UWC Դիլիջանը հյուրընկալել է «Լետովո» դպրոցի անձնակազմին - Mediamax.am

11268 դիտում

UWC Դիլիջանը հյուրընկալել է «Լետովո» դպրոցի անձնակազմին


Լուսանկարը` UWC Դիլիջան

Դենիս Դեւիդսոնը
Դենիս Դեւիդսոնը

Լուսանկարը` UWC Դիլիջան

Լուսանկարը` UWC Դիլիջան


2018-ի սեպտեմբերին Մոսկվայում բացվելու է «Լետովո» («Летово») դպրոցը, որն իրականացնելու է միջազգային բակալավրիատի (IB) ծրագիր: Դեկտեմբերի 1-ին նորաստեղծ դպրոցի ուսուցիչներն ու անձնակազմը հյուրընկալվել էին UWC Դիլիջան քոլեջում՝ տեսնելու, թե ինչպես է այն կազմակերպում իր ուսանողների կրթությունն ու կենցաղը:

 

Ռուսաստանից ժամանած հյուրերը Դիլիջանում կարճատեւ այցով էին: 30 հոգանոց խումբը մի քանի ժամում հասցրել էր մասնակցել դասերին, տեսնել՝ ինչպես են սովորում, ապրում ու համայնքի հետ համագործակցում 82 երկրից ժամանած 210 ուսանողները:

 

«Լետովո» դպրոցի ակադեմիական հարցերով փոխտնօրեն Մադլենա Շահինյանը շնորհակալ է հյուրընկալության համար, ասում է՝ բոլոր դպրոցները չէ, որ այսքան բաց են գործընկերների համար:

 

«Այսօր մեր ուսուցիչները ներկա եղան դասերին: Աշակերտներն այնքան հասուն էին, այնքան ակտիվ ներգրավված կրթական գործընթացում, որ անհնար էր չհիանալ: Ուսանողները հաջողությամբ ինտեգրվել են համայնքին: Այսօր Դիլիջանից երեխաներ էին եկել, երաժշտական գործիքներ էին նվագում եւ այնքան լավ շփվում ուսանողների հետ: Մեզ համար նաեւ կարեւոր փորձառություն էր տեսնել, թե ինչպես է կազմակերպվում նրանց կենցաղը: Այն, ինչ այստեղ  արվում է ուսանողների համար, արժանի է մեծ հարգանքի», - պատմել է Մադլենա Շահինյանը:

Լուսանկարը` UWC Դիլիջան

Գալինա Պաստուրը «Լետովո» դպրոցի գրականության ուսուցչուհին է: Դասավանդել է Ամերիկայի համալսարաններում ու դպրոցներում, վերջին տարիներին փորձի փոխանակման համար տարբեր երկրներում է եղել, բայց, ասում է, UWC Դիլիջանն իրեն ապշեցրել է.

 

«Եթե համեմատենք ավանդական դպրոցների հետ, այստեղ ուսանողներն ամբողջ դասին հարցերի պատասխաններ են փնտրում: Ուսուցիչը չի խոսում, խոսում են միայն երեխաները, նրանք որոնում են պատասխաններն ու տալիս հարցեր: Այստեղ կրթության պատասխանատվությունը ուսուցչից փոխանցված է աշակերտին, յուրաքանչյուրն ինքը պետք է գտնի պատասխաններ»:

 

UWC Դիլիջան քոլեջի տնօրեն Դենիս Դեւիդսոն ասում է, որ իրենց դռները միշտ բաց են նրանց համար, ովքեր ուզում են տեսնել, թե ինչ է կատարվում քոլեջում: Պատրաստ են կիսվելու նաեւ երեք տարում կուտակած փորձով:

Դենիս Դեւիդսոնը Դենիս Դեւիդսոնը

Լուսանկարը` UWC Դիլիջան

«Մեզ համար շատ կարեւոր են այսպիսի համագործակցությունները: Մեր գործընկերները, որոնք նոր դպրոց են հիմնում Մոսկվայում, եկել են խորհրդակցելու, մեր փորձին ծանոթանալու, ինչի համար ուրախ ենք: Մենք բոլոր հարցերի պատասխանները չունենք, բայց պատրաստ ենք կիսվել մեր ունեցածով»:

 

Դենիս Դեւիդսոնն ասում է, որ UWC Դիլիջանի ձեռքբերումը ոչ միայն ակադեմիական գիտելիքներն են, որոնք հնարավորություն են տալիս քոլեջի շրջանավարտներին ընդունվել աշխարհի լավագույն համալսարաններ, այլեւ նրանց՝ որպես անհատի կայացումը, տարբեր ազգերի ուսանողների հետ ապրելու, դժվարություններին դիմակայելու, համայնքի հետ գործակցելու կարողությունը:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին