Ինչպես հայերը պատրաստեցին Թեհրանի առաջին չիփսը - Mediamax.am

exclusive
6767 դիտում

Ինչպես հայերը պատրաստեցին Թեհրանի առաջին չիփսը


Տեհրանի կենտրոնական Սեպահ հրապարակը 1946 թվականին
Տեհրանի կենտրոնական Սեպահ հրապարակը 1946 թվականին

Լուսանկարը` AP Photo/Tom Fitzsimmons

Ստալինը, Ռուզվելտը եւ Չերչիլը Թեհրանում 1943 թվականին
Ստալինը, Ռուզվելտը եւ Չերչիլը Թեհրանում 1943 թվականին

Լուսանկարը` AP


Երկրորդ աշխարհամարտի վերջին տարիներին Իրանի մայրաքաղաքում հայտնված ամերիկյան զորքերը կարոտում էին հայրենիքը: Նրանցից շատերը երազում էին գարեջուր վայելել ավանդական ձեւով՝ չիփսով: Այն տարիներին գարեջրի պակաս Թեհրանում չկար, իսկ չիփս ոչ ոք չէր պատրաստում:

Ստալինը, Ռուզվելտը եւ Չերչիլը Թեհրանում 1943 թվականին Ստալինը, Ռուզվելտը եւ Չերչիլը Թեհրանում 1943 թվականին

Լուսանկարը` AP

Թեհրանում բնակվող Գուրգեն Դանեղյանը չոր մրգի պատրաստման մասնագետ էր: Տեսնելով ամերիկացիների կողմից չիփսի նկատմամբ պահանջարկը, տեղի հայկական ռեստորաններից մեկը նրան առաջարկում է զբաղվել չիփսի արտադրությամբ:

 

Գուրգենի որդին՝ Ռոման Դանեղյանը, Մեդիամաքսի հետ զրույցում հիշում է, որ հայրը սկզբում հրաժարվում է՝ պատճառաբանելով, որ ծանոթ չէ չիփսի պատրաստման տեխնոլոգիային, բայց հետո մտափոխվում է:

 

Այդպես Դանեղյանները դառնում են Թեհրանում առաջին չիփս արտադրողները: 

 

«Առաջին անգամ ամեն ինչ շատ դժվար ընթացավ: Տեխնոլոգիային ծանոթ չէինք եւ չգիտենք, որ մինչեւ պատրաստելը պետք է հեռացնել կարտոֆիլի օսլան (կրախմալ): Արդյունքում, կարտոֆիլը ամբողջովին կպավ իրար եւ փչացավ: Ինչ-որ տեղից հայրս ճշտեց, որ կարտոֆիլի օսլան նախապես հեռացնել է պետք: Դրանից հետո արդեն լցնում էինք մեծ կաթսաների մեջ, սպասում մինչեւ օսլան նստի եւ ապա նոր տապակում: Հորեղբայրս հատուկ ռանդա էր պատրաստել, որով կտրտում էր կարտոֆիլը»,- հիշում է Ռոմանը, որն այն ժամանակ 9-10 տարեկան էր:

 

Նրա խոսքով՝ ամբողջ գործն ընտանիքն էր անում: Ունեին նաեւ երկու պարսկուհի օգնականներ, որոնք պատրաստի չիփսերը լցնում էին հատուկ տոպրակների մեջ:

 

«Ամեն օր հորեղբայրս պատրաստի չիփսերի տուփերը լցնում էր հսկայական թղթե տոպրակների մեջ, հեծանիվով տանում եւ հանձնում էր ռեստորաններին: Երբ պատվիրատուների քանակն ավելացավ, աշխատանքի ծավալը կտրուկ աճեց: Բայց հորեղբայրս հասցնում էր միայնակ տեղափոխել ապրանքը»,- պատմում է նա:

 

Ռոմանի խոսքով՝ չնայած վաղ տարիքին, ինքն էլ էր մասնակցում արտադրությանը:

 

«Չիփսի պատրաստման համար անհրաժեշտ ձեթը ես էի տուն հասցնում՝ երկու ծանր տարաներով: Շատ էի հոգնում, բայց ինչքան էլ տարօրինակ էր, ոչ մի կերպ չէի քրտնում: Մի անգամ որոշեցի, որ դա ուղղել է պետք, եւ մեր տան դիմացով հոսող առվի ջրով ձեռքս թրջեցի ու քսեցի ճակատիս, իբրեւ թե քրտինք էր»,- ծիծաղելով հիշում է նա:

 

Եթե չիփսը սկզբում մեկ կետ էին ուղարկում, ապա ժամանակի ընթացքում պատվերներ ունեին մի քանի ռեստորաններից:

 

«Գարեջրի հետ չիփսը շատ արագ էր սպառվում: Ռեստորանների օգուտն այս պարագայում, իհարկե, գարեջուրն էր, իսկ չիփսը միջոց էր, որ ավելի շատ գարեջուր սպառվեր»,- ասում է Ռոմանը:

 

Այս եկամտաբեր արտադրությամբ ընտանիքը զբաղվել է շուրջ մեկ ու կես տարի, մինչ 1946 թվականին Հայաստան հայրենադարձվելը:

 

Նարինե Դանեղյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին