Հայ ընտանիքներում հակված են հանդուրժել բռնությունը - Mediamax.am

7688 դիտում

Հայ ընտանիքներում հակված են հանդուրժել բռնությունը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) իրականացրած հետազոտության արդյունքները վկայում են, որ հայ հասարակության մի ստվար հատված հակված է հանդուրժել բռնությունը եւ պահպանել ընտանիքը։

ՄԶՄԿ ներկայացուցիչ Քրիստինա Սարգսյանը, ներկայացնելով Եվրամիության եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսավորած հետազոտության արդյունքները, նշել է, որ հայերը հիմնականում նույնական ընկալումներ ունեն ընտանեկան բռնության դրսեւորումների վերաբերյալ։

 

«Եթե ընդամենը 5 տարի առաջ ընտանեկան բռնությունը դիտարկվում էր որպես միայն ներընտանեկան խնդիր, ապա այսօր այն շատերի կողմից դիտարկվում է որպես սոցիալական խնդիր»,- ասել է նա։

 

Հետազոտության բաղադրիչներից մեկը 13 ֆոկուս խմբային քննարկումներն էին, որոնք ընդգրկել են 135 տղամարդ եւ կին (ներառյալ ընտանեկան բռնության զոհերը) Երեւանից, ինչպես նաեւ Շիրակի երկու եւ Գեղարքունիքի չորս համայնքներից։

 

«Ընտանեկան բռնություն ասելիս ֆոկուս խմբի անդամները չէին նշում միայն ֆիզիկական բռնությունը, այլեւ հակված էին խոսել հոգեբանական բռնության մասին, որը բավական նոր երեւույթ է»,- նկատել է Քրիստինա Սարգսյանը։

 

Նրա խոսքով՝ կարծիք է հնչել, որ տղամարդիկ հակված են հպարտանալ կնոջ հանդեպ բռնություն կիրառելուց, մինչդեռ երեխայի նկատմամբ բռնությունը ամոթալի են համարում։

 

«Մեր հասարակությունում միտում եւ հակվածություն կա պահպանելու ընտանիքը եւ հանդուրժել բռնությունը։ Հակված ենք նաեւ միջամտություն ակնկալել միայն ծայրահեղ ֆիզիկական բռնության դեպքում։ Մենք գիտակցում ենք, որ կոնֆլիկտների ժամանակ չունենք հաղորդակցության բավական հմտություններ։ Ընտանեկան բռնության արձագանքը շարունակում է մնալ հայեցողական եւ չի փոխարինվել ինստիտուցիոնալ մոտեցումներով»,- ամփոփել է ՄԶՄԿ ներկայացուցիչը։

 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն էլ նշել է, որ հետազոտության արդյունքները կօգնեն հետագայում ուղղորդված քաղաքականություն մշակել:

 

«Հետազոտությունը շատ հետաքրքիր մոտեցումներ բացահայտեց՝ սկսած ընտանեկան բռնության արդարացումներից, վերջացրած այս բացասական երեւույթի դեմ պատրաստակամությամբ պայքարելով։ Եղել են մարդիկ, որոնք ասում էին, որ պետք է կրթել ժողովրդին, քանի որ, եթե կրթված լինեն, տղամարդիկ թույլ կծեծեն։ Սա նշանակում է, որ մենք մեծ աշխատանք ունենք կատարելու»,- ասել է Գարիկ Հայրապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին