Զոհրաբ Մնացականյան. «Ինձ հիշելու են որպես Զոհրաբ, այլ ոչ թե որպես «պարոն դեսպան» կամ «պարոն փոխնախարար» - Mediamax.am

persona
238333 դիտում

Զոհրաբ Մնացականյան. «Ինձ հիշելու են որպես Զոհրաբ, այլ ոչ թե որպես «պարոն դեսպան» կամ «պարոն փոխնախարար»

Զոհրաբ Մնացականյանը
Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` Զ. Մնացականյանի արխիվից:

Լուսանկարը`


Փաստեր`

 

•    Ծնվել է 1966թ. մարտի 20-ին Երեւանում:

 

•    Սովորել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում: Այնուհետեւ սովորել է Մանչեսթերի Վիկտորիա համալսարանում:

 

•    Աշխատանքային գործունեությունը սկսել է 1989թ. ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանությունում: 1991թ. սկսել է աշխատել ՀՀ արտգործնախարարությունում` Եվրոպայի վարչությունում: 1993-1997թթ. աշխատել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը:

 

•    2002-2008թթ. Ժնեւի ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ եւ ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպանը Շվեյցարիայում:

 

•    2008-2011թթ. եղել է ՀՀ մշտական ներկայացուցիչը Եվրոպայի Խորհրդում:

 

•    2011թ. սեպտեմբերից` Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ, ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի հայկական կողմի գլխավոր բանակցող:

 

•    Ամուսնացած է, ունի 2 որդի:

 

- Դուք սկսել եք Ձեր դիվանագիտական գործունեությունը դեռ Խորհրդային Միությունում, Հայաստանի անկախությունից ի վեր աշխատել եք ԱԳՆ-ի համակարգում եւ հարուստ կենսագրություն ունեք: Ինչպե՞ս որոշեցիք դիվանագետ դառնալ:  

- Հորեղբայրս դիվանագետ էր եւ ինչ-որ չափով ինձ համար օրինակ էր: Ծնողներս նույնպես քաջալերում էին մղումներս: Փոքր հասակից ինձ միշտ հետաքրքիր էր կարդալ երկրների կառուցվածքի, պատմության, միջազգային հարաբերությունների, հասարակական կյանքի մասին: Մեծ հետաքրքրություն ունեի նաեւ բուն դիվանագիտական աշխատանքի հանդեպ:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Այն ամսագրերը, որոնք կարդում էի, հեռուստածրագրերը, որոնք դիտում էի, պատմությունները, որոնք ինձ հետաքրքրում էին` այս կամ այն կերպ առնչվում էին դիվանագիտությանը, այնպես որ ընտրությունս բնական էր: Արդեն 12-13 տարեկանից գիտեի, որ պետք է այդ ուղղությամբ գնամ:

 

- Ընդունվեցիք МГИМО` ԽՍՀՄ-ի ամենահեղինակավոր բուհերից մեկը, որտեղ, ինչպես ասում են, սովորելու հնարավորություն ունեին միայն բարձրաստիճան մարդկանց երեխաները:

 

- МГИМО-ն միակ տեղն էր, որտեղ կարող էի իրականացնել երազանքս: МГИМО ընդունվեցի 1983 թվականին: Ավտոբուսով էի գնում էի ինստիտուտ ու երբ հայտարարում էին, որ հաջորդ կանգառը МГИМО-ն է, հաճաղ կարելի էր լսել`«սա Կրեմլի լակոտների տեղն է»: Այո, ունեի դասընկերներ, ովքեր անմիջական կապ ունեին Կրեմլի հետ: Ինձ հետ սովորել են Պոլիտբյուրոյի անդամների թոռները, բայց նրանք ոչ լկտի էին ոչ էլ` մեծամիտ:

 

МГИМО դժվար էր ընդունվել: Ոմանց համար ընդունվելը ավելի հեշտ էր: Քանի որ ես այդ համակարգի մեջ չէի, ավելի դժվար ընդունվողների ցանկում էի (ժպտում է): Սակայն շատերը ընդունվում էին ու առաջին կուրսից հետո դուրս էին մնում` անգամ նրանք, ովքեր շատ բարձրաստիճան կապեր ունեին:

 

МГИМО-ն ինձ շատ բան տվեց` իսկապես չափազանց լավ բուհ էր: Սովորում էի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում, սակայն հավասարաչափ սովորում էինք նաեւ մյուս ուղղությունները, մասնավորապես` խորացված անցնում էինք միջազգային իրավունքը, ինչն ինձ ապագայում շատ պետք եկավ: Շատ շնորհակալ եմ МГИМО-ին` չտեսնված բարձր մակարդակի ուսման եւ շատ լավ միջավայրի համար: Այն շատ կարեւոր դպրոց էր իմ կյանքում:

 

- МГИМО-ի համակուրսեցիների հետ կապը պահպանո՞ւմ եք:

 

- Բացի ինձանից, 5 տղաներից բաղկացած մեր խմբի մնացած անդամները Մոսկվայից էին: Կապս նրանց հետ պահպանում եմ: Ի դեպ, միակն եմ նրանցից, ով այսօր դիվանագիտական ծառայության մեջ է` իրենք հիմնականում գործարարությամբ են զբաղվում:

 

- МГИМО-ն ավարտելուց հետո, շարունակեցիք ուսումը Մանչեսթերում: Ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիք Անգլիայում:  

 

- Երբ ավարտում էի МГИМО-ն, արդեն նշմարվում էին նոր աշխարհի եզրերը: Ստացվեց այնպես, որ մեկ տարի Մանչեսթերի համալսարանում ուսումնասիրեցի արեւմտյան քաղաքագիտությունը ու ստացա մագիստրոսի կոչում: Այդ դպրոցը նույնպես շատ օգտակար էր ինձ համար:

 

Ժամանեցի Մանչեսթեր` մեծ հարգանք ունենալով Մարգարետ Թեթչերի եւ թեթչերիզմի նկատմամբ: Իսկ դա Մանչեսթերում ամենավտանգավոր բանն էր. քաղաքը հայտնի էր իր ձախակողմյան հայացքներով եւ հակաթեթչերյան տրամադրություններով: Հաճախ մասնակցում էի շատ սուր բանավեճերի ծայրահեղ ձախակողմյան կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Այդ բանավեճերն ինձ համար շատ օգտակար էին, քանի որ հնարավորություն էին տալիս անմիջապես առնչվել եւ ուսումնասիրել արեւմտյան, բրիտանական եւ արեւմտաեվրոպական համակարգերին: Եթե МГИМО-ում իմ ուսումնասիրության հիմնական թեման ԱՄՆ էր, ապա Մանչեսթերում մագիստրոսական աշխատանքս վերնագրված էր «Արեւմտաեվրոպական ժողովրդավարության տարբերակները» (Variations of democracy in Western Europe):

 

- Մանչեսթերից վերադարձաք Երեւան:

 

-Երբ Մանչեսթերից վերադարձա Երեւան, առաջին բանն ինչ արեցի` ամուսնացա (ժպտում է): Ապագա կնոջս հանդիպել էի մինչեւ Անգլիա մեկնելը եւ հասցրել էինք նշանվել: Իհարկե, այսօրվա շփման հնարավորությունները այն ժամանակ չկային, բայց մշտապես կապի մեջ էինք: Մեր հարաբերություններն արագ էին զարգանում, քանի որ հենց սկզբից ինչ-որ կայծ անցավ մեր մեջ: Մեր ամուսնության տարին համընկնում է Հայաստանի անկախության հռչակման տարեթվի հետ (ժպտում է):

 

 "Զոհրաբ Մնացականյանը տիկնոջ հետ ընդունում են ընդունելության հյուրերին Բեռնում":

Լուսանկարը` Զ. Մնացականյանի արխիվից:

 

- Պատմական շրջան էր, մի կողմից` շատ ծանր, մյուս կողմից` պատասխանատու եւ ոգեւորիչ: Ի՞նչ էիք զգում այդ ժամանակ:

 

- Այն ժամանակվա խանդավառությունը ոչնչի հետ չեմ կարող համեմատել: Տարբեր հնարավորություններ ունեի`թե Մոսկվայում, թե Մանչեսթերում: Չգիտեմ, կստացվեր թե ոչ` դա ուրիշ հարց է: Բայց անկախության հետ կապված ոգեւորությունը եւ խանդավառությունը իսկապես որեւէ բանի հետ համեմատելի չէր: Այն ժամանակ հավատացած էի` հիմա սա մեր երկիրն է: Մենք սովորում էինք, որպեսզի մեր մասնագիտությունը իրականացնենք մի մեծ երկրում, որի մի փոքր մասն էինք կազմում, բայց հիմա պետք է աշխատեինք մեր երկրի եւ մեր ժողովրդի համար:

 

Թվում էր, որ այն բոլոր հարմարությունները, որոնք գոյություն ունեին մեր կյանքում, պետք է տեղափոխվեն նորանկախ Հայաստանի Հանրապետություն: Իհարկե, չէինք կարող պատկերացնել, թե ինչ դժվարությունների միջով պետք է անցնենք:

 

Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ում:

Լուսանկարը` Զ. Մնացականյանի արխիվից:

 

Նստում էինք ցուրտ աշխատասենյակներում, աշխատանքի գնում եւ վերադառնում էինք ոտքով, սառած ձեռքերով նոտաներ էինք գրում: Բայց այդ զգացմունքը` «այս երկիրը մերն է եւ պետք է այն շենացնենք», կյանքիս ամենամեծ ոգեւորությունն էր:

 

Երբ նախարարություն եկա, նախարարը դեռ նշանակված չէր, սակայն արդեն հայտնի էր, թե ով է լինելու: Արտգործնախարարությունը սկզբում մի փոքր խումբ էր` մոտ 30 մարդ: Երբ եկա, ինձ որպես քննություն հանձնարարվեց նամակ գրել Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ցանկության մասին: Այդպես, իմ առաջին աշխատանքն եղավ ՀՀ արտգործնախարարի անունից Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին նամակի նախագծի պատրաստումը:

 

- 1993թ. Լոնդոնում Դուք ներկայացնում էինք մի նորանկախ պետություն, որը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում եւ ուներ բազմաթիվ խնդիրներ: Ինչպե՞ս էր վերաբերվում Ձեզ` որպես նորանկախ պետության ներկայացուցչի:

 

- Այդ տարիներին աշխարհը փորձում էր հարմարվել նոր իրողությանը եւ նոր օրակարգին: Ի վերջո, փլուզվեց գերտերություն, որը 60 տարի շարունակ համաշխարհային կարգի սյուներից մեկն էր: Իմ տպավորությամբ, այն ժամանակ քաոսը շատ էր եւ դա արտահայտվում էր նաեւ աշխատանքի մեջ:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Եթե խոսենք մեր հանդեպ վերաբերմունքի մասին, ապա միշտ զգացել եմ, որ մեր ժողովուրդը, մեր երկիրը a priori ունեցել է հարգանքի եւ ավելի բարձր սպասելիքների կրեդիտ: Տարբեր դրվագներ են եղել իմ պրակտիկայում, որոնք թույլ են տալիս նման եզրակացություն անել: Մեր պատմությունը, մեր ժողովրդի տարբեր ներկայացուցիչների ներդրումը բազմաթիվ երկրներում ու ոլորտներում, հավատարմությունը մեր արժեքներին ստեղծում են վերաբերմունք, որը մեր երկրի համար մեծ առավելություն է եւ միաժամանակ մեծ պատասխանատվություն:

 

Համայնքի ազդեցությունը, ներգրավվածությունը, ոգեւորությունը եւ համախմբվածությունը դեսպանության շուրջ աննկարագրելի էր: Իհարկե, ժամանակին սփյուռքում որոշ մարդկանց մոտ կար, այսպես ասած, «Դիսնեյլենդի ընկալում»`թվում էր, որ այն, ինչի մասին երկար երազել են, շատ արագ պետք է ստեղծվի: Սակայն մարդիկ աստիճանաբար գալիս էին ավելի իրատեսական դաշտ: Իհարկե, կար նաեւ հիասթափության մեծ շրջան` սփյուռքահայերը տեսնում էին բացասական երեւույթներ եւ շուտ հիասթափվում:

 

Բայց, երեւի, դա բնական էր, որովհետեւ, Հայաստանն իսկապես «Դիսնեյլենդ» չէր, այլ իրական երկիր` դրական եւ բացասական երեւույթներով:

 

- Աշխատելով Ժնեւում, կազմակերպեցիք ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը համաշխարհային ճանաչում ունեցող Montreux Jazz Festival-ի հիմնադիր Կլոդ Նոբսի տուն: Ինչպ՞ես դա եղավ:

 

- Մանկությունից ջազի մեծ սիրահար եմ եղել: Խորհրդային ժամանակ «22.30» ծրագրի միջոցով հնարավորություն ունեինք ծանոթանալու արեւմտյան երաժշտության լավագույն օրինակները: Հիշում եմ, որ հաճախ է Մայլս Դէվիսի կամ Նինա Սիմոնի հետեւում տեսնում այդ լոգոն` Montreux Jazz Festival: Իհարկե, երբ ժամանեցի Ժնեւ, առաջին ցանկություններից մեկը այդ փառատոնին ծանոթանալն էր:

 

Ժնեւ ժամանել էի 2002թ. փետրվարին, իսկ փառատոնը հուլիսին է: Մայիսին դեսպանությունում զանգ ստացանք` Montreux Jazz Festival-ից տեղեկացնում էին, որ մեր հայրենակից Տիգրան Համասյանը նվագելու է փառատոնի դաշնակահարների մրցույթում: Նաեւ ասացին, որ Կլոդ Նոբսը (ով հիմնադրել է փառատոնը 1967 թվականին) շատ ուրախ կլինի, եթե ընդունեմ իր հրավերը: Կարող եք պատկերացնել իմ ոգեւորությունը:

 

Զոհրաբ Մնացականյանը եւ Տիգրան Համասյանը (ձախից) Lոզանի Chorus ակումբում:

Լուսանկարը` Զ. Մնացականյանի արխիվից:

 

Ինձ դիմավորում էին որպես «պարոն դեսպան», իսկ ես գնում էի իմ երազանքի վայրը (ժպտում է): Ասացին, որ մինչեւ փառատոնի մեկնարկը Կլոբ Նոբսը մեզ կսպասի իր տանը: Տունը վերեւում էր, սարերի մեջ: Մտնելով տուն, որը ջազի թանգարան էր հիշեցնում, մարդ չտեսանք: Տան պարտեզում հանդիպեցինք ջազի տարբեր «դեմքերի»: Նկատեցինք, որ մի մարդ խորոված էր պատրաստում: Մոտեցանք իրեն եւ հարցրեցինք, թե որտ՞եղ գտնենք Կլոդ Նոբսին: Նա էլ համեստորեն պատասխանեց, որ Կլոդ Նոբսն ինքն է: Սկսեցինք զրուցել` բազմաթիվ հետաքրքիր պատմություններ պատմեց փառատոնի ատեղծման, Նինա Սիմոնի, Մայլս Դէվիսի մասին: Ուղղակի հիացած էի նրանով:

 

Կլոդ Նոբսի հետ բարեկամությունը մի մեծ առիթ էր, որպեսզի մտնեմ ջազի այդ հիասքանչ աշխարհը: Մինչ այսօր շատ մտերիմ եմ եւ Կլոդ Նոբսի եւ Տիգրան Համասյանի հետ, ով, իմիջիայլոց, հաղթեց մրցույթում:

 

2003թ. ՀՀ նախագահը պետք է այցելեր Ժնեւ եւ այցի օրակարգում մի քանի ազատ ժամ ունեինք: Զանգահարեցի Կլոդ Նոբսին ու ասացի, որ մեր նախագահը եւս ջազի մեծ սիրահար է ու նրան հետաքրքիր կլիներ այցելել Մոնտրյոի փառատոնի հիմնադրին: Ներողություն խնդրեց, ասելով, որ այդ օրերին Նյու-Յորքում է լինելու: Սակայն մի քանի օր անց Կլոդ Նոբսը զանգահարեց ու ասաց, որ գործերն այնպես է հարմարեցրել, որ հյուրընկալի մեզ: Շատ զգացված էի: Այնպես ստացվեց, որ այդ օրը Կլոդ Նոբսի տանը մեզ միացավ նաեւ Շարլ Ազնավուրը, եւ երեկոն անմոռանալի տոնի վերածվեց:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

- Հե՞շտ եք հարմարվում նոր երկրներին ու նոր միջավայրին:

- Դիվանագետ լինելը ապրելակերպ է: Աշխատանքի բերումով տարբեր երկրներում ենք ապրում: Առաջին մտքերը, երբ հայտնվում ես նոր վայրում, մոտավորապես այսպիսին են` ո՞վ ես դու, ի՞նչ ես անում այստեղ, ո՞վքեր են այս մարդիկ եւ ի՞նչ են ուզում քեզանից (ծիծաղում է): 3-4 տարի անց ապրելուդ վայրը կրկին փոխվում է: Ես շատ բախտավոր եմ այն առումով, որ ընտանիքս ընդունել է նման ապրելակերպը ու միշտ աջակցել է ինձ:

 

Պետք է բնական հետաքրքրություն եւ ձգտումներ ունենաս, ոչ թե պարզապես հարմարվես, քանի որ ամեն տեղ սրտիդ մասնիկն ես թողնում:

 

- Գիտեմ, որ շուն ունեք: Համենայն դեպս, Facebook-ի Ձեր էջում հենց շան հետ եք պատկերված: Հասցնում ե՞ք զբաղվել նրա հետ:

 

- Արչիբալդ լաբրադորը մեծ հեղինակություն է վայելում մեր ընտանիքում: Շատ խելացի եւ հմայիչ շուն է: Ֆրանսիական անձնագիր ունի, այսինքն, կարող է առանց արտոնագրի մուտք գործել Եվրամիության երկրներ (ծիծաղում է):

 

Զոհրաբ Մնացականյանը եւ Արչիբալդը:

Լուսանկարը` Զ. Մնացականյանի արխիվից:

 

Երեք տարի է, ինչ մեզ հետ է: Շանը Ստրասբուրգում վերցրեցինք, եւ ընկերս կատակեց, որ քանի թոռներ չունեմ, շուն պահելու իսկական ժամանակն է: Շունն իսկապես մեր ընտանիքի անդամն է եւ կարելի է ասել, որ նա ամբողջացնում է այն: Աշխատանքից հետո Արչիբալդի հետ զբոսնելով, նաեւ լավ լիցքաթափվում եմ:

 

- Պարոն Մնացականյան, ի տարբերություն մեր շատ պաշտոնյաների, շատ անմիջական եւ մարդամոտ եք:

- Շնորհակալ եմ (ժպտում է): Մի շատ կարեւոր բան կա: Էական չէ, ես այսօր փոխնախարար եմ, դեսպան, թե որեւէ այլ պաշտոնյա: Ինձ չեն հիշելու որպես «պարոն դեսպան», ինձ հիշելու են որպես Զոհրաբ:

 

- Երջանիկ, կյանքով ու աշխատանքով բավարարված մարդու տպավորություն եք թողնում: Այդպե՞ս է:  

 

- Իսկապես դժգոհելու տեղ չունեմ: Շրջապատող մարդիկ ինձ երջանիկ են դարձնում, իմ աշխարհն են ձեւավորում` մի աշխարհ, որտեղ ես ինձ շատ լավ եմ զգում:

 

Մարդ պետք է արժանապատիվ լինի: Սա իմ քաղաքն է, սա իմ ժողովուրդն է, սա իմ երկիրն է: Շատ լավ քաղաք է, շատ լավ երկիր է, եւ շատ լավ հասարակություն է: Անշուշտ, ունենք խնդիրներ, թերություններ, բայց դրանց միջոցով չպետք է ինքներս մեզ արժեզրկենք: Ոչ մեկից ոչնչով պակաս չենք:

 

Այսօր ինձ համար շատ էական, հետաքրքիր եւ պատասխանատու շրջան է`բանակցություններ ենք վարում ԵՄ-ի հետ, ու ես զգում եմ, որ ունենք շատ շոշափելի արդյունքներ:

 

Մի դրվագ Հայաստան-ԵՄ բանակցություններից:

Լուսանկարը` Զ. Մնացականյանի արխիվից:

 

Շատ շնորհակալ եւ պարտավորված եմ, որ այդ պատասխանատու աշխատանքն ինձ է վստահված: Ունենք շատ լավ բանակցային թիմ, եւ այդ թիմային աշխատանքը շատ հաճելի է: Ազարտ կա այդ աշխատանքում: Առանց ազարտի շատ դժվար է աշխատել:

 

Զոհրաբ Մնացականյանի հետ զրուցել է Արամ Արարատյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին