Հովհաննես Մանուկյան. «Սեպտեմբերի 21-ին կորցրեցի անկախությունս» - Mediamax.am

exclusive
223788 դիտում

Հովհաննես Մանուկյան. «Սեպտեմբերի 21-ին կորցրեցի անկախությունս»

Հովհաննես Մանուկյանը
Հովհաննես Մանուկյանը

Լուսանկարը` Հ. Մանուկյանի արխիվից

Լուսանկարը`


Փաստեր.

 

Ծնվել է 1971թ. դեկտեմբերի 14-ին Գյումրիում: 

 

1989-1994թթ. սովորել եւ գերազանց առաջադիմությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը:  

 

1993-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն Խորհրդի քարտուղարի օգնական:

 

1995-1996- ին՝ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջատար մասնագետ:

 

1996-1997-ին՝  ՀՀ արդարադատության նախարարության կադրերի եւ հատուկ աշխատանքների վարչության պետ, համատեղության կարգով՝ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջատար մասնագետ:

 

1998-1999-ին եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

 

1998-1999-ին՝ ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի անդամ:

 

1999-2001-ին եղել է ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ:

 

2001-2005-ին՝ ՀՀ Տնտեսական դատարանի նախագահ:

 

2005-2008-ին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ:

 

2011- 2014թթ. զբաղեցրել է Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը:

 

2014թ. ապրիլի 30-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:

 

Օրվա սկիզբն ու ավարտը

 

-Պարոն Մանուկյան, ինչպե՞ս է սկսվում եւ ավարտվում Ձեր օրը ոչ աշխատանքային օրերին:

 

- Իմ թե՛ աշխատանքային, թե՛ ոչ աշխատանքային օրերը սկսվում են որդուս համբուրելով, իսկ ավարտը տարբեր է լինում. երբեմն՝ ընտանեկան ընթրիքով, երբեմն՝ ընկերներիս հետ ժամանցով, եւ այլն:

Հովհաննես Մանուկյանի որդին՝ Ալեքսանդրը Հովհաննես Մանուկյանի որդին՝ Ալեքսանդրը

Լուսանկարը` Հ. Մանուկյանի արխիվից

- Երկու դուստր եւ մեկ որդի ունեք: Ազատ ժամանակն ինչպե՞ս եք անցկացնում նրանց հետ:

 

- Ժամանակին, երբ ես համարյա դուստրերիս տարիքին էի, նախընտրում էի ընկերական շփումները, իսկ ծնողներիս հետ օրն անցկացնելը կամ բարեկամներին այցելելն իմ ամենասիրելի զբաղմունքը չէր: Ի տարբերություն դրան, դուստրերս սիրում են իմ ընկերակցությունը, միասին այցելում ենք ժամանցի տարբեր վայրեր, պարզապես զբոսնում ենք: Նրանց կարծիքն ինձ համար շատ կարեւոր է. բացի նրանից, որ իմ երեխաներն են, նրանց սերունդը մեր վաղվա օրն է որոշելու, մեր երկրի ճակատագիրը:

 

Երեխաներիս, ինչպես եւ ինձ համար, ժամանցի լավագույն տարբերակը համատեղ որեւէ հետաքրքիր մտահղացում իրականացնելն է, միասին հանգստանալը, թեկուզ ծանոթ վայրերում նորություններ բացահայտելը:

 

Որդուս փորձում եմ տանել ինձ հետ գրեթե ամեն տեղ, որտեղ նա չի ձանձրանա: Այդպես նա իրեն շատ կարեւոր տղամարդ է զգում:

 

- Երեխաների հետ ի՞նչի շուրջ են հիմնականում զրուցում:

 

- Մենք կարող ենք զրուցել ամեն ինչից: Դուստրերիս՝ Անահիտի եւ Բելլայի հետ, հիմնականում զրուցում ենք նրանց ապագայի, ճակատագրի, հեռանկարների մասին: 

Հովհաննես Մանուկյանը կնոջ եւ դուստրերի հետ Հովհաննես Մանուկյանը կնոջ եւ դուստրերի հետ

Լուսանկարը` Հ. Մանուկյանի արխիվից

Ալեքսանդրի՝ որդուս հետ սիրում ենք զրուցել ճշտի ու սխալի, չարի ու բարու, դպրոցում տեղի ունեցող զարգացումների մասին, այդ թվում՝ ով ում ընկերն է, որ աղջիկն է ամենագեղեցիկը եւ այլ հետաքրքիր մանրամասներ: Երբեմն քննարկում ենք միասին դիտած մուլտֆիլմերը (ժպտում է – հեղ.):

 

Կնոջ հետ հանդիպումն ու «ճակատագրի գիտակցումը»

 

- Ձեր տիկնոջ հետ ծանոթության մասին կպատմե՞ք:

 

- Մենք նույն դպրոցում ենք սովորել: Կինս քրոջս դասընկերուհին է եղել: Անկեղծ ասած, միշտ էլ աչքի ծայրով հետեւել եմ Արմինեին: Հետո մեր ընտանիքը տեղափոխվեց ուրիշ քաղաք, ես էլ, բնականաբար, ուրիշ դպրոց: Հետո նրան հանդիպեցի համալսարանում, նա բանասիրական ֆակուլտետում էր սովորում: Այստեղ էլ հասկացա, որ դա արդեն ճակատագիր է (ծիծաղում է –հեղ.):

 

- Ամենահետաքրքիր ու խենթ անակնկալը, որ երբեւէ մատուցել եք Ձեր տիկնոջը:

 

- Ես լավ մտածված, նախապատրաստված  ու քողարկված անակնկալների կողմնակից եմ: Հաճախ անգամ կնոջս կարող է թվալ, որ չեմ հիշում երկուսիս վերաբերող հիշարժան օրերն ու առիթները: Մեր նշանադրությունը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին էր: Տարիներ անց, կրկին սեպտեմբերի 21-ին, կնոջիցս թաքուն շատ մեծ հավաքույթ կազմակերպեցի: Հրավիրել էի բոլոր նրանց, ովքեր մասնակցել էին մեր նշանադրությանը՝ ասելով, թե Անկախության օրն ենք նշում: Սեղանի շուրջ բոլորս միայն Անկախությունից էինք խոսում: Ես տեսնում էի, որ կինս ուզում է ինչ-որ բան ասել, բայց լռում է: Չուզեցի շատ մտատանջել նրան: Բերեցի հատուկ պատրաստած նվերս եւ մի տորթ, որի վրա գրված էր. «Տարիներ առաջ այս օրը ես կորցրեցի անկախությունս»…

 

«Խոհանոցում ստեղծագործելն ինձ համար հոբբի է»

 

- Պարոն Մանուկյան, խոհանոցում լինո՞ւմ եք: Ի՞նչ եք կարողանում պատրաստել:

 

- Խոհանոցում ստեղծագործելն ինձ համար հոբբի է: Երբ ազատ ժամանակ ու համապատասխան տրամադրություն եմ ունենում, նվեր եմ անում ընտանիքիս անդամներին, երբեմն նաեւ ընկերներիս՝ որեւէ հետաքրքիր բան պատրաստելով: Ճաշացանկս շատ հարուստ է՝  խաշից մինչեւ նրբաճաշակ, բարդ աղանդեր: Բայց իմ «ստեղծագործություններից» անկրկնելի է ստացվում գառան խաշլաման: Ի դեպ, լիովին համաձայն եմ «խոհարարական արվեստ» ձեւակերպման հետ, քանի որ այստեղ ստեղծագործելու տարրը շատ որոշիչ է:

 

- Ի՞նչ ճաշատեսակ եք ամենից շատ սիրում եւ ու՞մ պատրաստածը:

 

- Շատ օրիգինալ չեմ լինի եւ կասեմ՝ տոլմա:  Մորս պատրաստած ուտեստներից ամենաշատը սիրում եմ սացիվին:

 

- Իսկ ի՞նչ խմիչք եք նախընտրում:

 

- Թունդ խմիչքներից՝ վիսկի, իսկ սովորաբար՝ բարձր որակի կարմիր չոր գինի: Ի դեպ, ասեմ, որ Վրաստանում աշխատած տարիներին հայտնաբերեցի գինու հիասքանչ տեսականի: Այն հիմնականում Կախեթիայի տարածաշրջանից է եւ խանութներում սովորաբար չի հանդիպում:

 

«Ծիծեռնակաբերդն եմ շատ սիրում…»

 

- Ծննդով Գյումրիից եք, որքա՞ն հաճախ եք լինում այնտեղ:

 

- Ծնվել եմ Գյումրիում, իսկ արմատներով Արեւմտյան Հայաստանից եմ. պապս մանուկ հասակում գաղթել է Մուշից: Աշխատանքային  ծանրաբեռնվածության ու ժամանակի սղության պատճառով, ցավոք, չի հաջողվում Գյումրիում հաճախ լինել: Բայց միշտ աշխատում եմ որեւէ առիթ օգտագործել՝ լրացուցիչ անգամ լինելու այն քաղաքում, որտեղ ձեւավորվել եմ որպես անհատ:

Հովհաննես Մանուկյանը Հովհաննես Մանուկյանը

Լուսանկարը` Հ. Մանուկյանի արխիվից

- Երեւանում ամենասիրելի վայրը ո՞րն է:

 

- Ծիծեռնակաբերդն եմ շատ սիրում, այնտեղ օրվա ցանկացած ժամի կարելի է կտրվել քաղաքի աղմուկից, եռուզեռից:

 

«Ընկերների հարցում պահպանողական եմ…»

 

- Ունեք գեղանկարների  հավաքածու, այս նախասիրության մասին ի՞նչ կասեք: Ե՞րբ եւ ինչի՞ց է «ծնվել» նման նախասիրությունը:

 

- Հիմնականում հավաքում եմ աբստրակտ արվեստի գործեր: Իսկ նախասիրությունն երեւի ծնվել է գեղեցիկի հանդեպ սիրուց: Գեղանկարչության հանդեպ հետաքրքրությունս ավելի ամրապնդեց Թաթուլ Առակյանի հետ ծանոթությունը, ում հետ վաղեմի ընկերներ ենք:

 

- Ձեր ընկերներից կխոսե՞ք: Ովքե՞ր են նրանք:

 

- Իմ ընկերները.... Այս հարցում պահպանողական եմ: Հիմնականում ուսանողական տարիներին եւ դրանից անմիջապես հետո ձեւավորված հարաբերություններ են, որոնք մինչ օրս պահպանվում են: Իրավաբան, ավիատոր, զինվորական, բժիշկ՝ տարբեր բնավորությամբ ու կենսառիթմով մարդիկ են, որոնց համախմբելն ու նույն ռիթմով շարժելն ինձ մոտ անկրկնելի է ստացվում: Իմիջիայլոց, հոգեւորական ընկերներ էլ ունեմ:

Հովհաննես Մանուկյանն ընկերների հետ Հովհաննես Մանուկյանն ընկերների հետ

Լուսանկարը` Հ. Մանուկյանի արխիվից

- Իսկ ի՞նչն եք կարեւորում մարդկային հարաբերություններում:

 

- Ազնվությունն ու հանդուրժողականությունը: Հատկապես հանդուրժողականությունը. սա է քաղաքակրթության բանալին:

 

Հովհաննես Մանուկյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին