Վարչապետը «շատ լավ տեղյակ է, թե ինչպիսին է եղել «Մոնումենտը»» - Mediamax.am

exclusive
6705 դիտում

Վարչապետը «շատ լավ տեղյակ է, թե ինչպիսին է եղել «Մոնումենտը»»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանն այսօր Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանել է Զարուհի Փոստանջյանի վերջին հայտարարությունները:

«Ծանոթացանք մամուլում վերջին օրերին շրջանառվող բաց նամակին: Հեղինակի յուրատեսակ ոճին անդրադառնալու փոխարեն հանրությանը ներկայացնենք մի քանի փաստ:

 

Նշված տարածքի սեփականատերը հանդիսանում է վարչապետ Կարեն Կարապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը: Նա 2011 թվականին գնել է հարակից երեք հողատարածք՝ Կանադայի, ԱՄՆ քաղաքացիներից, ինչպես նաեւ «Հայրենիք-Սփյուռք» հասարակական կազմակերպության ներկայացուցչից: Բոլոր հողատարածքները ձեռք են բերվել երկրորդական շուկայից:

 

2014թ. մայիսի 30-ից՝ Երեւանի քաղաքապետարանից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, նշված տարածքներում մեկնարկել են շինարարական աշխատանքները: Այդ ժամանակահատվածում Կարեն Կարապետյանը Հայաստանում որևէ պաշտոն չի զբաղեցրել և աշխատել է Մոսկվայում: Մինչեւ շինաշխատանքների մեկնարկը վճարվել է հողի հարկը, շինարարության ավարտից հետո վճարվում է գույքահարկը:

 

Երբ տարածքը գնվել է Կարեն Կարապետյանի ընտանիքի կողմից, այնտեղ որեւէ կանաչ տարածք չի եղել՝ այդ թվում նաեւ 1990-ականների էներգետիկ ճգնաժամի հետեւանքով: 2014թ.-ից ի վեր նշված տարածքում եւ հարեւանությամբ տնկվել են բազմաթիվ ծառեր:

 

Եթե այդ տեղեկությունը տարածողները իրենց նամակները գրելուց մի փոքր նեղություն կրեին, ապա կգտնեին վարչապետի դպրոց հաճախելու մասին տեղեկությունը եւ կտեսնեին, որ 1970-1980թթ. (կարճ ընդհատումներով, կապված ծնողների արտերկիր գործուղումների հետ) Կարեն Կարապետյանը սովորել է Երեւանի Լ. Տոլստոյի անվան թիվ 128 միջնակարգ դպրոցում, որը, ինչպես հայտնի է, գտնվում է Արաբկիր վարչական շրջանում՝ «Մոնումենտի» հարեւանությամբ: Այնպես որ մեծանալով մայրաքաղաքի այս հատվածում, Կարեն Կարապետյանը շատ լավ տեղյակ է, թե ինչպիսին է եղել «Մոնումենտը» տարիներ ու տասնամյակներ առաջ», - Մեդիամաքսին ասել է վարչապետի մամուլի քարտուղարը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին