Երեխաներին նոր կյանք պարգեւող Մեծամորի «կախարդական» տնակները - Mediamax.am

exclusive
4535 դիտում

Երեխաներին նոր կյանք պարգեւող Մեծամորի «կախարդական» տնակները


Լուսանկարը` Մեդիամաքս

Գրիգոր Հովհաննիսյանն իր սաների հետ
Գրիգոր Հովհաննիսյանն իր սաների հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մանեն
Մանեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Մանեն
Մանեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Քնարիկ Գարանֆիլյանը
Քնարիկ Գարանֆիլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժաննա Առաքելյանը
Ժաննա Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Տարիներ առաջ, երբ Սոնային (անունը փոխված է) խնդրում էին պատկերել ինքն իրեն, դպրոցահասակ աղջիկը մուգ գույներով նկարում էր վախեցած կերպարներ. մատիտն ուժեղ սեղմելուց աչքերի տեղում ծակեր էին:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սա ես եմ՝ ծեծված, աչքերս հանած»,-մեկնաբանում էր աղջիկը: Նկարչության ուսուցչուհին ցույց է տալիս Սոնայի այսօրվա նկարները. ընտանիքում խնդիրները հաղթահարված են, փոխվել է նաեւ նկարներում պատկերված աղջիկը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեծամորում՝ քարից եւ փայտից սարքած տնականերում, ավելի քան 10 տարի հարյուրավոր երեխաներ մշակույթի միջոցով ոչ միայն կրթվում, այլեւ փորձում են հասկանալ իրենց խնդիրներն ու հաղթահարել դրանք:

 

«Ընտանիք եւ համայնք» հասարակական կազմակերպությունը կանխարգելման, ճգնաժամային միջամտության ու վերականգնողական աշխատանքներ է իրականացնում կյանքի դժվար իրավիճակում հայտնված ընտանիքների ու երեխաների հետ: Նրանց հետ աշխատում են հոգեբանը, սոցիալական աշխատողը, ծնողավարման հմտություններ են սովորեցնում, կանանց համար հյուսքի դասեր են անցկացնում:  Տարածքը փոքր է, բայց դասացուցակ են մշակել, որ 130 երեխաները կարողանան հաճախել «Փալանչո» տիկնիկային խմբակ, «Արեւածաղիկ» մանկական երգչախումբ ու նկարչության դասերի:

Լուսանկարը` Մեդիամաքս

Պետական վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանում երեխաների 58 տոկոսն անհաղորդ է մշակութային կյանքին, չի հաճախում որեւէ խմբակի: «Ընտանիք եւ համայնք»-ի նախագահ Քնարիկ Գարանֆիլյանն ասում է, որ եթե անվճարունակության պատճառով երեխան չի կարողանում իր ազատ ժամանակը կազմակերպել, խմբակների հաճախել, ապա ավելի շատ ժամանակ անցկացնում է փողոցում՝ յուրացնելով փողոցային մշակույթը:  Իրենք օգտագործում են մշակույթը երեխայի կյանքը փոխելու համար:

Քնարիկ Գարանֆիլյանը Քնարիկ Գարանֆիլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Փոքր համայնք է, մեկը մյուսին ճանաչում է, եւ խոցելի ընտանիքները սովորաբար անտեսվում են: Ավելի բարեկեցիկ ընտանիքի ծնողը կարող է իր երեխային ասել՝ այսինչի հետ չխաղաս, որովհետեւ այսպիսին է կամ այսինչի երեխան է: Բայց երբ այդ երեխան խաղում է թատրոնում, համերգների ու ցուցահանդեսների  է մասնակցում, երկկողմանի ինտեգրացիա է լինում. մի կողմից աշխատում ենք համայնքի հետ, որ իր հայացքը փոխի երեխայի հանդեպ, հասկանա, որ նա նույնչափ լավն է ու կարեւոր, պարզապես ավելի մեծ ուշադրության կարիք ունի, մյուս կողմից երեխային ենք զարգացնում, որ ստեղծագործի, ինքնագնահատականը բարձրանա, վստահի սեփական ուժերին, դառնա մրցունակ աշխատաշուկայում, ձգտի ավելիին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկնիկային թատրոնի առաջնախաղին հրավիրել էինք համայնքի անդամներին, դպրոցների տնօրեններին, մանկավարժներին: Երբ ներկայացումը խաղացին ու բուռն ծափահարությունների ներքո երեխաները շիրմայի հետեւից դուրս եկան, մանկավարժներից մեկը զարմացավ՝ յա, էս մեր Արմա՞նն է (անունը փոխված է): Հաջորդ օրը Արմանը եկավ, ասում է՝ գիտե՞ք, ընկեր էսինչյանն ինձ արդեն բարեւում է: Երեխան, որի մասին մտածում էին, թե ծույլիկի մեկն է, պարզվեց՝ հրաշալի տիկնիկավար է, որին նույնիսկ «կարելի» է բարեւել: Համայնքը սկսում է ուրիշ աչքերով նայել երեխային»:

 

Մանեն առաջին անգամ թատրոն գնացել է դասընկերների հետ: Տպավորված էր ու շատ էր ուզում բեմ բարձրանալ: 12-ամյա աղջիկն արդեն 4 տարի «Փալանչո»-ում է խաղում, երգում «Արեւածաղիկ»-ում:

Մանեն Մանեն

Լուսանկարը` Մեդիամաքս

«Առաջին ներկայացումն «Աղետիկ»-ն էր: Սկզբում չէի կարողանում լավ խաղալ, հուզվում էի, բայց ցույց չէի տալիս: Մի քանի ներկայացում խաղալուց հետո վախերս հաղթահարեցի: Հիմա դպրոցից հոգնած գալիս եմ տուն, բայց մոռանում եմ հոգնածության մասին, որովհետեւ գիտեմ, որ կենտրոն եմ գնալու: Էստեղ շատ ուրախ է, չոր ու ցամաք դաս չենք անում, ուսուցիչները շատ լավն են, հավեսով: Կենտրոնն ինձ տալիս է խոսքի իրավունք, համարձակ եմ լինում շփվելուց»:

Մանեն Մանեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Կենտրոնի երեխաները հաճախ են բարեգործական համերգներ ու ներկայացումներ ունենում մարզերում: Բոլոր տիկնիկները երեխաներն են պատրաստում՝ գեղարվեստական ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանի օգնությամբ:

Գրիգոր Հովհաննիսյանն իր սաների հետ Գրիգոր Հովհաննիսյանն իր սաների հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ինչ ինձ հիշում եմ, էստեղ եմ: Էնքան փոքր էինք, որ նույնիսկ հասակներս չէր հերիքում շիրմայի հետեւից տիկնիկները խաղացնելու համար: Ընկեր Հովհաննիսյանն է մեզ պահել, մեծացրել»,- ասում է 16-ամյա Հերմինեն, որի համար թատրոնում անցկացրած ժամերն ամենահետաքրքիրն են օրվա ընթացքում:

 

Նկարչության ուսուցչուհի Ժաննա Առաքելյանն ասում է, որ հաճախ երեխայի նկարներից են հասկանում, որ ընտանիքում խնդիրներ կան: Դրանք քննարկում են հոգեբանի, սոցիալական աշխատողի հետ, հետո սկսում աշխատել երեխայի ու ծնողների հետ:

Ժաննա Առաքելյանը Ժաննա Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կենտրոնի տնօրեն Քնարիկ Գարանֆիլյանն ասում է, որ թեեւ լինում են դեպքեր, երբ ընտանիքը հրաժարվում է համագործակցելուց, բայց հիմնականում իրենց վստահում են, որովհետեւ տեսնում են արդյունքը: Համայնքում զարմացել էին, երբ պարզվել էր, որ դանակահարության, գողության, խուլիգանության դեպքերով ոստիկանությունում հաշվառված տղաները խաղում են թատրոնում ու լավ տիկնիկավարներ են: Խմբակներում ներգրավվելով ու զբաղվածություն ապահովելով՝ կարողացան դուրս գալ հաշվառումից ու փոխել իրենց կյանքի ընթացքը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այդ երեխայի պարագայում ոստիկանը կարող էր ասել՝ այդ սրիկա լակոտը… Ես ասում էի՝ արարքը սրիկայություն է, բայց ինքը սրիկա չէ: Երբ այդ երեխային դպրոցից հեռացնելու խնդիր էր դրված, հանդիպում կազմակերպեցինք, որին մասնակցում էին ոստիկանը, տնօրենը, ուսուցիչները: Տնօրենն ասում էր՝ ինքը պետք է դպրոցը չավարտի: Մենք փորձեցինք բացատրել, որ դա մեծերիս բացթողումն է, որովհետեւ երեխան շատ դրական կողմեր ունի: Մենք երեխային նայում ենք որպես դժվար երեխա, բայց իրականում նա տարբեր պատճառներով հայտնվել է դժվար վիճակում: Մենք պետք է այդ դժվար իրավիճակի հետ աշխատենք, ոչ թե երեխային մերժենք, ասենք, որ այլեւս անկարելի է նրա հետ որեւէ բան անել: Այս հայացքն է պետք փոխել»,- ասում է Քնարիկ Գարանֆիլյանը:

 

«Ընտանիք եւ համայնք» ՀԿ-ն գործում է «Թուֆենկյան» հիմնադրամի աջակցությամբ: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հրավերով 2015-ին սկսել են աշխատել նաեւ Իջեւանում ու Նոյեմբերյանում:

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին