Հոկտեմբերին տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը - Mediamax.am

4802 դիտում

Հոկտեմբերին տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը


Լուսանկարը` «Ավրորա»


Երեւան: Մեդիամաքս: 2019թ. հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը, որը կմիավորի մարդասիրական, սոցիալական, կրթական եւ գիտատեխնիկական նորարարության ոլորտների աշխարհի առաջատար փորձագետներին՝ ստեղծելով տարածաշրջանում բացառիկ մի հարթակ:

Միջոցառումների մեկշաբաթյակը ազդեցիկ առաջնորդներին կտա հնարավորություն՝ համեմատելու իրենց մոտեցումները, փորձառությունը եւ քաղած դասերը, ավելին՝ ներկայացնել հեղափոխական մտքեր՝ ենթակառուցվածքային մարտահրավերներից մինչեւ առողջապահական ոլորտի նորամուծություններ եւ կանանց իրավունքների իրացում:

 

Ընդգրկուն ծրագիրը կներառի «Ավրորա» մրցանակի շնորհման չորրորդ հանդիսավոր արարողությունը, երկրորդ Գլոբալ ինովացիոն ֆորումը, կրթական ֆորում եւ բաց դասախոսություններ՝ ի նշանավորումն UWC Դիլիջան միջազգային քոլեջի հնգամյակի, ինչպես նաեւ մի շարք  կլոր սեղան-քննարկումներ եւ մշակութային միջոցառումներ: Շաբաթը կեզրափակվի Երեւանում կայանալիք մեծ համերգով:

 

««Ավրորա» ֆորումն ունի միջազգային առաջընթացը եւ տեղական զարգացումները կամրջելու ներուժ՝ չափելի ազդեցությամբ: Բայց այդ ներուժը կարող է իրացվել միայն, եթե Ֆորումին միանան համաշխարհային փոփոխություն բերող մարդիկ, որոնք իրենց կատարած գործով են կիսում «Ավրորայի» տեսլականը»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը: 

 

«Ավրորա» ֆորումը հիմնական գործընկերների միասնական նախաձեռնությունն է.

 

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նպատակն է ստեղծել տեխնոլոգիական նորարարությունը եւ գիտական առաջխաղացումը խթանող էկոհամակարգ՝ համախմբելով տեղական եւ միջազգային համայնքների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները:

 

«Scholae Mundi» համաշխարհային կրթական հարթակը  խթանում է կրթությունը Միացյալ համաշխարհային քոլեջների, մասնավորապես՝ UWC Դիլիջան միջազգային քոլեջի միջոցով:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամն (IDeA) իրականացնում է երկարաժամկետ ենթակառուցվածքային եւ զարգացման ծրագրեր, որոնք նպաստում են Հայաստանի՝ գոյատեւումից բարեկեցության անցմանը:

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իր «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակով նոր հնարավորություններ է ստեղծում մերօրյա այն հերոսների համար,  որոնց գործունեությունը  բացառիկ ազդեցություն է ունեցել եւ ունի մարդկային կյանքի պահպանման համար:

 

««Ավրորա» ֆորումի հիմքում մեր այն համոզմունքն է, որ գլոբալ հայերը եւ աշխարհի քաղաքացիները, որոնք ձգտում են դիմագրավել մարդկության առջեւ կանգնած հրատապ մարտահրավերները, կարող են դա անել՝ հենվելով մարդասիրական, կրթական եւ տեխնոլոգիական լավագույն փորձի վրա՝ ապահովելու երկարաժամկետ առաջընթաց սոցիալական, մշակութային եւ գիտական ոլորտներում»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

 

««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իր նշանակալի տեղն ունի հումանիտար աշխարհում, քանի որ մարդասերները տեսնում են դրա ուղիղ ազդեցությունը, նախեւառաջ՝ երեխաների պաշտպանության ոլորտում: Միաժամանակ, հայկական ներկայությունն ամրապնդվում է նաեւ միջազգային ամենատարբեր ոլորտներում եւ հարթակներում: «Ավրորա» ֆորումը կշարունակի տարածել «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը՝ միավորելով տարբեր ոլորտների առաջնորդների եւ նորարարների, որպեսզի նրանք էլ ոգեշնչեն ուրիշներին եւ ոգեշնչվեն նրանցից: Այն, ինչ սկսվեց հարյուր մարդու երախտագիտության պատմություններով, որոնց նախնիները փրկվել էին Հայոց ցեղասպանությունից, դարձավ համաշխարհային շարժում՝ վկայելով, որ մարդկությունը կարող է է՛լ ավելին»,- ընդգծել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին