«Մահից դեպի կյանք»` հայտնի է «Ավրորա 2017»-ի ժամանակացույցը - Mediamax.am

8624 դիտում

«Մահից դեպի կյանք»` հայտնի է «Ավրորա 2017»-ի ժամանակացույցը


Արման Ջիլավյանը
Արման Ջիլավյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: 2017թ. «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնության հիմնական միջոցառումները կանցկացվեն ապրիլի 24-ց մինչեւ մայիսի 28-ը:

Այս մասին այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը:

 

Նա տեղեկացրել է, որ ապրիլի 24-ին Երեւանում կհայտարարվեն «Ավրորա 2017» մրցանակի հավակնորդները, իսկ մայիսի 28-ին Երեւանում կկայանա մրցանակաբաշխությունը:

 

Արման Ջիլավյանը նշել է, որ մայիսի 28-ը՝ Առաջին հանրապետության օրը, Հայոց ցեղասպանությունը վերապրողների կամքի դրսեւորումն է, որոնք Եղեռնից ընդամենը երեք տարի անց հռչակեցին Հայաստանի առաջին հանրապետությունը:

 

Մրցանակի հանձնման արարողությունը եւ ուղեկցող միջոցառումները կարժեւորեն այդ ուղին՝ «մահից դեպի կյանք, սարսափից դեպի հույս, կործանումից՝ վերածնունդ», շեշտել է «Ավրորա» նախաձեռնության ղեկավարը:

 

Դափնեկրին եւ հավակնորդներին կորոշի «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը՝ 66 երկրից ներկայացված 558 առաջադրումներից:

 

«Առաջին «Ավրորա» մրցանակաբաշխությունից հետո մենք լավատես էինք, բայց չէինք կարող պատկերացնել, որ այդքան դրական արձագանքներ կլինեն թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում եւ թե՛ ամբողջ աշխարհում: Համագործակցության բազմաթիվ առաջարկներ ենք ստացել, իսկ նախաձեռնությանը հատկացված 3 օրը հնարավորություն չի տալիս բազմաթիվ միջոցառումներ իրականացնել, եւ այդ պատճառով որոշեցինք, որ 2017 թվականին «Ավրորա»-ի միջոցառումները տեւեն մոտ մեկ ամիս»,- ասել է Արման Ջիլավյանը:

 

«Միջազգային մամուլում «Ավրորա» մրցանակը ստացել է նաեւ «Հայկական Նոբել» կամ «Ոչ քաղաքական Նոբելյան մրցանակ» անվանումները: Եթե կարողանանք ճիշտ զարգացնել մեր նախաձեռնությունը, այն կլինի շարունակական եւ երկարաժամկետ, ինչպես Նոբելյան մրցանակն է եւ աշխարհաքաղական իրադարձությունները չեն խոչընդոտի նախաձեռնությանը կայացմանը»,- ասել է նա:

 

Արման Ջիլավյանը ներկայացրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնական բաղադրիչները` նշելով, որ $ 7 մլն բյուջե ունեցող «Երախտագիտության կրթաթոշակից» օգտվելու են Միջին Արեւելքի երիտասարդները, այդ թվում նաեւ՝ սիրիահայերը:

 

Անդրադառնալով «Ավրորա մարդասիրության ցուցիչ» բաղադրիչին՝ նա ասել է, որ մինչեւ մրցանակաբաշխությունը ամբողջ աշխարհում մարդասիրական որեւէ ցուցիչ գոյություն չի ունեցել:

 

«Աշխարհը լավ պատկերացում չունի մարդասիրական համաշխարհային խնդիրների մասին: Մարդիկ հիմնականում նախընտրում են դրանց մասին չիմանալ եւ եթե դա անձնական կամ ընտանեկան հարց չէ, փորձում են խնդրի վրա աչք փակել: Այս ցուցիչը  գործնական նշանակություն ունի հումանիստական կազմակերպությունների, ՄԱԿ-ի համար, քանի որ ներկայացնում է մարդկանց վերաբերմունքն այդ խնդիրների նկատմամբ»,- նշել է նա:

 

«Ավրորա» նախաձեռնության ղեկավարը նշել է, որ «Ավրորա» միջոցառումների անցկացման համար ծախսվել է շուրջ $ 23 մլն, եւ այդ ծախսերի մոտ 70%-ը հոգացել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքը: Նախաձեռնությանը նվիրատվություններով աջակցել են նաեւ ռուսաստանաբնակ գործարարներ Սամվել Կարապետյանը, Վլադիմիր Ավետիսյանը, Գագիկ Ադիբեկյանը եւ այլ բարերարներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին