«Հայաստան, Երեւան» խորագրով լուսանկարների ցուցահանդես` Փարիզում - Mediamax.am

exclusive
1978 դիտում

«Հայաստան, Երեւան» խորագրով լուսանկարների ցուցահանդես` Փարիզում



Հանգստյան օրերին Փարիզում անձրեւային եղանակ էր, բայց արեւային երկրի լուսանկարների ցուցահանդեսը ջերմություն էր հաղորդում այցելուներին։ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու «Նուրհան Ֆրանգյան» սրահում բացվեց «Հայաստան, Երեւան» խորագիրը կրող ցուցահանդեսը։

 

Այն կազմակերպել է «Մենք» հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մեդիամաքս-ի հետ զրույցում «Մենք»-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանն ասաց, որ ցուցահանդեսը շարունակելու է իր ճանապարհորդությունը. հաջորդ հանգրվանները կլինեն ԱՄՆ-ը, Բելգիան, Մոսկվան եւ Թեհրանը։

 

«Ցուցահանդեսում ներկայացված է 100 լուսանկար, պայմանական կարող ենք դրանք 4 մասի բաժանել` Հայաստանի բնապատկերներ, ժամանակակից Երեւանի պատկերներ, երեւանցիներ եւ հին Երեւանը` մոտ 80-ից 100 տարվա վաղեմության լուսանկարներ, որոնց մի մասը տրամադրել է Երեւանի պատմության թանգարանը»,- նշեց Սարգսյանը։

 

Հայաստանի բնապատկերների լուսանկարների հեղինակը Անդրանիկ Քեշիշյանն է, երեւանյան ակնթարթներն անմահացրել են Լեւոն Բադիկյանը, Լեւոն Քյուրքչյանը, Պիտեր Գ. Բաղդասարյանը, Ասատուր Եսայանցը եւ այլոք։

 

Բացման արարողությանը Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը նշեց, որ բազում օտարերկրացիներ Հայաստանի մասին աղոտ պատկերացում ունեն, կամ քարտեզի վրա նույնիսկ տեղը չգիտեն, եւ հույս հայտնեց, որ բազմաթիվ օտարազգիներ կացելեն եւ կտեսնեն Հայաստանի եւ Երեւանի գեղեցկությունը, գույները։

 

«Այս լուսանկարներով զարդարված մեր պատերը ցույց են տալիս, թե ինչքան կենսուրախ եւ հրաշալի է Հայաստանում։ Գեղարվեստական պատկերագրության բնագավառում պաշտում եմ վայրկյանի, ակնթարթի անմահացումը, եւ ինձ համար առանձնահատուկ հաճույք է ուսումնասիրել այս լուսանկարները»,- ասաց նա։

 

Երկկողմանի «արդյունավետ» ցուցահանդեսը ֆրանսիացիներին հնարավորություն է տալիս բացահայտելու Հայաստանի բնապատկերները, տեսնելու երեւանյան հետաքրքիր դրվագներ, իսկ փարիզաբնակ հայերը եւս մեկ անգամ մեր հայրենիքով հիանալու, կամ պարզապես հայրենիքի կարոտը փարատելու առիթ ունեն։

 

Զրուցեցինք հայկական արմատներ ունեցող ֆրանսիացի զույգի հետ, ովքեր բազմիցս եղել են Հայաստանում, բայց նկատեցին, որ այս լուսանկարներով կարելի է կրկին բացահայտել Հայաստանը։

 

«Կարծում եմ, հենց այսպիսի ցուցահանդես է պետք զբոսաշրջիկներին գրավելու համար, գուցե մի քիչ ավելի գունեղ է ներկայացված, բայց կարելի է տեսնել Հայաստանի հմայքն, ու վստահ եմ, որ այս կերպ երկրի նկատմամբ հետաքրքրություն կարող է առաջանալ»,- նշեց պարոն Ժանը։

 

Էլլադա Ղուկասյան

Փարիզում Մեդիամաքսի թղթակից

Լուսանկարները՝ հեղինակի եւ ցուցահանդեսի կազմակերչպիչների

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին