«Արար»-ի ծրագրերը՝ զինծառայողի անվտանգության բարձրացման համար - Mediamax.am

exclusive
10081 դիտում

«Արար»-ի ծրագրերը՝ զինծառայողի անվտանգության բարձրացման համար


«Արար»-ի գործադիր տնօրեն Ջորջ Տաբակյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը
«Արար»-ի գործադիր տնօրեն Ջորջ Տաբակյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` Արար

Լուսանկարը` Արար

Լուսանկարը` Արար

Լուսանկարը` Արար

Լուսանկարը` Արար

Լուսանկարը` Արար


Ազգային անվտանգության ամրապնդումը 2013-ին ստեղծված «Արար» հիմնադրամի գործունեության երեք առանցքային ուղղություններից մեկն է: Վերջին 3 տարում «Արար»-ը ՊՆ-ի հետ համատեղ մի շարք ծրագրեր է իրականացրել, որոնց վերջնանպատակը զինծառայողների անվտանգության բարձրացումն է:

 

Հիմնադրամն իրականացվող հետազոտությունների միջոցով մարտական եւ ոչ մարտական պայմաններում զինվորական ծառայության անվտանգության հետ կապված խնդիրներ է վերհանում, առաջարկում լուծումներ, պիլոտային ռեժիմում իրականացնում դրանք եւ ներկայացնում Պաշտպանության նախարարությանը՝ հետագա ներդրման համար: Եթե դրանք հաջողված են, պաշտպանական գերատեսչությունը սկսում է լայնորեն կիրառել ծրագրերն ընթացիկ գործունեության մեջ: 

 

«Հիմնադրամի ստեղծման օրվանից, Հայաստանի եւ հայության անվտանգության բարձրացումը եղել է մեր գործունեության կիզակետում։ 2014 թվականին ՊՆ-ի հետ համատեղ կատարեցինք մեր առաջին ուսումնասիրությունները եւ եկանք այն պարզ եզրակացության, որ մեր բանակը, որպես անվտանգության կարեւորագույն հենասյուն, ինքը պետք է հնարավորինս անվտանգ լինի զինծառայողների համար։

Լուսանկարը` Արար

Դա կբարձրացնի բանակի գրավչությունը թե´ ժամկետային եւ թե´ պայմանագրային զինծառայողների համար, կնվազեցնի զինվորական ծառայությունից խուսափելու տրամադրությունները, եւ որպես հետեւանք՝ կբարձրացնի մեր բանակի մարտունակությունը։

Ցավոք, սկսած 2014 թվականից  եւ ընդհուպ մինչեւ 2016 թվականը, մենք բանակում ամեն տարի ունեցել ենք կորուստների աճ: Դրա պատճառը ոչ միայն մարտական գործողությունների ինտենսիվացումն է, այլեւ՝ մի շարք ներքին խնդիրներ։ Մենք հենց այդ խնդիրների իրատեսական, կիրառական լուծումների վրա ենք կենտրոնացել: Ուրախ ենք, որ ՊՆ-ն եւս շահագրգռված է՝ գտնելու այդ խնդիրների խելամիտ, մեր պայմաններում կիրառելի լուծումները»,- ասել է «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը։

 

Ըստ նրա՝ բանակում մարդկային կորուստների պատճառները տարբեր են: Այս տարի, օրինակ, կորուստների զգալի մասը պայմանավորված է առաջնագծում հակառակորդի դիպուկահարների կրակով, քիչ չեն նաեւ զինծառայողների միջեւ կոնֆլիկտները, զենքի հետ անզգույշ վարվելու դեպքերը, վթարները, առողջական եւ այլ խնդիրները: «Արար»-ի աշխատանքներն ուղղված են կորուստների կանխարգելմանը, իսկ դրանց առաջացման դեպքում՝ հետեւանքների մեղմացմանը:

«Օրինակ, դիպուկահարների կրակի ազդեցությունը նվազեցնելու համար մենք աշխատում ենք առաջնագծի մեր դիրքերի արմատական տեխնոլոգիական վերազինման մի շարք ուղղություններով, ինչպես նաեւ աջակցում ենք մեր զինված ուժերի շտապ բուժսպասարկման կարողությունների ընդարձակմանը, որպեսզի կարողանանք առավելագույնս անկորուստ էվակուացնել վիրավորներին։

Այս տարվանից սկսել ենք զբաղվել նաեւ զինծառայողների միջեւ կոնֆլիկտների արդյունքում առաջացող կորուստների կանխարգելման հարցերով, բայց այստեղ դեռեւս արդյունքների մասին խոսելը վաղ է, այս ոլորտը չափազանց բարդ է»,- նշել է Ավետիք Չալաբյանը։ 

 

***

 

«Արար» հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Տաբակյանը Մեդիամաքսին ներկայացրել է հիմնադրամի այն ծրագրերը, որոնք արդեն արդյունավետորեն կիրառվում են բանակում:

 

Մոդելային դիրք

 

Դիմել էինք Պաշտպանության նախարարությանը՝ առաջարկելով առաջնագծում մի մարտական դիրք տրամադրել մեզ, որպեսզի կահավորենք տարբեր տեխնոլոգիաներով:

 

Նպատակը զինծառայողի անվտանգ ու հարմար մարտական հերթապահության ապահովումն էր: Պիլոտային ծրագիրն իրականացրեցինք Տավուշի դիրքերից մեկում:

Լուսանկարը` Արար

Տեղադրեցինք արեւային պանելներով սնվող կայան, որն արդյունավետ է ե´ւ լուսավորության, ե´ւ կենցաղային հարցեր լուծելու համար: Էներգիայի խնայողության եւ կացարանների արդյունավետ լուսավորության համար օգտագործել ենք LED լամպեր: Փորձարկել ենք բնական գազի մասնավոր համակարգ, նաեւ լուծել մշտակա ջրի խնդիրը՝ մոտակա աղբյուրներից ջուր հասցնելով դիրքեր: Կիրառել ենք դիրքի ամրացման հետ կապված որոշ տեխնիկական լուծումներ, որոնք պետք է փորձարկել եղանակային տարբեր պայմաններում:

Լուսանկարը` Արար

Սա բազմակոմպոնենտ ծրագիր է, որի մի բաղադրիչը՝ արեւային էներգիայով կայանը, նախարարությունը որոշել է կիրառել նաեւ այլ դիրքերում: Մյուս բաղադրիչները դեռ ուսումնասիրվում են:

 

Խորը դիտարկման արդիական սարքավորումներ

 

Հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով՝ սկսել ենք կիրառել խորը դիտարկման սարքավորումներ: Երեք ուղղությամբ տարբեր պայմաններում փորձարկել ենք դրանք: Այդ սարքավորումները շատ հարցեր են լուծում, հնարավորություն են տալիս հեռվից խորը դիտարկում կատարել՝ առանց վտանգելու զինվորի կյանքը: Այսօր այդ սարքավորումները մեծ կիրառություն ունեն, եւ նախատեսվում է մինչեւ 2019 թվականն ամբողջ շփման գծի դիտարկումն իրականացնել դրանց միջոցով:

 

7 ռեանիմոբիլ՝ առաջնագծի հոսպիտալներին

 

Ապրիլյան պատերազմի օրերին 4-5 վիրավոր զինվորի կյանք հնարավոր կլիներ փրկել, եթե հասցնեին շտապ օգնություն ցուցաբերել: Հասկացանք, որ առաջնագծում շատ կա ռեանիմոբիլների կարիք: ՊՆ-ն մեզ տվեց ՈՒԱԶ մակնիշի մեքենա, որն ամենալավն է աշխատում լեռնային պայմաններում, իսկ մենք քննարկեցինք, հասկացանք, թե ինչի կարիք կա ու ամբողջությամբ կահավորեցինք այն՝ ստեղծելով վերակենդանացման շարժական համալիր:

Լուսանկարը` Արար

Սա փոքր հիվանդանոց է, որը կարող է վիրավորին 6-7 ժամ օգնություն ցույց տալ մինչեւ հոսպիտալ հասցնելը, անհրաժեշտության դեպքում անգամ՝ Երեւան: Առաջին ռեանիմոբիլը հանձնեցինք 2016-ին, եւ մեկ շաբաթ անց այն մի զինվորի կյանք փրկեց:

Լուսանկարը` Արար

Արցախում շահագործման հանձնեցինք եւս 5 ռեանիմացիոն մեքենա: Այս տարի դիմեցինք ՊՆ-ին, որ մեկ ռեանիմոբիլ էլ աշխատի Տավուշում՝ Բերդի տարածաշրջանում՝ ծառայելով դիրքապահներին եւ տեղի բնակչությանը: Այն արդեն մի քանի կյանք է փրկել: Եթե կարիքը լինի, ծրագիրը կշարունակենք:

 

Վերականգնողական կենտրոնի մասնագետների վերապատրաստում

 

Ապրիլյան պատերազմից հետո հասկացանք, որ շատ զինվորներ ունեն  վերականգնողական բուժման կարիք: Այս ուղղությամբ մեծ գործ են կատարել Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը եւ Հայկուհի Մինասյանը, որոնք ստեղծել են վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոն:

 

Որոշեցինք աջակցել այս նախաձեռնությանը եւ կենտրոնի անձնակազմին վերապատրաստելու նպատակով՝ Ամերիկայից մասնագետ հրավիրեցինք:

 

Նաեւ առաջարկություն ենք ներկայացրել, որը տեղ է գտել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում: Նախկինում զինծառայողը կարող էր պետպատվերի շրջանակում բուժում ստանալ 15 օրվա ընթացքում: Բայց վերականգնումը մի օրում չի լինում: Մեր առաջարկով օրենքով ամրագրվել է, որ եթե վիրավոր զինծառայողն ունի երկարատեւ վերականգնողական բուժման կարիք, ՊՆ-ն պետք է հոգա բուժման ծախսերը:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին