Գիտական լսարանում հետաքրքրվածությունը վարակիչ է լինում - Mediamax.am

57468 դիտում

Գիտական լսարանում հետաքրքրվածությունը վարակիչ է լինում


Լուսանկարը` prospectcentre.ca


Գիտական լսարաններում ուսանողների հետաքրքրվածությունը վարակիչ է լինում եւ կարող է օգնել բարելավել գնահատականները:

 

Ֆլորիդայի միջազգային համալսարանի պրոֆեսորներ Զահրա Հազարիի եւ Գեոֆ Փոտվինի հետազոտության արդյունքների համաձայն, երբ գիտական լսարանի ուսանողները տեսնում են իրենց դասընկներների հետաքրքրվածությունը, նրանց մոտ եւս զարգանում է գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական կարիերայի հանդեպ հետաքրքրություն:

 

Հետազոտության ժամանակ հարցումներ են անցկացվել Միացյալ Նահանգների պատահականորեն ընտրված 50 քոլեջներում եւ համալսարաններում՝ ավելի քան 2000 ուսանողի շրջանում:

 

«Մարդիկ հեշտությամբ որսում են ուրիշների զգացմունքները, եւ մենք դա տեսանք գիտական լսարանում: Սա իսկապես ընդգծում է ուսանողներին դեպի գիտությունը գրավելու եւ նրանց սովորելու դրդապատճառներին նպաստող պայմաններ ստեղծելու կարեւորությունը»,- ասել է Զահրա Հազարին:

 

Այն, թե ինչպես է ուսանողն ընդունում իր հասակակիցների հետաքրքրությունների մակարդակը, զգալի ազդեցություն է ունենում նրա գիտական կարիերայի ընտրության վրա: Նույնիսկ այն ուսանողները, որոնք քիչ նախապատվություն են տվել գիտությանը, մեծ հետաքրքրություն են դրսեւորել գիտական կարիերայի հարցում, երբ տեսել են իրենց համադասարանցիների հետաքրքրվածության բարձր մակարդակը:

 

Այժմ հետազոտողները պլանավորում են շարունակել ուսումնասիրությունը՝ պարզելու, թե ինչ կարող են անել ուսուցիչները, որպեսզի ավելի լավ լսարանային միջավայր ստեղծեն, որտեղ ուսանողներն իրենց մոտիվացված եւ վստահ կզգան ավելի բարդ խնդիրներ լուծելու կամ փորձեր անելու համար:

 

Զահրա Հազարին ավելի վաղ արված հետազոտությամբ պարզել էր նաեւ, թե ինչն է նպաստում մաթեմատիկոս դառնալուն: Ըստ հետազոտության՝ գլխավոր գործոնները հետաքրքրությունն ու ճանաչումն են:

 

«Մաթեմատիկոսի կամ գիտետեխնիկական կարիերայի ընտրությունն ավելի շատ կապված է ճանաչողության եւ հետաքրքրվածության հետ, այլ ոչ թե այն հանգամանքի, որ երեխան ի վիճակի է դրանով զբաղվել: Սա կարեւոր է մաթեմատիկական կրթության խթանման համար, քանի որ, փաստորեն, հարցը միայն ներքին վստահության եւ կարողունակության մեջ չէ»,- ասել է Զահրա Հազարին, ով մասնագիտացած է գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական կրթության հարցերում:

 

Հազարին նաեւ մի քանի պարզ խորհուրդ է տվել ծնողներին, որոնց հետեւելով՝ նրանք կարող են նպաստել, որպեսզի երեխան հետաքրքրված լինի մաթեմատիկայով.

 

1.    Խնդրեք ձեր երեխային սովորեցնել, օգնել փոքր ազգականին կամ եղբորը լուծել մաթեմատիկական խնդիրներ:

2.    Օգնեք երեխային մաթեմատիկան կապակցել այն բաների հետ, որոնցով նա հետաքրքրված է:

3.    Հանրայնորեն քաջալերեք եւ խրախոսեք ձեր երեխային, եթե նա բարդ մաթեմատիկական խնդիր է լուծել:

4.    Մի մոռացեք ձեր երեխայի մեջ վառ պահել մաթեմատիկայից մեծ ակնկալիքները: Հավատը, որ իրենք կարող են զբաղվել բարդ մաթեմատիկայով, ճանաչման եւս մեկ միջոց է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին