Հայտնի են «Բարությունը Հայաստանում» մրցույթի հաղթողները - Mediamax.am

3544 դիտում

Հայտնի են «Բարությունը Հայաստանում» մրցույթի հաղթողները


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը դեկտեմբերի 8-ին ամփոփել է «Բարությունը Հայաստանում» լուսանկարչական մրցույթի արդյունքները եւ պարգեւատրել հաղթողներին:

 

1-ին մրցանակը ստացել է Վանաձորից Գոհար Թադեւոսյանը, ում լուսանկարն արված է Սեւանում:

 

2-րդ մրցանակը Երեւանի Նորքի զանգվածի բնակարաններից մեկում արված լուսանկարի համար հանձնվել է Էլեն Նահապետյանին:

 

Մեդիամաքսի հետ զրույցում Էլենն ասել է, որ լուսանկարում իր տատիկն ու քույրն են պատկերված: Լուսանկարն արվել է տատիկի ծննդյան օրը.

 

«Քույրս եւ տատիկս խնդրեցին իրենց լուսանկարել: Մինչեւ պատրաստ կլինեին լուսանկարվելու՝ նայեցին իրար եւ այդ պահը ֆիքսեցի: Հեռուստացույցով իմացա մրցույթի մասին, թեման հետաքրքիր էր, միանգամից հիշեցի այս լուսանկարի մասին՝ այդ նկարում բարություն եւ ջերմություն կար»:

 

3-րդ տեղում Բիայնա Մահարիի լուսանկարն է, որն արվել է Գյումրիի տարեցների համար բարեգործական ճաշարանում:

 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն ասել է, որ մրցույթը նպատակ ուներ ներկայացնել այն բարի իրողությունները, որոնք կան հասարակության մեջ:

 

«Ամեն օր լրատվամիջոցներից մեր կյանք են թափանցում նեգատիվ իրողություններ: Շատ քիչ են այն բարի լուրերը, որոնց մասին կուզեինք լսել: Կարիք է առաջանում այդ մասին խոսել, ներկայացնել, ցույց տալ»,- ասել է նա:

 

Մրցույթին մասնակցել է մոտ 90 լուսանկար: Հաղթողներին որոշել է գնահատող հանձնաժողովը, որի կազմում են լուսանկարիչներ Զավեն Խաչիկյանը, Սամվել Սեւադան եւ Սուրեն Մանվելյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին