Ռոքֆելերը՝ Միկոյանին. Իմ ընտանիքը պատերազմ չի ցանկանում - Mediamax.am

exclusive
11447 դիտում

Ռոքֆելերը՝ Միկոյանին. Իմ ընտանիքը պատերազմ չի ցանկանում


Անաստաս Միկոյանը եւ Ջոն Ֆոստեր Դալեսը
Անաստաս Միկոյանը եւ Ջոն Ֆոստեր Դալեսը

Լուսանկարը` AP

Անաստաս Միկոյանը եւ Ջերի Լի Լյուսիը Հոլիվուդում
Անաստաս Միկոյանը եւ Ջերի Լի Լյուսիը Հոլիվուդում

Լուսանկարը` AP

Լուսանկարը` ԱՄՆ ԿՀՎ արխիվ

Անաստաս Միկոյանը եւ ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպան Միխայիլ Մենշիկովը
Անաստաս Միկոյանը եւ ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպան Միխայիլ Մենշիկովը

Լուսանկարը` AP


2017 թ. հունվարին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) գաղտնազերծեց մոտ 12 միլիոն էջ փաստաթղթեր, որոնք վերաբերվում են ԿՀՎ-ի գործունեությանը 1940-1990 թթ: Գաղտնազերծված փաստաթղթերը որոշ չափով լույս են սփռում Սառը պատերազմի տարիներին ԿՀՎ-ի գործունեության վրա: Նյութերն ուսումնասիրելիս՝ Մեդիամաքսը գտավ Անաստաս Միկոյանի գործունեությանը վերաբերող մի շարք հետաքրքիր փաստաթղթեր եւ որոշեց «Միկոյանը ԿՀՎ աչքերով» հատուկ նախագիծ պատրաստել: Մեդիամաքսը նախագիծը ներկայացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ:

 

***

 

1959 թվականի հունվարի 5-ին Վաշինգտոնում կայացավ Անաստաս Միկոյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Ֆոստեր Դալեսի հետ: Երկու օր անց, հունվարի 7-ին, Պետքարտուղարությունը հանդիպման մասին հաշվետվություն ուղարկեց Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ալեն Դալեսին, ով պետքարտուղարի եղբայրն էր:

Հանդիպումը սկսվեց նրանից, որ պետքարտուղարը հետաքրքրվեց Միկոյանից, արդյո՞ք նրան դուր եկավ ԱՄՆ-ում ցուցաբերած ընդունելությունը: Նա նաեւ ասաց, որ ընդունում է քաղաքացիների խաղաղ ցույցերի իրավունքը (Միկոյանի այցն ուղեկցվում էր բողոքի ակցիաներով), սակայն որոշ մարդիկ կատարում են այնպիսի գործողություններ, որոնք կարող են հյուրերին վիրավորական թվալ: Նա նաեւ հույս հայտնեց, որ Միկոյանը համոզվել է ամերիկացի ժողովրդի ընկերասեր եւ հետաքրքրասեր լինելու մեջ:

 

Միկոյանը նշեց, որ հնարավորություն է ունեցել ծանոթանալ ամերիկացիների հետ դեռեւս 22 տարի առաջ,եւ այս անգամ նրա տպավորությունները դրական են՝ չնայած որոշ ներգաղթյալների գործողություններին: Նա զգում է, որ ռուս եւ ամերիկացի ժողովուրդները կարող են ապրել միասին հաշտ ու համերաշխ: Միկոյանը նշեց, որ 22 տարի առաջ նա ճամփորդել է Ամերիկայում առանց թիկնապահների, սակայն այս անգամ անվտանգության միջոցառումների հրատապ անհրաժեշտություն կար: Ի պատասխան՝ Դալեսը նկատեց, որ դա ցույց է տալիս, թե որքան մեծ է Միկոյանի անձի կարեւորությունը:

 

Միկոյանը նշեց, որ ի տարբերություն քսաներկու տարվա վաղեմության այցի՝ մամուլն այս անգամ իր հանդեպ ավելի բարեհաճ էր, քան ինքն ակնկալում էր: Նրա խոսքով, դա նշանակում է, որ կամ մամուլն է ավելի լավը դարձել, կամ էլ իրեն է հաջողվել ավելի լավ հաղորդակցվել լրագրողների հետ:

 

Գործարարները նույնպես հետաքրքրված էին նրա առաջարկներով: Քսաներկու տարի առաջ նա կարողացել էր հանդիպել միայն General Motors եւ Ford ընկերություններից մի քանի ներկայացուցիչների հետ, իսկ այս անգամ նա հանդիպումներ անցկացրեց բազմաթիվ ազդեցիկ բիզնես-առաջնորդների հետ:

Նա հանդիպեց Հենրի Ֆորդ Երկրորդի հետ, ով նրան շատ սիրալիր թվաց, ինչպես նաեւ Դեյվիդ Ռոքֆելերի հետ, ով իր ափսոսանքը հայտնեց այն առիթով, որ մոսկովյան մամուլը եւ որոշ անձինք հակված են մտածել, որ իր ընտանիքը պատերազմ եւ սովետա-ամերիկյան հարաբերությունների վատթարացում է ցանկանում: Ռոքֆելերն ասաց Միկոյանին, որ իր ընտանիքը մյուսներից ոչ պակաս շահագրգռված այդ հարաբերությունների լավացմամբ:

 

Պետքարտուղարը նաեւ ասաց, որ իր անունն էլ արատավորված «պատերազմի հրահրող» լինելու մեղադրանքներով, ինչին Միկոյանը պատասխանեց, որ ինքը չէր օգտագործի «արատավորված» բառը:

 

Այնուամենայնիվ, նա ասաց, որ Խորհրդային Միությունը պետքարտուղարին համարում է Սառը պատերազմի առաջատար ռազմավար: Պետքարտուղարն իր հերթին առաջարկեց Միկոյանին վերանայել սովետական քարոզչական գիծը: Միկոյանը նշեց, որ դա հնարավոր է անել միայն փոխադարձության հիման վրա:

 

Բանակցությունների հիմնական հարցը գերմանական հիմնախնդիրն էր եւ Բեռլինի ճակատագիրը, օրակարգում էին նաեւ Չինաստանի եւ Թայվանի, ինչպես նաեւ Կորեական թերակղզու, Վիետնամի եւ Մերձավոր Արեւելքի հարցերը:

 

Այս համատեքստում հետաքրքիր է, թե ինչպես է այդ ժամանակահատվածն իր հուշերում նկարագրում հանդիպմանը ներկա եղած Օլեգ Տրոյանովսկին՝ արտաքին քաղաքականության հարցերով ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի օգնականը եւ «Ամերիկայի հետ դեմ առ դեմ» գրքի հեղինակներից մեկը:

 

«1959 -ը շատ անհանգիստ տարի էր: Տարեսկզբին կայացավ Անաստաս Իվանովիչ Միկոյանի ուղեւորությունը ԱՄՆ: Նրան հանձնարարել էին հասկացնել նախագահին եւ պետքարտուղարին, որ Մոսկվան նախկինի պես կոշտ դիրքորոշում ունի (Արեւմտյան Բեռլինի հարցում), սակայն պատրաստ է բանակցություններ վարել, իսկ ավելի վաղ հայտարարված վերջնաժամկետը իրականում վերջնագրի բնույթ չունի:Դա բծախնդիր առաքելություն էր, որն ի զորու էր իրականացնել թերեւս միայն Միկոյանը:

 

Ես ուղեկցում էի Անաստաս Իվանովիչին այդ հիշարժան ուղեւորության ընթացքում որպես խորհրդական եւ թարգմանիչ: Ամերիկացիները նրան ընդունում էին որպես սովետական վարչապետի alter ego: Տեղի ունեցան հանդիպումներ նախագահ Դուայթ Էյզենհաուերի եւ պետքարտուղար Ջոն Ֆոստեր Դալեսի հետ, ով շուտով մահացավ քաղցկեղից: Կայացավ ճաշկերույթ, որին ներկա էին փոխնախագահ Նիքսոնը, Ջոն Ֆոստեր Դալեսը եւ նրա եղբայր Ալեն Դալեսը՝ ԿՀՎ ղեկավարը:Կարծում եմ, հենց այդ զրույցների շնորհիվ Բեռլինի հարցը վերջապես շարժվեց մեռյալ կետից:

Անաստաս Միկոյանը եւ Ջերի Լի Լյուսիը Հոլիվուդում Անաստաս Միկոյանը եւ Ջերի Լի Լյուսիը Հոլիվուդում

Լուսանկարը` AP

Այցի պաշտոնական դիվանագիտական տեսանկյունից  բացի տեղի ունեցավ մեծ շրջագայություն երկրի տարածքով, որն ուղեկցվում էր մի շարք քաղաքներում ելույթներով (Նյու Յորքում եւ Դետրոյթում գործարար շրջանակների ներկայացուցիչների, Չիկագոյում փաստաբանների, Լոս Անջելեսում ուսանողների, Հոլիվուդում կինոդերասանների առջեւ) եւ ամենուրեք բազմաթիվ մամլո ասուլիսներով: Իրավիճակն այդ ժամանակ՝ հունգարական դեպքերից հետո, մեզ համար բարենպաստ չէր: Գուցե, առավել վատ էր, քան երբեւէ: Չիկագոյում մեզ վրա ձվեր էին նետում, Լոս Անջելեսում Միկոյանի ինքնաթիռից դուրս գալու պահին «Միկոյանի համար» գրվածքով բաց դագաղ տարան: Թերեւս  մամուլի ասուլիսների ժամանակ եւ ելույթներից հետո տրվող հարցերն էլ ամենեւին  բարեկամական չէին: Պատկերացնում եմ, ինչպես կարձագանքեր դրանց Խրուշչովը: Սակայն Միկոյանն իր ոճն ուներ. հեգնանք, ծաղրանք, հումոր կամ հանգիստ հերքում:

Անաստաս Միկոյանը եւ ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպան Միխայիլ Մենշիկովը Անաստաս Միկոյանը եւ ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպան Միխայիլ Մենշիկովը

Լուսանկարը` AP

Վաշինգթոնում Միկոյանին առաջարկեցին ելույթ ունենալ հայտնի «Հանդիպում մամուլի հետ» հաղորդմանը, որտեղ Անաստաս Իվանովիչը պետք է պատասխաներ հինգ առաջատար ամերիկյան լրագրողների հարցերին: Մեր դեսպան Միխայիլ Մենշիկովը սկսեց համոզել նրան հրաժարվել հրավերից, ասելով, որ այդ ամենը կավարտվի սկանդալով: Միկոյանը չընդունեց դեսպանի փաստարկները, ասելով. «Լսե՛ք, եթե ես, լինելով Քաղբյուրոյի անդամ, չկարողանամ մի քանի լրագրողների հարցերը լուծել, ապա էլ ինչի՞ համար ենք մենք պիտանի»:

 

Կարդացեք նաեւ Միկոյանը, Նիքսոնը եւ ստրկացված ժողովուրդները հոդվածը:

 

Կարդացեք նաեւ Ինչպես էր Խրուշչովն առաջարկում Միկոյանին «Սիբիր ուղարկել» հոդվածը:

 

Կարդացեք նաեւ Միկոյան` «մեր գովազդը ձեր գովազդից վատն է» հոդվածը:

 

Կարդացեք նաեւ Միկոյանը՝ «սուտն ու ճշմարտությունը խառնելու հանճարը» հոդվածը:

 

Կարդացեք նաեւ Միկոյանը Լոս Անջելեսում `«Դոկտոր Ժիվագոն» եւ IBM 709 համակարգիչը հոդվածը:

 

Կարդացեք նաեւ Միկոյանի անսպասելի ամանորյա այցը ԱՄՆ հոդվածը:

 

Նախագծի գործընկերն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին