«Ավրորա»-ն եւ IRC-ն կաջակցեն սիրիացի փախստականներին - Mediamax.am

5535 դիտում

«Ավրորա»-ն եւ IRC-ն կաջակցեն սիրիացի փախստականներին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Փրկության միջազգային կոմիտեն (ՓՄԿ, IRC) եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը համատեղ ջանքերով կֆինանսավորեն հետազոտական նոր ծրագիր։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը տրամադրում է $ 100,000 դրամաշնորհ, որի օգնությամբ ՓՄԿ-ն կսկսի «Առաջնահերթ կանխիկ» ծրագրի ճանապարհային քարտեզի մշակումը:

 

Այն թույլ կտա ՓՄԿ-ին վստահելի եւ հաշվետու դրամական բաշխման միջոցով կենսական օժանդակություն ցուցաբերել սիրիական հակամարտությունից տուժածներին:

 

Ճանապարհային քարտեզի մշակումը կտեւի մեկ տարի եւ արդյունքում կառաջարկի նոր մեթոդաբանություն, որը կուսումնասիրի կանխիկի փոխանցման ընդլայնման առջեւ ընկած խոչընդոտներն ըստ երկրների եւ կառաջարկի միջոցներ, որոնք թույլ կտան հաղթահարել դրանք։

 

Հետազոտության շնորհիվ կստեղծվի կայուն ձեւաչափ, որին կարող են հետեւել ինչպես ՓՄԿ-ն, այնպես էլ ողջ մարդասիրական հանրությունը։

 

«Հումանիտար ճգնաժամերից տուժած մարդկանց թիվն աշխարհում օր-օրի աճում է։ Ժամանակն է կրկնապատկելու մեր ջանքերը, որպեսզի ոչ միայն կարողանանք հայթայթել անհրաժեշտ միջոցներ, այլեւ ստեղծենք նախադեպերի վրա հիմնված ծրագրեր, որոնք ունակ են վերափոխելու մարդկանց կյանքը»,– ասել է ՓՄԿ նախագահ եւ գործադիր տնօրեն Դեյվիդ Միլիբենդը։ «Անչափ կարեւոր է, որ հումանիտար օգնություն տրամադրելիս մարդասիրական հանրությունը շարունակի փնտրել եւ որդեգրել հնարավորինս խնայող միջոցներ, որոնք կնպաստեն առավելագույն թվով շահառուների վրա ազդեցության ընդլայնմանը»։

 

Ապացուցված է, որ դրամական միջոցների փոխանցման ծրագրումը օգնության տրամադրման չափազանց ազդեցիկ եւ արդյունավետ տարբերակ է՝ ի տարբերություն մարդասիրական օգնության այլ ձեւերի, որոնք նվիրաբերված դրամական միջոցներն ուղղում են անհրաժեշտ պարագաների ձեռքբերմանը եւ բաշխմանը: Փորձը ցույց է տալիս, որ կանխիկը տեղ հասցնելն ավելի էժան եւ արագ է, քան օգնության այլընտրանքային ձեւերը, որոնք պահանջում են ապրանքի հայթայթում, տեղափոխում, պահպանում եւ բաշխում։ Փաստերը ցույց են տալիս, որ տուժած համայնքներին կանխիկ գումարի տրամադրումը բազմապատկում է տեղական տնտեսության վրա ունեցած ազդեցությունը։

 

«Ուրախ ենք գործակցել Փրկության միջազգային կոմիտեի հետ, քանի որ միասին կարող ենք առաջ մղել կարիքի մեջ հայտնված մարդկանց օգնելու մեր ընդհանուր նպատակը։ Ոգեշնչվելով հարյուր տարի առաջ հանուն հայության փրկության գործող անհատներից՝ մենք այսօր հպարտորեն շարունակում ենք նրանց ոգին՝ աջակցելով ներկայից ամենահրատապ հումանիտար մարտահրավերները դիմագրավող կազմակերպություններին: Մեզ հաճելի է օժանդակել մարդասիրական օգնության այս նորարարական միջոցին, որն անհրաժեշտ օգնությունը տեղ է հասցնում ավելի արագ՝ գոհացնելով շահառուներին», – ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

 

Փրկության միջազգային կոմիտեն, որը ներկայումս աշխարհի 19 երկրներում կանխիկ օգնություն է ցուցաբերում 113,000 մարդու, մշակվելիք ճանապարհային քարտեզը կօգտագործի կանխիկ միջոցների ծրագրման իր հնարավորություններն առավել ընդլայնելու համար՝ չկենտրոնանալով օգնության պակաս արդյունավետ տրամադրման ձեւերի վրա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին