Գիլանը եւ Այոմին Երեւանում կտոնեն Rock Aid Armenia-ի 30-ամյակը - Mediamax.am

24638 դիտում

Գիլանը եւ Այոմին Երեւանում կտոնեն Rock Aid Armenia-ի 30-ամյակը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Ռոք երաժշտության լեգենդները՝ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին, հունիսին կժամանեն Հայաստան, որպեսզի Երեւանում տոնեն Rock Aid Armenia բարեգործական ծրագրի 30-ամյակը:

Այցի եւ տոնակատարության կազմակերպիչներն են Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ DoSomething կազմակերպությունը (Ավստրալիա): DoSomething-ի համահիմնադիր Ջոն Դին 1989 թվականին նախաձեռնել էր Rock Aid Armenia ծրագիրը՝ Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով: 

 

2019 թվականի հունիսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո Երեւանում տեղի կունենա հանդիսավոր երեկո Իէն Գիլանի, Թոնի Այոմիի եւ Ջոն Դիի մասնակցությամբ, որի ժամանակ կներկայացվի Rock Aid Armenia նախագծի պատմությունը: 

 

 

Rock Aid Armenia ծրագրի 30-ամյակի եւ ռոք աստղերի այցի գլխավոր հովանավորը IDBank-ն է: Միջոցառման գործընկերը Koor գինին է:

 

«Շնորհակալություն ենք հայտնում IDBank-ին եւ Koor-ին՝ այս կարեւոր նախաձեռնությանը աջակցելու համար: 30 տարի առաջ ռոքի աստղերը միավորվեցին՝ օգնելու մեր ժողովրդին, իսկ շուտով, IDBank-ի եւ Koor-ի աջակցության շնորհիվ, մենք կտոնենք այդ հրաշալի նախաձեռնության հոբելյանը»,- ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

 

Իէն Գիլանը, Թոնի Այոմին եւ Ջոն Դին կայցելեն Գյումրիի N 6 երաժշտական դպրոց, որը կառուցվել է Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակում:

 

2009 թվականի հոկտեմբերին՝ Rock Aid Armenia-ի 20-ամյակի կապակցությամբ, Մեդիամաքսը եւ Do Something-ը նախաձեռնել էին Armenia Grateful 2 Rock ծրագիրը, որի շրջանակում Հայաստան էին այցելել Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին: Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց այցի ժամանակ, որը 1989 թվականից գործում էր երկաթյա տնակներում, ռոք-աստղերը որոշեցին օգնել կառուցել նոր շենք: 

 

2010 թ. մարտին Երեւանում անցկացվեցին Իէն Գիլանի եւ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեգործական համերգները: Նույն թվականին Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին հիմնեցին WhoCares սուպեր խումբը:

 

 

Դպրոցի կառուցման համար անհրաժեշտ միջոցների դրամահավաքը եւ շինարարությունը համակարգում էին Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ), Մեդիամաքսը եւ DoSomething-ը: 2013 թ. սեպտեմբերին բացվեց դպրոցի նոր շենքը՝ Իէն Գիլանի եւ Ջոն Դիի մասնակցությամբ:

 

 

«Հրաշալի է, որ Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին հունիսին Երեւանում մեզ հետ կլինեն: Արա Թադեւոսյանը եւ ես ցանկանում ենք երախտագիտություն հայտնել Իէնին եւ Թոնիին՝ Հայաստանին օգնելու իրենց անհավատալի 30-ամյա հավատարմության համար: Հունիսի 5-ի միջոցառումը թույլ կտա հայերին հիշել եւ գնահատել այն աջակցությունը, որոնք իրենց ցուցաբերել են երկրաշարժի գոտու երեխաներին»,– ասել է Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին