Նոր սարքավորումը կնվազեցնի «Նաիրիտ»-ի ռիսկերը - Mediamax.am

3996 դիտում

Նոր սարքավորումը կնվազեցնի «Նաիրիտ»-ի ռիսկերը


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերն այսօր «Նաիրիտ» գործարանի տարածքում Արտակարգ իրավիճակների նախարարությանը հանձնեց երկու միավոր FLIR 50 մակնիշի ջերմացուցիչ սարք:

Դրանցից մեկը կտրամադրվի ԱԻՆ Երեւանի փրկարարական վարչության «Նաիրիտ գործարան» հատուկ հրշեջ ջոկատին, մյուսը՝ բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության անձնակազմին:

 

Շվեյցարական կողմից ջերմացուցիչ սարքերի տրամադրման առաջարկը եղել էր 2017թ. օգոստոսի 28-ին «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհից հետո միջազգային փորձագիտական խմբի կատարված ուսումնասիրության ընթացքում:

Դրանց առկայությունը հնարավորություն կտա պարբերաբար ստուգել գործարանի տարածքում առկա քիմիական նյութերի ջերմությունը ու ջերմային պրոցեսները եւ նախաձեռնել կանխարգելիչ գործողություններ հրդեհավտանգ իրավիճակներում:

 

Սարքի միջոցով հնարավոր է որոշել առարկաների արձակող ջերմությունը եւ ջերմաստիճանը, հայտնաբերել որոշակի ջերմային պրոցեսների առկայությունը եւ ջերմություն արձակող առարկաների առկայությունը: Ջերմացուցիչ սարքը որսում է լույսի ինֆրակարմիր ճառագայթը (ջերմությունը):

 

Ջերմացուցիչ սարքը հնարավրություն է ընձեռում մշտադիտարկման վայրից տեղեկությունը իրական ժամանակում համացանցի միջոցով փոխանցել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ համապատասխան մասնագետները կկատարեն ինֆորմացիայի վերլուծություն եւ կտան եզրակացություն:

 

Հանձնման արարողությունից հետո կայացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի եւ  Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայ-շվեյցարական հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին