Սամանտա Փաուերը միացավ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին - Mediamax.am

13763 դիտում

Սամանտա Փաուերը միացավ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին


Սամանտա Փաուերը
Սամանտա Փաուերը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին:

Սամանտա Փաուերը Ընտրող հանձնաժողովի մյուս անդամների հետ, որոնք հեղինակավոր հումանիտար գործիչներ են, մարդու իրավունքների պաշտպաններ եւ պետությունների նախկին ղեկավարներ, ընտրելու է 1 միլիոն դոլարի «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիրներին:

 

«Մենք չափազանց ոգեւորված ենք՝ ողջունելու դեսպան Փաուերին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովում: Համաշխարհային ասպարեզում իր մեծ փորձառությամբ նա հիանալի գործունեություն է ծավալել՝ աջակցելով զարգացող երկրներին եւ պաշտպանելով աշխարհում ամենակարիքավոր մարդկանց շահերը», - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը: «Հաշվի առնելով մարդու իրավունքների ոլորտում նրա բացառիկ փորձը ողջ աշխարհում՝ մենք հպարտ ենք, որ նա ուսումնասիրելու է «Ավրորա» մրցանակի թեկնածությունները եւ օգնելու է ուրվագծել «Ավրորա» մրցանակի ապագան»:

 

Մինչեւ ՄԱԿ-ում աշխատելը Սամանտա Փաուերը ծառայել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում՝ որպես նախագահի հատուկ օգնական եւ բազմակողմանի հարաբերությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի գլխավոր տնօրեն:

 

Սամանտա Փաուերը հեղինակել է Պուլիցերյան մրցանակի արժանացած «Խնդիր դժոխքից. Ամերիկան եւ ցեղասպանության դարաշրջանը» գիրքը:

 

 ««Ավրորա» մրցանակը եւ դրա դափնեկիրներն ապացուցում են, որ ոչ միայն կարեւոր է հիշել անցյալի վայրագությունները, այլեւ մեզանից յուրաքանչյուրն ունի ներուժ՝ աջակցելու նրանց, ովքեր ներկայում փրկում են մարդկանց կյանքը», - ասել է Սամանտա Փաուերը: «Ինձ համար մեծ պատիվ է լինել մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, որը նպատակ ունի մեծարման արժանացնել նրանց, ովքեր, կրելով բազում դժվարություններ, օգնում են այլոց, եւ ունեն կամք կուտակելու եւ պահպանելու մարդկային բարությունը նույնիսկ խիստ դժվարին պայմաններում»:

 

Մեդիամաքսը նշում է, որ 2016 թվականի նոյեմբերին Սամանտա Փաուերը, որը դեռ ԱՄՆ դեսպանն էր ՄԱԿ-ում, խոսել էր «Հայոց ցեղասպանության ժխտման մասին»:

 

Նոյեմբերի 30-ին Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարանում Էլի Վիզելի հիշատակին նվիրված ելույթում նա ասել էր:

 

«Աշխարհում դեռ շատ անարդարություն կար: Հայերի դեմ գործված ցեղասպանության մերժումը, նրա կյանքի ընթացքում տեղի ունեցած սարսափները՝ Պոլ Պոտի ռեժիմը, Բոսնիան, Ռուանդան, Դարֆուրը, Սիրիան: Նա ապրում եւ տեսնում էր, թե ինչպես են ավելի մեծ թվով մարդիկ անասելի հանցագործությունների ականատեսը դառնում, սակայն լայնորեն տարածված էր մնում նաեւ անտարբերությունը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին