Գյումրիում կայացել է թղթե «սամալյոտների» առաջնությունը - Mediamax.am

exclusive
5496 դիտում

Գյումրիում կայացել է թղթե «սամալյոտների» առաջնությունը


Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս


-Էս առաջնությունում հլը լեննագանցի հաղթող չունիքն, պարապինգը օր էստեղ էլ ալամ-աշխարհի չեմպիոններ ունենաք:

 

Գյումրեցուն բնորոշ կատակով ու գլուխգովալով՝ սկսվեց  առաջին հայացքից «էրեխական»՝ մրցույթը:  Մի քանի ժամով Գյումրիի կայարանի սպասասրահը վերածվել էր թռիչքուղու: Ոչ միայն գյումրեցիները, այլեւ Երեւան-Գյումրի գնացքով այլ բնակավայրերից եւս հյուրեր էին եկել ու առանց տարիքային սահմանափակման մասնակցելու էին «Թղթե ինքնաթիռների առաջնությանը»:

 

Մինչ մրցույթի սկսվելը մասնակիցների մի մասը սովորում էր, մյուսները վերհիշում մոռացված հմտությունները: Ամեն կողմից ինքնաթիռներ էին թռչում կայարանի սրահը մտնողների կողքով, գլխի վրայով, հաճախ նաեւ ինքնաթիռի «վթարներ» էր լինում, որ առիթ է ծանոթանալու ու իրար հետ մրցելու: 

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Մանկությունից հայտնի այս խաղը աշխարհում ունի համակիրների մեծ բանակ, հստակ կանոններ, ռեկորդակիրներ, աշխարհի առաջնություն է անցկացվել, որին մասնակցել են 48 երկրների հաղթողները:

 

Թղթե ինքնաթիռներ մրցույթում միախառնված են հին արեւելյան օրիգամի արվեստը, տարբեր գիտությունները (ֆիզիկա, մաթեմատիկա) եւ մարմնամարզությունը: 1989 թվականին Էնդի Չիլինգը հիմնել է թղթե ինքնաթիռների պատրաստման ասոցիացիա, մրցույթներ անցկացվում է 3 չափանիշներով. ամենաերկար տարածություն, ամենաերկար տեւողություն եւ աէրոբատիկա։

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

-Մենք այս մրցույթով հետաքրքրվում էինք մի քանի տարի առաջ: 2015 թվականին Red Bull Paper Wings աշխարհի առաջնությունում 3 անվանակարգերի հաղթողներից երկուսը հայեր են:

 

«Ամենաերկար թռիչքի տեւողությունը» կարգում հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Համբարձումյանը, իսկ «Օդաչուական լավագույն վարպետություն» կատեգորիայում Լիբանանը ներկայացնող  հայ մասնակիցը:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Որոշեցինք հետաքրքիր, զվարճալի միջոցառում կազմակերպել, որտեղ մարդիկ կկարողանան գալ իրենց հմտությունները զարգացնել, - ասում է Civil Voice հասարակական կազմակերպության Գյումրու գրասենյակի ղեկավար Արսեն Վարդանյանը:

 

Առաջնությունը Գյումրիում անցկացվում էր երկու՝ ամենաերկար թռիչք ու օդում ամենատեւականը մնացած ինքնաթիռը անվանակարգերով: Իսկ ինքնաթիռները «արտադրում էին» մասնակիցները՝ A4 ֆորմատի թղթից:

 

Ավիացիա թղթի թափոններից 

 

- Համացանցով սկսեցինք տարածել, որ նման միջոցառում ենք կազմակերպելու, ով կարող է տալ գրասենյակում օգտագործված ու անպետք թղթերը, իհարկե, որոնք գաղտնիք չեն պարունակում: Մենք կարող էինք նոր թղթեր էլ գնել, բայց սա թղթի թափոնների օգտագործման նոր մոտեցում է ու միտք, որ կարելի է եւս մեկ անգամ օգտագործել թուղթը ու պահպանել մեր մոլորակի ծառերը,- նշում է կազմակերպիչն ու հայտարարում մրցույթի մեկնարկը: 

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Տարբեր գրություններով թղթերով կարելի է ստեղծել տարբեր տիպի ինքնաթիռներ: Բազմազան ուղեցույցներ կային, օգնում էր նաեւ նախորդ տարիներին հայաստանյան առաջնությանը մասնակից Գայանե Սաֆարյանը: 

 

- Ես մասնակցել եմ Red Bull-ի Հայաստանի 2015 թվականի մրցույթին, երեք փուլ հաղթել եմ: Ինքնաթիռի այս պատրաստման ձեւն էլ ինձ սովորեցրել է հաղթողը,-նշում է Գայանեն ու ցույց տալիս լայն թեւերով ինքնաթիռի պատրաստման գաղտնիքները:

 

Նրանից հետ չեն մնում Գյումրիի առաջնությանը եկած մասնակիցները: Մեծերն իրենց խորհուրդներով են կիսվում, թե ինչպես «սամթով սամալյոտը թռցնեն», նաեւ մանկության հիշողություններ են արթնանում: 

 

- Սամալյո՜տ, թուղթ քի՜ց, սամալյոտ թուղթ քի՜ց…. Էրեխա վախտս սամալյոտ տեսնելով կվազեինք ու էդպես կըսեինք… է՜հ, պատերազմից մնացած արտահայտություն էր, օր սամալյոտը խաբար բերեր,- հիշում է Համո պապն ու նաեւ  ավելացնում, -հըմիկվա էրեխեքն էլ ուրիշ բան կըճվան սամալյոտ տեսնելուց: Էն օրը հարեւանիս էրեխեն սամալյոտ տեսավ ու կսէ, «Սամալյո՜տ, պապայիս տուն բեր»: Բայց հմի էրեխեքը քիչ կսարքեն սամալյոտ, թոռներիս հետ եկել եմ, օր տեսնին, սորվին, մեզի պես մրցել կռնանան:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

- Փոքր ժամանակ մենք էրեխեքով ինքնաթիռ տեսնելով, հետաքրքությունից դրդված սարքում էինք, մրցում: Հետո կարող է ինքնաթիռների հետաքրքրությունը մեծանա, թղթից անցնեն ավիամոդելավորման, հետո օդաչու դառնան,- նշեց Մամիկոն Վարդերեսյանը՝ ուշադիր հետեւելով մրցույթի ընթացքին:

 

Իսկ 57 տարեկան տիկին Սոնան իր զգացողությունները չթաքցնելով՝ ինքն է վերցնում է թուղթն ու ծալում իր իմացած ձեւով, պատմում, որ ընտանիքի չորս երեխաներով մրցել են, պատուհանից նետել թղթե ինքնաթիռներ. «Հիմա էլ ոչ միայն թոռնիկներիս հետ եմ խաղում, նաեւ իմ մանկապարտեզի սաների հետ եմ մրցում: Երեխայի ճանաչողությունը խաղն է, իսկ մեծերը օրինակ պետք է լինեն ու խաղընկեր: Տեսա, որ  ինքնաթիռների արդեն հարյուրավոր ձեւեր կան, բայց, ես ինչքան գիտեմ, կարեւորը սուր քիթն է ու հավասար թեւերը»:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

- Մանավանդ դասերին կսիրեինք խաղալ, դասատուներին ջղայնացնելու միջոց էր, դասատուն հավաքում, տանում էր մեր ավիացիան: Մե անգամ էլ սամալյոտը գնաց ընկավ  դասատուի սումկեն, խայտառակ եղանք,- Դավիթը, մինչ թղթե իր ինքնաթիռը նետելը, կիսվում է դպրոցական հիշողություններով: 

 

Պարզվում է, տղաներից հետ չեն մնում նաեւ աղջիկները: Ուսուցչի հայացքից  թաքուն դասընկերներին կարճ նամակ գրելու միջոց էր թղթե ինքնաթիռը: Բայց հիմա «թղթե աղավնիներին» փոխարինել է հեռախոսային կարճ հաղորդագրությունները: 9 տարեկան Վարդանին, երբ հարցրի, թե արդյո՞ք դպրոցում պատրաստում են ինքնաթիռներ, զարմացավ ու զարմացրեց իր պատասխանով. «Չէ, ես փոքր վախտս եմ սամալյոտ սարքե, մամաս է սորվցրե: Էսօր չկռնացա լավ թռցնեմ, պտի վերեւ չթռցնես, վար պահես, օր երկար էրթա, բայց 17 մետր թռավ իմ սամալյոտս, մյուս անգամ պարապիմ, նոր կուգամ»:

 

Մինչ ժյուրին ամփոփում էր արդյունքները, մասնակիցները համատեղ ուժերով բոլոր «վայրէջք» կատարած թղթե ինքնաթիռները մեկտեղեցին: Թղթե թեւերը արվեստանոցում վերամշակելու են ու դառնալու են թղթե դիմակներ, որոնց օրինակները ներկայացված էին:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Կազմակերպիչները գոհ էին մրցույթի արդյունքներից, արդեն կան խոստումնալից մասնակիցներ ու մի փոքր հմտանալուց հետո կարելի է ներկայանալ նաեւ միջազգային առաջնությանը: Ամենաերկարը թռիչքը Գյումրիում 25 մետր էր, համաշխարհային ռեկորդին հասնելու համար պետք է կրկնապատել այս արդյունքը:  Թղթե ինքնաթիռների այս առաջնությանը բոլոր տարիքային խմբերում հաղթողները պարգեւատրվեցին խորհրդանշական ու «ընկերական»  նվերներով.  

 

- Ըստեղ հաղթող ու պարտվողներ չկան, էկել են որպես մտերիմներ ու կէրթան նոր ընկերներ ձեռքբերած: Երեւանից եկածների համար էլ բոլորով շրջայց ենք կազմակերպելու, որ տեսնեն մեր սիրուն քաղաքը, որից հետո ճանապարհելու ենք ոչ թե ինքնաթիռով, այլ Գյումրի-Երեւան գնացքով: 

 

Անահիտ Հարությունյան

Լուսանկարները՝ Կարեն Մկրտչյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին