Չինչին. երեխաները կուշտ են, բայց հիվանդանալու իրավունք չունեն - Mediamax.am

exclusive
6798 դիտում

Չինչին. երեխաները կուշտ են, բայց հիվանդանալու իրավունք չունեն


Չինչինի մանկապարտեզում
Չինչինի մանկապարտեզում

Լուսանկարը` Մեդիամաքս

Չինչինի մանկապարտեզում
Չինչինի մանկապարտեզում

Լուսանկարը` Մեդիամաքս

Փոքրիկ Թաթուլը
Փոքրիկ Թաթուլը

Լուսանկարը` Մեդիամաքս

Չինչինի մանկապարտեզում
Չինչինի մանկապարտեզում

Լուսանկարը` Մեդիամաքս

Բժշկուհի Գեւորգյանը
Բժշկուհի Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Չինչինի բուժկետում
Չինչինի բուժկետում

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Առաքելյանը
Լիլիթ Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկու տարեկան Թաթուլը կիսատ է թողել բրնձով ապուրին մաս կազմող հավի կտորն ու գոհունակությամբ սպասում, թե երբ է խոհարարն իր ափսեում «ճանկնդեղով» (ճակնդեղը նկատի ունի-հեղ.) աղցան ավելացնելու: Իսկ, մինչ հերթն իրեն հասնելը, շրջապատին համոզում է, որ «մսի փոխարեն պետք է աղցան ուտիˋավելի ուժեղանալու ու Նանուլիկի հետ կռվում հաղթելու համար»:

Փոքրիկ Թաթուլը Փոքրիկ Թաթուլը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) նախաձեռնությամբ իրականացվողˋ «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրիˋ հանրային առողջապահության բարելավման բաղադրիչովˋ 2013-ից մարզի թիրախային 14 համայնքի 0-6 տարեկան երեխաների շրջանում թերսնուցման խնդրի լուծմանն ուղղված աշխատանքներ են տարվում: Չինչին համայնքի մանկապարտեզն առաջիններից մեկն է, որ ընդգրկվել է այս ծրագրում:

 

ՀՕՖ աշխատակիցները նախ կազմակերպել են երեխաների բուժզննումեր, որոնց արդյունքում հայտնաբերվել են սակավարյունության ու ճիճվակրության անհանգստացնող ցուցանիշներ, ապա քայլեր ձեռնարկել առողջապահական կարողությունների զարգացման եւ բնակչության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:

 

Իսկ մանկապարտեզների համար, առողջապահության նախարարության եւ սննդամթերքի անվտանգության տեսչության հետ միասին, մշակել են հավասարակշռված եւ կալորիաներով հաշվարկած սննդային օրակարգ, ինչն ապահովում է այդ տարիքային խմբի երեխաներին անհարժեշտ ու պարտադիր սնունդը: Ծրագրի շրջանակումˋՀՕՖ-ը շահառու մանկապարտեզներին տրամադրում է անհրաժեշտ սննդամթերքը:

Չինչինի մանկապարտեզում Չինչինի մանկապարտեզում

Լուսանկարը` Մեդիամաքս

Չինչինի մանկապարտեզի տնօրեն Լիլիթ Առաքելյանը նշում է, որ նախքան այս ծրագիրը, մանկապարտեզը ստիպված էր ոչ միայն սննդի, այլեւ կենցաղային այլ հարցերի լուծման համար բավարարվել համայնքային բյուջեից տրամադրվողˋ տարեկան 300 հազար ՀՀ դրամ գումարով:

 

«ՀՕՖ-ի ծրագրով, սակայն, երեխաներին ամեն օր տրվում է թարմ կաթնամթերք, միսˋ հավի եւ տավարի, ձու, խնձոր, բանջարեղեն եւ անհրաժեշտ վիտամիններով ու օգտակար նյութերով հարուստ սնունդ, որն այնքան մեծ չափաբաժնով է, որ երեխաները հաճախ ամբողջությամբ չեն ուտում»,-ասում է տնօրենն ու ցավով նկատում, որ շատ երեխաներ, սոցիալական վիճակով պայմանավորված, սնվում են միայն մանկապարտեզում:

Լիլիթ Առաքելյանը Լիլիթ Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Անգամ այդ դեպքում, նոր սննդակարգի շնորհիվ, երեխաները հեռու են մնում թերսնուցման վտանգից»,- հավելում է Լիլիթ Առաքելյանը:

 

ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը նկատում է, որ ծրագրի իրականացումից հետո էլ շարունակում են երեխաներին պարբերաբար բուժզննման ենթարկել, որի արդյունքները վկայում ենˋ ծրագրի արդյունքը միանգամայն դրական է:

Չինչինի մանկապարտեզում Չինչինի մանկապարտեզում

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սակայն, սննդակարգի բարելավումը բավարար չէ խնդրի լուծման եւ առողջ սերունդ ունենալու համար. զուգահեռ իրականացրել եւ իրականացնում ենք նաեւ մանկապարտեզների շենքային պայմանների բարելավում:  Չինչինի դեպքումˋ հիմնանորոգում եւ գույքի տրամադրում, որը երեխաներին հեռու է պահում խոնավ միջավայրում օրն անցկացնելու վտանգից, ու դրանից բխող առողջական բարդություններից»,-նշում է  Համբարձում Սիմոնյանը:

 

Չինչինի մանկապարտեզիˋ ավելի քան 60 տարվա հնության շենքը ՀՕՖ-ի մեկնարկած «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» 5-ամյա ծրագրի կրթական բաղադրիչի շնորհիվ 2015-ին վերանորոգվել ու կահավորվել է:

 

Տնօրենը նշում է, որ, նախքան այդ, մանկապարտեզ հաճախում էր 6-7 երեխա: Սննդի ծրագրից ու վերանորոգումից հետո երեխաների թիվը հասել է 21-ի:

 

Կյանքի թելըˋ  օդում կախված

 

«Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի առողջապահական բաղադրիչի շրջանակներումˋ թիրախային համայնքներում, բնակչության իրազեկվածության բարձրացմանը զուգահեռ, ՀՕՖ-ը զբաղվում է նաեւ առողջապահական կարողությունների զարգացմամբ: Մասնագետների վերապատրաստումից բացի, այն ենթադրում է բուժհաստատության պայմանների բարելավում: Չինչինում, օրինակ, կատարվել է 1960-ականներից չվերանորոգված բուժկետի մեկ սենյակի հիմնանորոգում, տրամադրվել է գինեկոլոգիական բազկաթոռ, բիոքիմիական անալիզատոր եւ բժշկական այլ սարքավորումներ:

 

Բուժկետի միակ բժշկուհի Գայանե Գեւորգյանը պատմում է, որ Չինչինից բացի սպասարկում է Նավուր եւ Իծաքար գյուղերի բնակչությանը: Երեք համայնքը միասին վերցրածˋ բնակչության թիվը հասնում է երկու հազարի: Բուժկետը լիազորված է իրականացնել միայն առողջության առաջնային պահպանում եւ կանխարգելիչ գործառույթ:

Բժշկուհի Գեւորգյանը Բժշկուհի Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Չնայած դոնոր կազմակերպությունների այս կամ այն աջակցությանըˋ երեք համայնք սպասարկող բուժկետի հիմնական գերխնդիրը շարունակում է մնալ հիվանդի մոտ հասնելու հարցը:

 

Հիվանդության բարդության կամ կյանքին վտանգ սպառնալու պարագայումˋ խնդիրն ավելի մտահոգիչ է. ամենամոտ բժշկական հաստատությունը Չինչինչից 62 կմ հեռավորության վրա գտնվող Բերդի հիվանդանոցն է: Հիվանդի հարազատներն անձամբ պետք է հոգան տեղափոխման հարցը, քանի որ շտապօգնության մեքենաները գյուղ չեն հասնում, չկա նաեւ միջհամայնքային տրանսպորտ:

Չինչինի բուժկետում Չինչինի բուժկետում

Լուսանկարը` Մեդիամաքս

Եթե հիվանդի տեղափոխումը, կախված նրա վիճակից, պահանջում է իրականացնել միայն բուժաշխատողի հսկողությամբ եւ շտապօգնության մեքենայով, ապա պետք է գտնել երեք համայնք սպասարկող միակ բժշկուհուն, ով կհաստատի, թե հարցը  հրատապ է եւ այլ տարբերակ չկա, որից հետո միայն, ժամանակի կորստով, շտապօգնության մեքենան ճանապարհ կընկնի մարզկենտրոնից դեպի պետական սահմանից 10 կմ հեռավորության վրա գտնվող համայնքˋ  հաղթահարելով սար ու ձորի, անբարեկարգ ճանապարհի ու հակառակորդի թիրախում գտնվող բարդությունները: Իսկ հիվանդն այդ ընթացում էլ ավելի վատանալու իրավունք չունի…

 

Սիրանուշ Եղիազարյան

Լուսանկարներըˋ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին