Գտնվել են էկզոմոլորակի ստրատոսֆերայի ապացույցներ - Mediamax.am

59407 դիտում

Գտնվել են էկզոմոլորակի ստրատոսֆերայի ապացույցներ


Լուսանկարը` REUTERS


Գիտնականները գտել են արտաարեգակնային համակարգի մոլորակի վրա ստրատոսֆերայի մինչ օրս ամենահամոզիչ ապացուցները: Ստրատոսֆերան (վերնոլորտ) մթնոլորտի շերտ է, որտեղ ջերմությունը հասնում է բարձր աստիճանների:

Նոր ուսումնասիրությունը ներկայացնում է լավագույն ապացույցները, քանի որ հետազոտողները առաջին անգամ են նկատել տաք ջրի մոլեկուլների նշաններ:

 

«Այս արդյունքը գրավիչ է, քանի որ այն ցույց է տալիս, որ Արեգակնային համակարգի հիմնական մթնոլորտի մեծ մասի ընդհանուր բնույթը (տաք ստրատոսֆերա) կարելի է տեսնել նաեւ էկզոմոլորակների մթնոլորտում: Այժմ մենք կարող ենք էկզոմոլորակների մթնոլորտում տեղի ունեցողը համեմատել այն նույն գործընթացների հետ, որոնք կատարվում են Արեգակնային համակարգում, բայց տարբեր պայմաններում»,- ասել է հետազոտության համահեղինակ, NASA-ի Ames հետազոտական կենտրոնի գիտաշխատող Մարկ Մարլին:

 

 

Գիտնականները, օգտագործելով NASA-ի Hubble տիեզերական աստղադիտակը, ուսումնասիրել են WASP-121b էկզոմոլորակը, որը «տաք Յուպիտեր»-ների շարքին է դասվում: Մոլորակի ծավալը Յուպիտերից 1,2 անգամ, իսկ շառավիղը մոտ 1.9 անգամ ավելի է, ինչը ավելի խիտ է դարձնում այն:

 

Յուպիտերն Արեգակի շուրջը պտտվում է 12 տարում, մինչդեռ WASP-121b-ն իր աստղի շուրջ պտույտը կատարում է ընդամենը 1,3 օրում: Այս էկզոմոլորակն այնքան մոտ է իր աստղին, որ եթե ավելի մոտենա, ապա աստղի գրավիտացիան կկործանի այն: WASP-121-ը, ըստ գիտնականների գնահատման, Երկիր մոլորակից հեռու է մոտ 900 լուսատարի:

 

WASP-121b-ի ստրատոսֆերան ուսումնասիրելիս գիտնականները վերլուծել են, թե ինչպես են մթնոլորտում տարբեր մոլեկուլներ արձագանքում լույսի որոշակի ալիքի երկարություններին: Մոլորակի մթնոլորտում ջրի գոլորշին, օրինակ, կախված ջրի ջերմաստիճանից, իրեն կանխատեսելի է դրսեւորում՝ ի պատասխան լույսի ալիքների կոնկրետ երկարությանը: Աստղի լույսն ի վիճակի է խորը թափանցել մոլորակի մթնոլորտ, որտեղ այն բարձրացնում է գազի ջերմությունը: Այդ գազն այնուհետեւ սփռում է իր ջերմությունը տարածության մեջ՝ որպես ինֆրակարմիր ճառագայթ: Սակայն, եթե մթնոլորտի վերին շերտում ավելի սառը ջրային գոլորշի է, ապա ջրի մոլեկուլները կկանխեն լույսի որոշ ալիքի երկարությունների տարածումը:

 

Գիտնականների խոսքով, ջրից լույսի ճառագայթումը նշանակում է, որ ջերմաստիճանն ավելանում է աճող բարձրությամբ: Գիտնականներն ասել են, որ այս գերտաք էկզոմոլորակը կարող է չափանիշ դառնալ մթնոլորտային մոդելների համար:

 

Ս.թ. հունիսին Մեդիամաքսը զրուցել էր շվեյցարացի աստղաֆիզիկոս, Ժնեւի համալսարանի աստղագիտության դեպարտամենտի պրոֆեսոր, աշխարհում առաջին արտաարեգակնային մոլորակը հայտնաբերած Միշել Մայորի հետ, որն այցելել էր Հայաստան՝ մասնակցելու «Արտաարեգակնային մոլորակներ եւ աստղակենսաբանություն» թեմայով աշխատաժողովին:

 

Պատրաստեց Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին