միկոյանը ակնառու է թե՛ իր քաղաքական երկարակեցությամբ եւ թե՛ տնտեսական խորաթափանցությամբ:

Քաղաքացիական պատերազմից ի վեր տեղի ունեցած բոլոր խոշորագույն քաղաքական ցնցումները նա վերապրել է իր համար առանց որեւէ լուրջ հետեւանքների՝ հաղթող կողմին միանալու եւ պարտված խմբում աչքի չընկնելու հմտության շնորհիվ: Բնատուր հմայքը եւ հումորի զգացումը Միկոյանին դարձնում են առավել ընդունակ խորհրդային բանակցող: Նա շփվող է եւ սիրալիր արտասահմանցիների հետ եւ, կարծես, ավելի հետաքրքրված է խորհրդային տնտեսական հզորության ավելացմամբ, քան կոմունիստական գաղափարախոսությամբ»:

 

Հետաքրքիր են նաեւ հենց Անաստաս Միկոյանի հիշողությունները, որոնք տպագրված են նրա «Այսպես է եղել» հուշերում: Դրանցից ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ կատարած իր այցի գլխավոր նպատակներից մեկը, ինչպես ենթադրում էին  Մոսկվայում աշխատող ամերիկացի դիվանագետները, գերմանական հիմնախնդիրն էր: Բացի այդ, այն նախապատրաստական միջոցառում էր Խրուշչովի Ամերիկա կատարած առաջին (1959 թվականի սեպտեմբերին կայանալիք) այցին ընդառաջ:

 

«Բեռլինի վերաբերյալ Խրուշչովը նույնպես դրսեւորեց զարմանալի թերըմբռնում, պատրաստ էր հրաժարվել Պոտսդամյան համաձայնագրերից եւ այդ ամենի մասին հայտնեց 1958 թ. աշնանը հանրային ելույթի ժամանակ՝ առանց նախնական քննարկման Կենտկոմի Նախագահության եւ Նախարարների խորհրդի հետ: Դա ինքնին կուսակցական կարգապահության կոպտագույն սխալ էր: Ես անմիջապես բարձրացրեցի այդ հարցը եւ խնդրեցի ներկա գտնվող Գրոմիկոյին (նա այդ ժամանակ Կենտկոմի կազմում չէր) ԱԳՆ-ի կարծիքը հայտնել: Նա ինչ-որ անհասկանալի բան մռթմռթաց: Ես կրկնեցի հարցս ՝ նա կրկին բառաչեց: Հավանաբար, չէր համարձակվում հակաճառել Խրուշչովին, բայցեւայնպես չէր ցանկանում նման քայլի պատասխանատվությունն իր վրա վերցնել: Այդ ժամանակ ես երկար խոսեցի համաձայնագրերի կարեւորության մասին, թվարկեցի մեր համար հնարավոր բացասական հետեւանքները դրանցից հրաժարվելու դեպքում, պնդեցի, որ նման շտապողական որոշումներ կայացնելն անընդունելի է: Ի վերջո, առաջարկեցի մեկ շաբաթով հետաձգել քննարկումը՝ պարտավորեցնելով ԱԳՆ-ին ներկայացնել նկատառումները գրավոր տեսքով: Խրուշչովը ստիպված ընդունեց դա: Մյուսները պարզապես լռեցին: Սակայն,երբ դուրս էինք գալիս, Բուլգանինը ինձ շշնջաց. «Դու արդեն հաղթել ես»:

 

Դրանից հետո Խրուշչովը սկսեց ինձ համոզել մեկնել ԱՄՆ, որպեսզի մեղմացնեմ իր իսկ ճառի արդյունքում ի հայտ եկած առճակատումը: Ես կտրականապես առարկեցի. «Սկսել ես՝ ինքդ էլ գնա: Իմիջիայլոց, ինձ ոչ ոք չի հրավիրել այնտեղ» : «Ոչ, ես չեմ կարող: Ես երկրի առաջին դեմքն եմ: Մեկնի՛ր որպես դեսպան Մենշիկովի անձնական հյուր: Չէ՞ որ բոլորը գիտեն, որ նա երկար ժամանակ եղել է քո տեղակալը արտաքին առեւտրի նախարարությունում: Վերցրու հետդ կրտսեր որդուդ, որպեսզի ընդգծես այցի անձնական բնույթը: Իսկ նա կաշխատի որպես քո անձնական քարտուղար»: Մի խոսքով, ստիպված էի մեկնել նոր 1959 թվականի առաջին իսկ օրերին»:

 

Նախագծի գործընկերն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին