Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ անհրաժեշտ է բացառել պետական մարմինների կողմից տարատեսակ փաստաթղթերի տրամադրման անհարկի ձգձգումներն ու ձեւական վարչարարական պահանջները:
«Այն ծառայությունները, որոնք մատուցվում են բացառապես պետական մարմինների կողմից, դեռեւս պարունակում են խնդիրներ, մասնավորապես՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց լիցենզիաների եւ այլ փաստաթղթերի տրամադրման ձգձգումներ, վարչարարական ձեւական պահանջներ եւ այլն: Ավելին, որոշ գերատեսչություններում բացակայում են պետական ծառայությունների մատուցման միասնական մեխանիզմները կամ «մեկ պատուհան»-ի հնարավորությունը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
«Որոշ գերատեսչություններում այս առումով անթույլատրելի իրավիճակ է: Նման դեպքերը պետք է բացառվեն»,- հավելել է կառավարության ղեկավարը:
Հաշվի առնելով գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունը՝ վարչապետը հանձնարարել է գործադիր մարմինների ղեկավարներին մեկամսյա ժամկետում մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի եւ այլ փաստաթղթերի տրամադրման ժամկետները հստակեցնելու, վարչարարությունը պարզեցնելու, կանխատեսելի դարձնելու, «մեկ պատուհանի» սկզբունքն ապահովելու վերաբերյալ գործողությունների ծրագիր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: