Փաշինյան. «Ինձ համար կարեւոր է քրիստոնեական արժեքների արմատավորումը» - Mediamax.am

2851 դիտում

Փաշինյան. «Ինձ համար կարեւոր է քրիստոնեական արժեքների արմատավորումը»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արդեն հաղորդել ենք, որ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:

Արդեն ներկայացրել ենք հատվածներ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքից, իսկ հիմա ներկայացնում ենք հատվածներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից:

 

 

Ինստիտուցիոնալ եւ երկարաժամկետ լուծումներ

 

Վեհափառ Հայրապետի հետ քննարկումների արդյունքում մենք եկանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով զբաղվելու համար, որպեսզի ունենանք մշտական գործող աշխատանքային ձեւաչափ, որպեսզի գոյացող հարցերը քննարկվեն եւ լուծումներ ստանան: Ընդ որում, այդ լուծումները ցանկալի է, որ լինեն ոչ թե հատվածական եւ այսրոպեական, այլ ընդհանրապես ինստիտուցիոնալ եւ երկարաժամկետ: Այս առումով, կարծում եմ, որ չափազանց կարեւոր է, որ այս քննարկումների համատեքստում համադրենք եկեղեցի-պետություն հարաբերությունների մեր պատկերացումները այն նոր իրավիճակի համատեքստում, որ այսօր գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում: 

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Հայ Առաքելական Եկեղեցու դերն առանձնահատուկ է 

 

Իհարկե, կարիք չկա ասելու, թե մեզ համար ինչպիսի մեծ կարեւորություն եւ դերակատարում ունի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Ես ուզում եմ ասել, որ այսօր Հայաստանում իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկը մեր ազգային ինքնության պահպանման խնդիրներն են, եւ սա եղել է մեր քաղաքական ուժի հիմնադիր ծրագրում դեռեւս 2013 թվականից: Իհարկե, սա կարեւորագույն առաջնահերթություն է մեզ համար, եւ այս առումով Հայ Առաքելական Եկեղեցու դերն առանձնահատուկ է եւ միշտ եղել է առանձնահատուկ: Բայց նաեւ կա խնդիր՝  հասկանալու, թե ինչքանով են մեր պատկերացումները նույնական ինքնության պահպանման առումով, եւ ինչ հարցեր կան այս համատեքստում, որ պետք է քննարկենք: 

 

Դուրս գալ կամայական որոշումների դաշտից 

 

Անհրաժեշտ է գալ համատեղ որոշումների՝ որպես ելակետ ընդունելով մեր ազգային եւ պետական շահերը, այն խնդիրները, որ մենք այսօր առաջադրել ենք: Պետք է փորձել յուրաքանչյուր իրավիճակն այսօրվա մեջ հասկանալ եւ լսել բոլոր փաստարկները, որոշումների կայացումը թողնել հենց փաստարկներին, այսինքն՝ կամայական որոշումների դաշտից մենք պետք է դուրս գանք եւ հստակ փաստարկված, հիմնավորված որոշումներ կայացնենք: Մասնավորապես, ինչ վերաբերում է, օրինակ, կրթությանը. այս ոլորտում մեր օրակարգի հարցը, որ Մայր Աթոռն առաջարկել էր, Հայ Առաքելական Եկեղեցու պատմության հետ կապված հարցն է: Այստեղ առաջին հարցը, որ ծագում է, հետեւյալն է. արդյոք մենք տարբերակո՞ւմ ենք Հայ Առաքելական Եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից, եւ եթե տարբերակում ենք, ինչո՞ւ ենք տարբերակում, եւ եթե տարբերակում ենք, ինչպե՞ս ենք տարբերակում, եւ այդպես շարունակ:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Քրիստոնեական արժեքների արմատավորումը 

 

Ինձ համար կարեւոր  է ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարումը Հայաստանի Հանրապետությունում եւ ընդհանրապես հայության շրջանում, այլեւ ինձ համար շատ կարեւոր է Հայաստանի Հանրապետությունում քրիստոնեական արժեքների արմատավորումը: 

 

Եվ ես կհամարձակվեմ ասել, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը մեծ մասով հիմնված էր հենց քրիստոնեական արժեքների վրա: Եվ ինքս ինձ համար՝ որպես մարդ, որպես քաղաքական գործիչ, իմ կյանքում շրջադարձային եմ համարում այն կետը, երբ ես առիթ ունեցա ընթերցել եւ վերընթերցել Նոր Կտակարանը: Կարծում եմ, որ այն վարդապետությունը, որ այդտեղ դրված է, իսկապես, բոլոր առումներով, այդ թվում՝  պետական առումով հեղափոխական է, եւ դա այն բանաձեւն է, որ Հայաստանի Հանրապետությանը, նրա քաղաքացիներին եւ ընդհանրապես մարդկությանը կարող է հասցնել երջանկության: 

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Ես սա ասում եմ՝ արձանագրելու համար իմ վերաբերմունքը եկեղեցուն, իմ վերաբերմունքը քրիստոնեությանը, իմ վերաբերմունքը քրիստոնեական արժեքներին: Եվ ես համոզված եմ, որ այդ քրիստոնեական արժեքները կարող են ծառայել եւ պիտի ծառայեն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հզորացմանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին