«Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է», ասել է նախագահը - Mediamax.am

13786 դիտում

«Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է», ասել է նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ խորհրդարանի աշխատանքը որակի աճ է արձանագրել:

Այս մասին նախագահն ասել է Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ:

 

«Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլեւ իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: Այս առումով կարծում եմ, որ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Նշելով, որ մինչեւ այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի ՀՀ չորրորդ նախագահին, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նոր սահմանադրական ընթացակարգով նախատեսված ընտրություններին Ազգային ժողովի բոլոր պատգամավորները կմոտենան ամենայն պատասխանատվությամբ:

 

«Իհարկե, ցանկալի է, որ Հանրապետության նախագահը ընտրվի խորհրդարանական ընդարձակ համաձայնության պայմաններում»,- ասել է նա:

 

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Ազգային ժողովը պետք է հանդես գա որպես մեծամասնության եւ փոքրամասնության երկխոսության եւ համատեղ աշխատանքի կարեւոր հարթակ:

 

«Այս առումով, ինչպես եւ աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում, ամեն ինչ չէ, որ հարթ եւ սահուն է ընթանում: Լիագումար նիստերում երբեմն ոչ միայն ընդդիմությունը, այլեւ կառավարող ուժի ներկայացուցիչները տեղի են տալիս հույզերին եւ շիկացնում մթնոլորտը, բայց սրանք ժողովրդավարական զարգացման եւ աճի բնականոն խնդիրներ են, որոնք, համոզված եմ, ժամանակի հետ, հանդարտվելու են»,- ասել է նա:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Նախագահը նշել է, որ գնահատում է Ազգային ժողովի նախագահի հետեւողականությունը եւ համբերությունը որոշ պատգամավորների հետ շփումներում:

 

«Բոլոր պարագաներում մենք պետք է շարունակենք ամրապնդել հանդուրժողականությունը եւ փոխադարձ հարգանքը ծավալվող քաղաքական քննարկումներում: Կառավարող ուժի ներկայացուցիչները պետք է լինեն ավելի զուսպ՝ հաշվի առնելով իրենց կարգավիճակը»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին