Մեկ ու կես տարեկան Մանեն ներկա չէր «Տուր ձեռքդ, պստլո» վեպի շնորհանդեսին, թեեւ գրքի վերջին հատվածում փոքրիկի ազդեցությունը զգալի է: Դուստրը դեռ չէր ծնվել, երբ արձակագիր Գուրգեն Խանջյանը սկսեց վեպը, որն ինքնակենսագրական է, նյութը՝ ապրված:
«Վեպը մի օվկիանոս է, որը մտնում ես առանց իմանալու՝ որ ափը դուրս կգաս: Երկար լող է», - գրքի վրա աշխատելու երեք տարիների մասին ասում է հեղինակը:
Հակառակ վերնագրից ստացած տպավորությանը, պստլոյի ձեռքը բռնողը մահն է, որի համար անգամ կյանքն ապրած հասուն մարդն է պստլո: Հեղինակն ասում է, որ վեպը կենսափորձի, գրական, ստեղծագործական տեխնիկայի, թեմատիկայի առումով մի մեծ փուլի ամփոփում է: Այսուհետ ինչ էլ գրի, էլ առաջվանը չի լինի, արդեն իրեն էլ հետաքրքիր չէ: Կգրի նույնի մասին, բայց՝ այլ կերպ:
«Ով կարդա վեպը, անցնելու է իմ մանկության, պատանեկության փողոցներով, տեսնելու է իմ աչքով, զգալու է իմ մաշկով: Մարդու բոլոր տվայտանքները՝ հավատ-չհավատ, ընկերություն-չընկերություն, ինչ կատարվում է մեր ներսում, ինչ ես ապրում եմ, «կյանք» կոչված այդ երազը փորձում եմ փոխանցել ձեզ: Գրելը դժվար էր մի քիչ, որովհետեւ մեկ-մեկ կարոտախտը խեղդում էր: Ինչքան խորանում ես, զգայարաններդ աշխատեցնում ես, այնքան այդ ամենն ավելի ցցուն է դուրս գալիս դիմացդ, եւ ոնց որ անցյալդ նորից վերապրես, շոշափես»,- ասում է արձակագիրը:
Գրականագետ, «Տուր ձեռքդ, պստլո» վեպի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը համոզված է, որ գրականությունն ամենաստույգն է արտացոլում իրականությունը եւ ունի գաղտնագրեր, որոնք կանխագուշակում են ապագան: Խանջյանի վեպը նրան հենց այս տեսանկյունից է հետաքրքրել:
«Կարող եմ արձանագրել շատ կարեւոր փաստ, որ նախկինում կոսմոպոլիտ Գուրգեն Խանջյանը դարձ է կատարում դեպի հայրենիք, հայություն եւ պետականության մտահոգություն: Շատ են կարոտային տրամադրությունները, հատկապես՝ կապված Երեւանի, Երեւանի ամենատարբեր շենքերի, շինությունների, տեղանքների, մարդկային տեսակների հետ, որոնք, ցավոք, անհետանում են: Իսկ եթե գրողը բարձրացնում է նման տագնապ, այն էլ նման արվեստով գրված վեպում, նշանակում է դրանք անդառնալիորեն կորչող արժեքներ են: Սա անուղղակի կոչ է ընթերցողին պահպանելու այն, ինչն այսօր կա»:
Գրականագետ Սուրեն Աբրահամյանի բնորոշմամբ՝ «Տուր ձեռքդ, պստլո»-ն արդի արձակի շքեղ գործերից է, համաշխարհային վեպ: Հեղինակը գրքի արժեքի ու կարեւության մասին համեստորեն է խոսում:
«Եւս մի մարդու երկար ապրած կյանքի փորձ է, որը կարող է ընթերցողին օգնել իր կյանքի ընթացքում ինչ-ինչ խնդիրներ լուծելիս կամ ինչ-ինչ հարցերի հարաբերվելիս»:
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները` Նառա Վարդանյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: