Ռիչարդ Միլս. Վարչապետի թեկնածուն չի ընտրվում փողոցում - Mediamax.am

3896 դիտում

Ռիչարդ Միլս. Վարչապետի թեկնածուն չի ընտրվում փողոցում


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն այսօր ասել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ դեսպանը վերահաստատել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը եւ շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն:

 

«Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, եւ կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»,- Ռիչարդ Միլսի այս խոսքերը մեջբերել է կառավարության մամուլի ծառայությունը: 

 

Կարեն Կարապետյանն էլ կարեւորել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից խորհրդակցությունների անցկացումը՝ քննարկելու ստեղծված իրավիճակից ելքերը, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով: 

 

***

 

Ապրիլի 25-ին ժամը 19:15-ին կառավարության մամուլի ծառայությունը ներկայացրեց վերոնշյալ հաղորդագրության նոր տարբերակը, որը ներկայացնում ենք ստորեւ.

 

«Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր: 

 

Կարեն Կարապետյանը կարեւորել է ներքաղաքական խնդիրների լուծումը երկխոսության, Սահմանադրական ճանապարհով եւ շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ այս հարցում արտահայտած դիրքորոշման համար: Վարչապետի պաշտոնակատարը կարեւորել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից խորհրդակցությունների անցկացումը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակն ու դրանից դուրս գալու ուղիները, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով: 

 

Դեսպան Միլսը կրկին անգամ վերահաստատել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը և շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն: Նա ավելացրել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին