Աղջիկ-կամավորականի օրագիր. մաս 3-րդ - Mediamax.am

exclusive
20226 դիտում

Աղջիկ-կամավորականի օրագիր. մաս 3-րդ


Լուսանկարը` հեղինակի արխիվից

Մկրտիչ Թադեւոսյանը
Մկրտիչ Թադեւոսյանը

Լուսանկարը` հեղինակի արխիվից

Նարինե Վարդանյանը ջոկատի հետ
Նարինե Վարդանյանը ջոկատի հետ

Լուսանկարը` հեղինակի արխիվից


ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող, լրագրող Նարինէ Վարդանյանը, ով ծնունդով Ներքին Կարմիրաղբյուրից է, 2016թ․ ապրիլին որպես կամավոր մեկնել է Լեռնային Ղարաբաղ եւ 14 օր անցկացրել առաջնագծում որպես բուժքույր։

 

Մեդիամաքս-ը հրապարակում է Նարինէի՝ այդ օրերի օրագիրը, որի առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ, երկրորդ մասին՝ այստեղ:

 

23.04.16

 

Առաջնագիծ հասած լուսանկարը

 

Իրար գլուխ հավաքված վերջին գիշերներից է: Տղերքը հերթով հիշում են պատերազմում իրենց առաջին մկրտությունը: Ոչ ոք վերջին կռիվը չի հիշում, չի պատմում: Վերջինը չեղավ: Դեռ չեղավ:

 

Մեխակը ծոցագրպանից մի լուսանկար է հանում, հուզված մեկնում ինձ. «Տղերքից ու՞մ կճանաչես»:

 

Նայում եմ լուսանկարին, հետո հայկական ԶՈւ համազգեստ հագած ալեխառն մազմորուքով տղամարդկանց:

 

Լուսանկարում երիտասարդ, նիհար տղաներ են, երկարամազ, իրարից տարբեր համազգեստներով:

Լուսանկարը` հեղինակի արխիվից

Աչքերով եմ գտնում:

 

«Դուք եք»,- մատս մեկնում եմ լուսանկարի սպիտակախառն մորուքով հաղթանդամ տղամարդուն՝ ներքեւից աջից առաջինը:

 

«Իմացավ, տղե՛րք, ճանաչեց»,- ավելի է հուզվում, ակնոց խնդրում մարտընկերներից:

 

«Մեխակ, 1958 թիվ: «Արաբո» ջոկատ, «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակ»,- կատակով զեկուցում է Մեխակը:

 

«Մարտից առաջ ենք նկարվել,- ասում է Մեխակը: Չի հիշում՝ որ մարտից առաջ: Տղաների մի մասն ասում է՝ հենց Վաղուհասից առաջ էր: Վաղուհասը նրանց մարտական մկրտությունն է եղել:

 

Աջից չորրորդը Մկոն ա՝ Մկրտիչ Թադեւոսյանը:

Մկրտիչ Թադեւոսյանը Մկրտիչ Թադեւոսյանը

Լուսանկարը` հեղինակի արխիվից

Մկրտիչն իր մասին չի խոսում: Ցույց է տալիս նկարում իր կողքին կանգնած թիկնեղ տղամարդուն. «Ռուբոն ա, մեր զոհված տղերքից: Վաղուհասում վիրավորվեց ծանր: Չփրկվեց…»:

 

Իր վիրավորվելու մասին հումորով է պատմում: Ասում է՝ ազդրերն ամբողջությամբ արյուն էր, բուժքույրն ամաչում էր նայել՝ որտեղ են բեկորները: Ստիպված ասել էր՝ «մենակ ոտքերս են վիրավոր, ինչ կարում ես արա», ու ուշաթափվել էր:

 

Երբ ուշքի էր եկել մի քանի րոպեով, կողքին Վազգեն Սարգսյանն էր եղել, Վազգենն էլ էր էդ թեմայով կատակել. «Քիչ էր մնացել քեզ նման տղեն անժառանգ մնա»:

 

Հիմա Մկոն անգամ թոռնիկ ունի, ում հազիվ է կարողացել բացատրել՝ ուր է գնում:

 

Թոռնիկը զանգում, ասում է՝ պապիկ, պատերազմը հեռու՞ ա:

 

Տղերքն էդ հարցից իրար են նայում. քանի էստեղ են, հեռու ա:

 

24.04.16

 

Մի քանի ժամից պիտի գնամ Ստեփանակերտ: Ծերուկներս գնացել են դիրքեր: Երկտողներ եմ գրում, որ թողնեմ իրենց մահճակալներին: Հերթով, համարակալած: Մկոն էստեղ լիներ, ասեր՝ «քեզ տղավարի պահի»: Լացս քթիցս կախված՝ գրում եմ:

 

 

Ջոկատս ժամանակից շուտ էր իջել, հրաժեշտի երկտողերս մնացին օրագրիս մեջ:

 

24 երկտող:

 

«1. Յաշա.Ստարշինա ջան, խոստանում եմ՝ էլ երբեք բաժակներդ կողքի ջոկատներին չեմ տա, կներես, գաս Երեւան, լիքը կառնեմ սաղ կորցրածներիս տեղը»:

 

«2. Սերգեյ: Դեդ, այ Դեդ ջան, որպես ազգակից խոսք տուր, որ չես հիվանդանա, նայի հա, ով առանց ինձ մեռնի, դավաճան ա»:

 

«3. Հակոբ, ցավդ տանեմ, ապրես ամեն ինչի համար, մեծ ընկեր։ Ապրես հետս զենք մաքրելու, ամեն տեղ հետս գալու, միշտ կողքիս լինելու համար»։

 

«4. Մկո ապեր, ինձ միշտ տղավարի եմ պահելու, լաց չեմ լինելու, դու մենակ բիձեքիս լավ կնայես»։

 

«5. Արմեն քեռի, միակն ես, ումից քաշվում եմ մինչեւ հիմա։ Ուզում եմ իմանաս, որ էս օրերում ամենասիրուն բաներից մեկը քո գիրք կարդալն էր ընդմիջումներին։ Քեզ միշտ հիշելու եմ տենց»։

 

«6. Էրիկ, ներսդ խաղաղ պահի, իմ կռվարար հերոս։ Քո առած պաղպաղակի չոփերը հետս տանում եմ Երեւան, Էրիկ ապեր»։

 

«7. Տիկո ապեր, ամբողջ ընթացքում ուզել եմ խնդրել, որ մի օր ինձ հետդ ձկնորսության տանես. հիմա խնդրում եմ՝ կտանես, էլի»։

 

«8. Գագո: Ծերուկ ջան։ Դու իմ իմացած ամենացածրահասակ հսկան ես, ճիշտ ես ասում՝ ինչքան գետնի վրա ես, էնքան գետնի տակ՝ դեպի Ադրբեջան։ Պինդ կաց»։

 

«9. Արամ։ Դու ինձ համար քայլող, հազարից մեկ ժպտացող լեգենդ ես մնալու։ Հույս ունեմ՝ երբեւէ նորից ինձ «Նառ» կասես, հրամանատար»։

 

«10. Սամո ապեր, դեռ չեմ համակերպվել, որ քո անունը Կոլյա չի: Չգիտեմ՝ որտեղից քեզ էդքան բարություն ու համեստություն: Չմոռանաս «էրեխուն»»:

 

«11. Գնել ապեր, ապրես, որ քո մի քանի օրական աղջկա նման ինձ սիրում էիր։ Քո աղջիկը մի օր պիտի իմանա՝ ինչ հերոս պապա ունի»։

 

«12. Նարինէ... վայ, 12-րդ կոյկան իմն էր:

 

«13. Կապիտանի ուսադիրներով պարոն գնդապետ: Մխո ջան, նույնիսկ սխալ ուսադիրներով՝ լոխ լավ ա ինելու»:

 

«14. Սպո պապի, մենք դեռ իրար հետ լիքը Խաչատրյան, Մանսուրյան ու Բախ ենք լսելու՝ պալատկայում լինի, թե քաղաքում։ Ու 99-ամյակիդ քեզ համար Տերյան եմ արտասանելու, ազնիվ խոսք»։

 

«15. Հայրո ապեր, ապրես ինձ բոխի թթու դնել սովորեցնելու համար, որ ամուսնանամ, էդ ավելի շատ ա պետք գալու, քան կրակելը, չէ՞»:

 

«16. Կարեն ապեր, հիանում եմ քո ուժով ու կամքով։ Տղերքին մենակ չթողեցիր: Քեզ լավ նայի»։

 

«17. Քեռի Մեխակ, կներես, որ սուրճ ուզելդ մեկ-մեկ չլսելու էի տալիս։ Էլ չեմ անի»։

 

«18. Կիտայ ջան, դու էլ կներես, իսկական անունդ տենց էլ չիմացա։ Քո նվիրած դանակն ու սովորեցրածդ ինքնապաշտպանական հնարքները միշտ հետս են լինելու»։

 

«19. Բոյով Արմեն ջան, այ 2 մետրանոց ջիգյար, աշխարհի ամենալավ ծնունդը քո ծնունդն ա եղել, ով մոռացել ա ինձ Երեւաններում, դաղալ ա»։

 

«20. Լյով, Կյաժ ջան, կներես, որ իմ արած սելֆիներում լավ չէիր դուրս գալիս, գաս Երեւան, լիքը սիրուն ֆոտոներ կանեմ քեզ»։

 

«21. Արսե՜ն, Ծերակույտի միակ երիտասարդ, ապրես ինձ էստեղ ախպոր նման նայելու համար, տան պուճուրի բախտը հետս կիսելու համար»։

 

«22. Ընկեր Ասլանյան ջան, շնորհակալ եմ էն ամենի համար, ինչ արեցիք։ Որ էստեղ եմ։ Մեր ծանր ու խորը զրույցների համար»:

 

«23. Վաչո ։ Այ մարդ, դե մեկ-մեկ խոսայիր, որ ասելու բան ունենայի, էլի»: 

 

«24. Հրամանատար ջան, Մրդո։ Ապրես ինձ դիմանալու համար, գիտեմ, որ ջոկատում աղջիկ ունենալը դժվար բան ա, համարյա տանը յոթ աղջիկ ունենալու պես։ Ապրես։ Ամեն օրվա համար»։

Նարինե Վարդանյանը ջոկատի հետ Նարինե Վարդանյանը ջոկատի հետ

Լուսանկարը` հեղինակի արխիվից

Ճանապարհին եմ:

 

ՊՆ հաղորդագրություններն եմ կարդում: Աշխարհում ամենածանր բաներից մեկը հաղորդագրությունների մեջ անունները վախով կարդալն է, քեզ մեղավոր զգալը, որ թեթեւացած շունչ ես քաշել ծանոթ անուն ազգանուն չտեսնելուց: Հասկանալը, որ ծանոթ ու անծանոթ անուններ չկան:

 

Ավելի դժվար՝ «մահացու վիրավորում» բառերի մեջ «մահացու» բառը չտեսնելու ցանկությունն է:

 

Ռոբը…

 

... Ռոբն ինձ խոստացել էր, որ զորացրվելուց հետո կգա, կգտնի ինձ ու կխմենք Ջաբրայիլի տղերքի կենացը: Ռոբն ասում էր՝ ծառայելը պարտք չի, հայրենասիրություն չի, հերոսություն չի, ծառայելը նորմալ ա: Զուտ: Էդքանը:

 

Ռոբը խոստացավ, որ հետը ՊԿ-ի կրակած փամփուշտ կբերի: Իմ նոթատետրի մեջ գրել էի՝ երբ է իմ այս մի նյութի հերոսն ավարտում ծառայությունը… Իմ սպասումն ընդհատեց ՊՆ հաղորդագրությունը՝ մահացու հրազենային վիրավորում է ստացել Ռոբերտ...

 

Սահմանից այն կողմ լռություն է: Ես հիշում եմ, որ տղաներից ոչ մեկ ատելությամբ չի խոսում սահմանից այն կողմի մասին:

 

Երեկ Արմանը փոքրիկ խաչ արեց գրպանի օրացույցի վրա. հարյուրօրյակն սկսվեց: Արմանը հետ է գալու, անպայման հետ է գալու: Հաղթողները չեն կարող չգալ:

 

Նարինէ Վարդանյանի օրագրի առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ, երկրորդ մասին՝ այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին