Մահարու անտիպ նամակը Զապել Եսայանին՝ «նոր մարդուն» փնտրելու մասին - Mediamax.am

exclusive
17051 դիտում

Մահարու անտիպ նամակը Զապել Եսայանին՝ «նոր մարդուն» փնտրելու մասին


Մահարու նամակը Զ. Եսայանին
Մահարու նամակը Զ. Եսայանին
Գուրգեն Մահարին եւ Եղիշե Չարենցը
Գուրգեն Մահարին եւ Եղիշե Չարենցը

Լուսանկարը` տրամադրել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հուշային բաժինը

Զապել Եսայանը
Զապել Եսայանը

Տատիկիս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանի արխիվում, թղթապանակներից մեկում հավաքված են Զապել Եսայանին ուղղված հայ գրողների, քաղաքական գործիչների նամակները՝ Հովհ. Թումանյան, Ռուբեն Զարդարյան, Վ. Փափազյան, Թեոդիկ, Լեւոն Լարենց, Արտաշես Հարությունյան,Փանոս Թերլեմեզյան, Վարդան Մախոխյան, Վահան Թեքեյան, Ավ. Իսահակյան եւ այլն: Այս նամակների մի մասը տպագրված է, մյուս մասն անտիպ է: 

 

Չգիտեմ՝ հավաքելով Զապել Եսայանին ուղղված նամակների՝ այս հարուստ արխիվը, տատիկս դրանք հրատարակելու նպատակ ունեցե՞լ է, թե՞ ոչ:  Ամեն դեպքում, դեռեւս 1977 թվականին նա հավաքել ու հրատարակել էր «Զապել Եսայան. նամակներ» գիրքը՝ 175 նամակ՝ ծանոթագրություններով:

 

Զապել Եսայանը Զապել Եսայանը

 

 

Ձեռքիս տակ եղած թղթապանակը մանրակրկիտ եւ ժամանակատար ուսումնասիրության նյութ է, սակայն այսօր Մեդիամաքսի ընթերցողներին կներկայացնենք Գուրգեն Մահարու անտիպ նամակը՝ Զապել Եսայանին:  «Անտարես» հրատարակչատունն այս տարի պատրաստվում է հրատարակել Գուրգեն Մահարու նամականին, որտեղ կլինի նաեւ այս նամակը: 

 

Նամակը ծանոթագրելիս՝ ՀՅԴ «Դրօշակ» պաշտոնաթերթում հետաքրքիր գնահատականներ գտա Եղիշե Չարենցի մասին, որոնք ներկայացրել եմ 1-ին ծանոթագրության մեջ:

 

Թե որքան բարդ շրջան էր հայ գրողների համար նախորդ դարի 20-30-ական շրջանը, որքան ճակատագրական եղավ շատերի՝ այդ թվում՝ Չարենցի, Բակունցի, Մահարու, նույն՝ Զապել Եսայանի համար, ինչ բարդ ընտրության առաջ էին կանգնած նրանք,  կարող եք ծանոթանալ՝ կարդալով նաեւ մեր այս հրապարակումը

 

 

Ստորեւ՝ Գուրգեն Մահարու անտիպ նամակն է Զապել Եսայանին: 

 

***

 

17  հունիսի, 1927 թ., Երեւան

 

Սիրելի տիկ. Զաբել

 

Կիմանամ, վոր դաշնակ «Դրոշակ»-ը սիրաշահող տողեր է նվիրել Չարենցին եւ ինձի, տպելով մեզմե այնպիսի բանաստեղծություններ, վորոնք մեր ստեղծագործությանց ամենատխուր էջերն են եւ պիտի մնան (1):

 

Գուրգեն Մահարին եւ Եղիշե Չարենցը Գուրգեն Մահարին եւ Եղիշե Չարենցը

Լուսանկարը` տրամադրել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հուշային բաժինը

 

Յես միշտ զղջացել եմ բանաստեղծ լինելուս համար, վորովհետեւ մեր, հեղափոխական այս դարաշրջանին մեջ ամենացավագին զիգզագներով առաջ ընթացողները բանաստեղծներն են: Ապահովաբար վոչ վոք յենթակա չէ այնքան փորձությունների, վորքան բանաստեղծը, վորովհետեւ վոչինչ չկա ավելի քմասեր, քան մարդու զգացմունքային աշխարհը, իսկ ճշմարիտ բանաստեղծը (իմ կարծիքով) զգացմունքներինն է:

 

Մենք տառապելով կը բարձրանանք եւ կը փնտռենք դուրսը եւ մեր մեջ նոր մարդուն՝ իր զգացմունքներով (ընդգծումը՝ հեղինակի-խմբ.) հաճախ յե՞տ կերթանք, երբեմն էլ կը խոտորի՞նք...հոգ չէ, բայց ինձ առանձնապես կը մտահոգի այն մարդկանց վարքագիծը, վորոնք յերկրի մեջ կատարվող յուրաքանչյուր գեղեցիկ միֆն ու ցավագին սայթաքումը կը վերածեն ամենատխուր կոպեկների: Շա՞հ: Ունին յերեւի:

 

Մահարու նամակը Զ. Եսայանին Մահարու նամակը Զ. Եսայանին

 

 

«Չարենցին հետ» բանաստեղծությունս լույս պիտի տեսնեն տեղիս «Յերիտ. Բոլշեւիկի» մեջ ընկ. Գյուլու նախաբանով. իր հավանած քերթվածքներից մեկն է (2) եւ հարմար տեսանի, վոր տպվի «Երեւան»-ին մեջ: Գուցե առիթ գա ձեզի եւս արտահայտվել եւ պատասխանելու եւ ուշադրելու համար. ամեն դեպքում՝ ձեզ հաջողություն:

 

Տղաները ամենքն ալ լավ են:

 

Երեւանը՝ տո՛թ…

 

Ջերմ բարեւներս՝ Չուբարին, վորն, ավաղ, ջրի պես կուգա, ավազի պես կմնա…

 

Ձեր՝ Գ. Մահարի

 

P.S.Իբրեւ նորույթ պիտի հաղորդեմ, վոր «Ուղեկիցներ»-ը կազմակերպվեցին. միությունը կկրե «Հայաստանի աշխատավորական գրողների միություն» անունը (3):

 

Լիլիթ Ավագյան

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. 1926 թ.-ից մինչեւ 1927 թ-ի հունիսը, այսինքն՝ նամակը գրելու ամիսը, «Դրօշակ»-ի համարներում Մահարու եւ Չարենցի ՝ նշված բանաստեղծությունները չգտանք: «Դրօշակ»-ի 1927 թ. N 5-ում Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն էր՝ հետեւյալ կարծիքով. «Սրանով ասւած է ամեն ինչ: Այս սքանչելի երգով Չարենցին կը ներուեն նրա բոլոր մեղքերը, ինչպէս Եսենինին ռուս մտաւորականութիւնը ներեց նրա գործած բոլոր ստահակութիւնները: Եվ զարմանալի չէ, որ հակառակ այլանդակ միմոսութիւնների, հակառակ հրէշային  արարքների, անբարոյական ու այլասերւած ապրելակերպի, հակառակ վերջին տարիները շարադրած մի շարք անճոռնի, արհեստական ու ծամածռութիւններով լիքը անշնորհք գրւածքների՝ Չարենցը շարունակում է մնալ կենդանի, եւ այդ կենդանութեան աղբիւրը պետք է փնտռել նրա «Անուշ Հայաստան»-ի ը նույն ոգով ներշնչւած բանաստեղծութիւնների մէջ»: («Դրօշակ», 1927, N 5,  էջ 133):

 

2. «Յերիտասարդ բոլշեվիկ» -ում Մահարու «Չարենցին հետ» բանաստեղծությունը չի տպվել. ստուգեցինք 1927-1928 թթ. բոլոր համարները: Թերթի 1929թ. 5 -րդ համարում լույս է տեսել Գ. Մահարու «Սիրո, խանդի յեւ …կուսզտման մասին» բանաստեղծությունը: 

 

3. Խոսքը 1927-1929  թթ. ստեղծված «Հայ աշխատավորական գրողների միության» մասին է, որի նախագահը Դերենիկ Դեմիրճյանն էր, տեղակալը՝ Ստեփան Զորյանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին