«Հայկականությունը էթնիկությունից դուրս»՝ քննարկումեր Լայպցիգում - Mediamax.am

exclusive
11718 դիտում

«Հայկականությունը էթնիկությունից դուրս»՝ քննարկումեր Լայպցիգում


Պրոֆեսոր Շթեֆան Թրուբսթը
Պրոֆեսոր Շթեֆան Թրուբսթը

Լուսանկարը` Սիրարփի Մովսիսյան

Համաժողովի ծրագիրը
Համաժողովի ծրագիրը

Լուսանկարը` Սիրարփի Մովսիսյան

Լուսանկարը` Սիրարփի Մովսիսյան

Վահե Սահակյանը
Վահե Սահակյանը

Լուսանկարը` Սիրարփի Մովսիսյան

Հակոբ Մաթեւոսյանը
Հակոբ Մաթեւոսյանը

Լուսանկարը` Սիրարփի Մովսիսյան


Մայիսի 9-ից 10-ը Լայպցիգի Արեւելակենտրոնական Եվրոպայի պատմության եւ մշակույթի ուսումնասիրման կենտրոնը (GWZО) հյուրընկալել էր “Within and Beyond Ethnicity: Negotiating Identities in Modern Armenian Diaspora” միջազգային հայագիտական գիտաժողովը։

 

Միջոցառումը նպատակ էր հետապնդում վեր հանելու «էթնիկություն» եւ «սփյուռք» հասկացությունների հետ կապված խնդիրները, բացահայտելու սփյուռքային տարածությունների եւ ինքնությունների բանակցային էությունը, գլոբալ եւ լոկալ փոփոխությունների ազդեցությունը հայկական սփյուռքային ներհամայնքային զարգացումների վրա, քննարկելու սփյուռքում հայրենիքի ընկալումները, ինչպես նաեւ՝ «հայրենադարձների» պատկերացումները հայրենիքի մասին։

 

Միջոցառմանը մասնակցում էին գիտնականներ եւ հետազոտողներ աշխարհի 10 երկրներից՝ Հայաստանից, Լիբանանից, Հունգարիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Էստոնիայից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից։

Լուսանկարը` Սիրարփի Մովսիսյան

Գիտաժողովի բացումը տեղի ունեցավ GWZО-ում, որը տեղակայված է Լայպցիգի պատմական շինություններից մեկում՝ Շպեկս Հոֆում։

 

Մշակույթի պատմության պրոֆեսոր Շթեֆան Թրուբսթն իր բացման խոսքում ներկայացրեց իր եւ դոկտոր Բալինտ Կովաչի կողմից համակարգվող «Հայերը Արեւելակենտրոնական Եվրոպայի տնտեսությունում եւ մշակույթում (15-19-դդ)» հետազոտական եւ խմբագրական ծրագիրը: Պրոֆեսորը ներկայացրեց 2008 թվականից մինչեւ օրս գործող «Հայկական ծրագրի» շրջանակներում իրականացված բոլոր նախագծերն ու հրապարակումները: Այս ժամանակահատվածում նրանք հասցրել են խմբագրել եւ տպագրել տարածաշրջանի հայկական համայնքների պատմությանը, մշակույթին, առօրյա կյանքին վերաբերող բազմաքանակ գրքեր եւ հոդվածների հավաքածուներ, կազմակերպել թեմատիկ միջազգային ցուցահանդեսներ եւ գիտաժողովներ։

Հակոբ Մաթեւոսյանը Հակոբ Մաթեւոսյանը

Լուսանկարը` Սիրարփի Մովսիսյան

Գիտաժողովի կազմակերպիչները՝ Լայպցիգի համալսարանի ասպիրանտ Հակոբ Մաթեւոսյանը եւ Միչիգանի համալսարանի դոկտոր Վահե Սահակյանը, ներկայացրեցին գիտաժողովի մեթոդաբանական առանձնահատկությունները՝ «հայկականությունը էթնիկությունից դուրս», դրանցից բխող կենտրոնական հարցերն ու խնդիրները, հայեցակարգային մոտեցումները, որոնք գլխավորապես քննարկվեցին գիտաժողովի վերջին նիստին։ Նրանք շնորհակալություն հայտնեցին բոլոր գործընկերներին եւ գիտաժողովի ֆինանսավորողներին:

 

Մայիսի 10-ին մասնակիցները ներկայացրեցին իրենց հետազոտական աշխատանքները երեք նիստերում, որին հաջորդեց «Հայագիտության մարտահրավերները եւ հեռանկարները» թեմայով կլոր-սեղան քննարկումը։

Վահե Սահակյանը Վահե Սահակյանը

Լուսանկարը` Սիրարփի Մովսիսյան

Գիտաժողովի առաջին նիստին (Negotiating Communal Spaces: Institutions and Politics in Modern Armenian Diaspora) ներկայացվող ելույթները վերաբերում էին հայկական սփյուռքային գործունեության վրա պետական քաղաքականությունների եւ փոփոխվող պայմանների ազդեցությանը՝ շեշտադրելով սփյուռքային ինքնությունների երկակի էությունը, հյուրընկալ երկրին պատկանելիության եւ քաղաքացիության հարցերը։

 

Երկրորդ նիստի (Negotiating Belonging: Homeland in Diaspora, Diasporans in “Homeland”) ներկայացումները քննության էին առել ինչպես սփյուռքում բնակվողների, այնպես էլ «հայրենիք վերադարձածների» կամ «հայրենադարձների» շրջանում «հայրենիքի» մասին ընկալումները եւ պատկանելիության հարցադրումները։

 

Վերջին նիստին քննարկման առանցքը հայ սփյուռքային ինքնությունների հարցադրումներն էին։ Կարեւորագույն հարցերից մեկը վերբերում էր «տուն» եւ «հայրենիք» կատեգորիաների կապի եւ դրանց առանձնահատկությունների քննարկմանը։

 

Գիտաժողովի կազմակերպիչները ապագայում եւս նախատեսում են հայագիտության զարգացմանը նպաստող նմանօրինակ գիտաժողովներ եւ գիտական քննարկումներ կազմակերպել՝ կարեւորագույն խնդիր համարելով հայագիտական հարուստ գիտելիքի եւ պրակտիկաների ներդրումը ընդհանուր սփյուռքագիտության մեջ:

Համաժողովի ծրագիրը Համաժողովի ծրագիրը

Լուսանկարը` Սիրարփի Մովսիսյան

Գիտաժողովի հովանավորներն էին Լայպցիգի Արեւելակենտրոնական Եվրոպայի պատմության եւ մշակույթի ուսումնասիրման կենտրոնը (GWZО), Միչիգանի (Armenian Studies Program, University of Michigan) համալսարանի հայագիտական ծրագիրը, Լայպցիգի հետազոտական ակադեմիան (Research Academy Leipzig - RAL), Լայպցիգի համալսարանի Տարածքային ուսումնասիրությունների կենտրոնը (Center of Area Studies - CAS), Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) եւ Գերմանիայի Կրթության եւ հետազոտության նախարարությունը (Bundesministerium für Bildung and Forschung - BMBF):

 

Սիրարփի Մովսիսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին