Աղջիկ-կամավորականի օրագիր. մաս 2-րդ - Mediamax.am

exclusive
38586 դիտում

Աղջիկ-կամավորականի օրագիր. մաս 2-րդ


Նարինէ Վարդանյանը ջոկատի հետ
Նարինէ Վարդանյանը ջոկատի հետ

Լուսանկարը` հեղինակի արխիվից

Լուսանկարը` հեղինակի արխիվից


ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող, լրագրող Նարինէ Վարդանյանը, ով ծնունդով Ներքին Կարմիրաղբյուրից է, 2016թ. ապրիլին որպես կամավոր մեկնել է Լեռնային Ղարաբաղ եւ 14 օր անցկացրել առաջնագծում որպես բուժքույր։

 

Մեդիամաքս-ը հրապարակում է Նարինէի՝ այդ օրերի օրագիրը, որի առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

15.04․16

 

Արթնացել եմ իմ պարսպապատ առանձնարանում. կազարմայում քնելու որոշմանս օրից տղերքը մահճակալս պարսպապատել են ջոկատի բոլոր պլաշպալատկաներով: Բատինկաներս եմ հագնում, հետ նայեմ, տեսնեմ՝ դիմացի ննջարանից հինգ մաքուր սափրած գլուխ իրար վրա շարված ինձ են նայում. դիրքերից նոր իջած զինվորներն են. երեւի մի քիչ շատ տարօրինակ եմ էս հսկա կազարմայում: Հերթով արագ-արագ շրջվում ու հավասարվում են գլուխները:

 

Գաղտնի ժպտում եմ:

 

Արդեն երրորդ օրն է՝ մահճակալիս մոտի պահարանի վրա մի հատիկ կակաչ է հայտնվում:

Լուսանկարը` հեղինակի արխիվից

Աշխարհում երեւի միշտ լինելու է պատերազմ, ու կակաչներն անկախ ամեն ինչից ծաղկելու են: Ու լինելու է մեկը՝ պատերազմի մեջ ապրող, որ թաքուն կակաչներ է տանելու ինչ-որ ուրիշ մեկին: Որ աշխարհը չմեռնի:

 

 

Դիրքերից իջած զինվորներն արեւից ու պատերազմից կոշտացած դեմքերով են, փոշոտ, մաշված համազգեստով: Տղերքն եկել են լողանան, գնան:

 

Մի քանի հարցազրույց եմ արել, բոլոր հարցազրույցներիս ջոկատիցս ինչ-որ մեկն անպայման ներկա է, զինվորները կաշկանդվում են, բայց ծերուկներիս համոզել չի լինում, մի քայլ հեռու կանգնում, սպասում են. իրենց էրեխուն երկար չնայեն հանկարծ:

 

Զինվորներն ասում են՝ գնաս Երեւան, կասես՝ հերիք ա ինչքան համով բաներ ուղարկեցիք, արդեն ամենասիրած քաղցրավենիքներն էլ դժվար ենք ուտում: Ասում են՝ ամենաշատը արկղերի վրա գրված տաք բառերից են ուրախանում: Էջմիածնեցի Էդգարն ասում էր՝ տուփերից մեկի վրայի մանկապարտեզի հասցեն գրել է ծոցատետրում, որ զորացրվելուց հետո գնա, տեսնի էրեխեքին:

 

Մեր ջոկատի Ասլանյանը զինվորներին հավաքել է գլխին, պատմության դաս է  տալիս (պատմության ուսուցիչ է), երկուսով հիանում-ուրախանում ենք՝ կիրթ ու խելացի զինվորները շատ են:

 

Հայրո ապերը էնտեղից ասում է՝ Հակոբն էն վախտ էլ էր սենց, խրամատում Տիգրան Մեծից սկսում էր, Դրոյով պրծնում: Էնքան էր պատմում, որ լուսանար: Տղերքից մեկին՝ Աբոյին, խոստացել եմ Երեւանից «Ռանչպարների կանչը»  ուղարկել:

 

Զինվորները կամավորների մասին ասում են՝ որ մտածում ենք՝ ինչ հերոսներ են հիմա եկել մեր կողքին լինեն, ամաչում եմ իրանցից մի գրամ վատը կամ թույլ լինեմ: Տեսնել է պետք՝ ոնց են երկու սերունդ իրարով հպարտանում:

 

Էսօր երկու ծնունդ ունեինք. Մարտիկի ու Արմենի տարեդարձն էր: Իսկական, մեծ, կրեմով տորթ ունեինք ու մոմեր:

 

«Ատբոյ» է, ննջարանում մշտական աղմուկին՝ տղերքի խռռոցին միացել է տորթի երգող մոմը. տղերքն էսօր մոմի երաժշտության տակտով են խռռացնում:

 

 

Գնդի դուստրն եմ: Արդեն պաշտոնապես անունս կնքել են «Գնդի դուստր»:

 

16.04․16

 

«Կամազի» բեռնաթափքում ջոկատիս տղերքն ինձ ճիշտ մեջտեղում են նստեցրել, որ աջ ու ձախ չշպրտվեմ:

 

Ամբողջ ջոկատն ասում էր՝ երեխուն դեմը նստեցնենք, Մկո ապերը՝ հակառակվում. տղես պտի «կուզովում» գա: Ես էստեղ Մկոյի տղեն եմ, կանչելիս «տղես» է ասում, որ հանկարծ «չղզիկանամ». արգելել է նվնվալ, լացել, տուն ուզել:

 

Մեր դիմացի ադրբեջանական քաղաքում, ասում են, լավ «գյոլեր» կան ու համով ձուկ: Մեր կամավորներից մեծ բեղերով Տիկոն հեռադիտակով նայում է, ախ քաշում. հետը ձկան կարթ է բերել, թուրքի գյոլի ձկան հույսեր ունի: Տղերքը ձեռ են առնում, ինքը ոլորում է բեղն ու կարթի փոխարեն «Կալաշնիկովը» շոյում:

 

18.04.16

 

Գիշերները ծանր ու ճնշող են: Էս գիշերը՝ ավելի:

 

Երկնքում հայտնված «վզզոցը» մեջներս շշուկ գցեց. «անօդաչու ա»: Պառկել ենք խոտերին ու սպասում ենք: Մեզնից վերեւ վզզացող սարքը կամ մահ է, կամ չէ:

 

Մեր ենթասպան՝ Ազիզյանը, կամաց ասում է՝ չվախես, Նարին, պտտվում ա, հետ գնա: Ասում ու մարմնով հնարավորինս փակում է ինձ: Ես սարսափով գիտակցում եմ, թե ինչքան սիրուն է էս գիշերը. մեզ վրա կախված աստղերը, սեւավուն թվացող փարթամ կանաչը  ու «վզզոցը»:

 

Մեր աչքերի առաջ մի քանի հարյուր մետր այն կողմում մահը չեզոքացվում է մի զարկով:

 

20.04.16

 

Գիշերը անհասցե կրակելու մեջ մի մխիթարանք կա. դու միշտ կարող ես վրիպած լինել:

 

Երբ զենքը ձեռքիս մեջ չի դողում, ես վախենում եմ: Վախ չլինելուց վախենում եմ: Լավ է, որ դեռ դողում է:

 

21.04.16

 

Մեր կուրսի Տրդատին էի սպասում, չհանդիպեցինք: Ես էլ որոշեցի նամակ գրել նրան ու թողնել իր պահարանի դարակում:

 

Զորամաս մտնելուս առաջին րոպեներից ամբողջ զորամասով հայտարարել եմ՝ ձեր սերժանտ Տրդատ Մուշեղյանն իմ կուրսեցին ա: Հասցրել եմ իմանալ, որ Տրդատը զորամասում էլ, ինչպես համալսարանում, գերազանցիկ է, լավագույններից:

 

Երբ Տրդատը զորակոչվեց, ուրախացել էի՝ բանակին նրա նման զինվորներ են պետք, շատ-շատ են պետք:

 

Երեկ նստած եմ վերջից երրորդ մահճակալին, զինվորներից մեկի հետ եմ խոսում, ասում եմ՝ «Դուք Տրդատին գիտե՞ք»: Ժպտում, ասում է՝ մեր մարտկոցից ա Տրդատը: Հետո. «Իմիջիայլոց, էդ նստածդ մահճակալը Տրդատի մահճակալն ա»:

 

Ես քո ցավը տանեմ, Տրդ ջան: Ամեն անգամ զինվորական կոյկաները նկարելուց հետո ասում եմ՝ ոչ մեկիդ կոյկեն անտեր չմնա: Հիմա չեմ ասի, գիտեմ, որ բոլորդ հետ եք գալու, անպայման հետ եք գալու, որովհետեւ հաղթողները չեն կարող հետ չգալ:

 

Մարզադաշտի վերեւի խոտերին նստած եմ գրում նամակս: Կողքիս զինվորներից մեկն ընկերոջ հետ պառկել գետնին ու բարձրաձայն երազում է. «Օպերա ֆռֆռայինք». ինձ չեն տեսել: Չգիտեմ՝ դու երբեւէ ինչ ես երազել էստեղ, բայց ես քո երազածին էլ, 18 տարեկան էս տղերքի երազածին էլ հավատում եմ:

 

Եկել, հասել եմ էստեղ, որ հավատամ: Հեռվից դժվար է:

 

Հիշո՞ւմ ես՝ հայրենիքն ու բանակն իր վատ կողմերով ճանաչել, հետո սիրելու անհրաժեշտությունից ինչքան ենք խոսել համալսարանում:

 

«Հայրենիքը բազարում վաճառվող պոմիդոր չի, որ լավերը ջոկես, վերցնես, վատ տեղերը թողես». կռված ու հայրենիքից չհեռացած մի ազատամարտիկ էր ասում:

 

Մեզ հայրենիքի լավ տեղերն են տվել սիրելու, ձեզ՝ հայրենիքը սիրելու մեր իրավունքը պաշտպանելը:

 

Էստեղ անընդհատ հարցնում են՝ ի՞նչ ա զենքս, «ՍՎԴ՞»: Ծիծաղս հազիվ եմ զսպում ասելիս, որ դիպուկահար չեմ, լրագրող եմ, ով էստեղ է հասել որպես բուժքույր, մի ամբողջ ջոկատի բուժքույր: Ծերուկներս մխիթարում են. «Ոչինչ, որ մենակ վիրակապել գիտես, մահապարտների ինչի՞ն ա  պետք բուժքույրը»:

 

…Քեզ կուրսից բարեւներ չեմ բերել: Չստացվեց, «սելֆիդայությունս» չհերիքեց համալսարանում հայտարարել, որ Արցախ եմ գնում․ լուռ, սուս-փուս եկա: Ու քեզ բարեւներ չբերեցի:

 

Աղջիկներն առաջվա պես երբեմն հավաքվում են Չարենցի անվան լսարանի դաշնամուրի մոտ, նվագում ու տխրում… Զինվոր ունեցողները «Մարտիկի երգն» են երգում, չունեցողները՝ տխրում ու կարոտում ունեցողների հետ:

 

Նորից սիրո մեծ ալիք կա ձեր՝ զինվորներիդ նկատմամբ: Ու ձեր շնորհիվ նույնիսկ միմյանց նկատմամբ կա էդ սերը:

 

Տղաներին «ստիպել» եմ, որ բացատրեն այստեղ քո մասնագիտությունը:

 

Ալիկն ասաց՝ եթե Տրդատը չլինի, եթե իրենք ճիշտ չանեն իրենց գործը, մենք՝ ականանետորդներս, չենք կարողանա ճիշտ կատարել մեր առջեւ դրված մարտական առաջադրանքը, ոչինչ խոցել չենք կարող:

 

Շատ բան չհասկացա, գիտեմ միայն, որ կարեւոր բան ես անում:

 

Էս Մոնթեակերտ խաղաղ երկնքի տակ ինչքան հեշտ ա ուժեղ լինելը: Դրանի՞ց եք էսքան ուժեղ ու «դուխով», Տրդ:

 

Ասում եք՝ «Արտասովոր ոչինչ չենք անում: Պահում ենք էն հողը, որի վրա ապրում ենք»:

 

Ես մի օր անպայման արժանի եմ լինելու դրան, Տրդ:

 

Եթե անգամ լոկ մայրանալով ու զավակներ դաստիարակելով, արժանանալու եմ:

 

Հիշում եմ՝ այս տարվա Ամանորին ֆեյսբուքում գրառում էիր արել․ «2016-ը իմ տարին ա, իմ տուն վերադառնալու տարին…»: Դու անպայման տուն ես վերադառնալու, Տրդա՛տ ջան: Զորացրմանդ օրը՝ հուլիսի 8-ին, մենք անպայման հանդիպելու ենք: Դու անպայման վերադառնալու ես:

 

Քեզ չգրկած հեռանալս ներիր:

 

Գրկում եմ:»

 

22.04.16

 

 ...Քնած եմ: Զինվորական ռեժիմի համար երեւի մի քիչ փխրուն է մարմինս, առավոտվա վերկացից հետո նորից քնել եմ:

 

Կիսաքնած աղմուկ եմ լսում: Ինչ-որ մեկը «տմբուշկաներն» է բացում-փակում: Ջոկատիս տղաների ձայնն եմ լսում. «Էդ կոյկին մեր երեխեն ա քնած»: Աչքերս կիսաբաց եմ անում: Հին համազգեստի թեւն եմ տեսնում միայն: Զինվոր է:

 

-Տրդ,- ժպտում եմ կիսաքնած:

 

Հետո էլի փակում աչքերս:

 

Երեւի մոտ տասը րոպե անց ձայն եմ լսում. «Նար ջան, վեր կկենա՞ս քեզ գրկեմ, գնամ, հելնում ենք դիրքեր»:

 

Հազիվ եմ հասկանում, որ դարակս բացող զինվորը իրոք Տրդատն էր: Վեր եմ թռչում:

 

22.04.16

 

«Ո՞վ ա էդ կայքերին իրավունք տվել մեզ թուրքի գլուխ կտրող ներկայացնել, ինձ նայի, ձեռքերիս նայի, նայի տղերքից ցանկացածին. մենք նման բան կանե՞նք»,- Տրդատի ձայնը դողում էր նեղսրտությունից:

 

Տղերքը չեն խաղաղվում: Տեսնես էնտեղ՝ թիկունքում, գիտե՞ն՝ ինչ վիրավորական է էս ազնիվ տղերքին Քյարամին գլխատողների հետ նույնացնելը:

 

Մկնիկով պայքարողների օնլայն ամբոխը երբեւէ կհասկանա՞, որ իրենք «կռիվ կինո» չեն նայում: Որ սա էս էրեխեքի կյանքն ա:

 

Ասֆալտից հեռու, հեռու պատերազմ:

 

23.04.16

 

Առավոտ արթիկցի մի քեռի ընկույզի մուրաբայի տարրան ու մի պատառաքաղ ձեռքին կազարմայի զինվորներին մուրաբա էր բաժանում՝ մի-մի հատիկ, իր ձեռքով:

 

Նշխարի էր նման:

 

Շարունակելի։

 

Նարինէ Վարդանյանի օրագրի առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին